«Վերևից հարցրեք՝ մեզանից ինչ են ուզում ադրբեջանցիք»
Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժն այս գիշեր ավելի ինտենսիվ է կրակել, «Ազատության»-ը փոխանցեց գյուղի բնակիչներից մեկը, նշելով, որ շուտով մեկ ամիս կլինի, ինչ ադրբեջանցիները գիշերը 10:20-ից մինչև լուսաբաց կրակում են:
«Դե ասենք ժամ-ժամ էին կրակում, էս գիշեր ավելի շատ է եղել: 21-ից սկսած ամեն օր էլ կրակում են: Բոլորն էլ գիտեն, բայց ինչ եք անում, ոչ մի բան: Էն վերևից հարցրեք՝ մեզանից ի՞նչ են ուզում էդ ժողովուրդը: Բա անհանգստանում ենք: Մենք ջհանդամ, բա երեխանեը ի՞նչ անեն, բայց ո՞վ է մտածում Խնածախի գյուղացոց մասին: Ոչ մեկը: Երեխաներն էլ արդեն չեն քնում, ասում են՝ կրակոցների ժամն է, տեսնենք կրակում են, նոր գնան պառկենք: Այ էդպես ենք ապրում», - ներկայացրեց բնակիչը:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը, չհերքելով կրակոցների փաստը, դրանք հիմնականում ոչ թիրախային և անկանոն է գնահատում: Կրակոցների չորս շաբաթների ընթացքում երկու անգամ են տեղեկացրել թիրախային կրակոցների մասին, որոնց հետևանքով վնասվել էր Խնածախի մշակույթի տունը և բնակիչներից մեկի տունը:
Ընտանիքի հետ շուրջ մեկ ամիս ադրբեջանական կրակոցների տակ ապրող խնածախցի կինը իշխանություններին հորդորում է քայլեր ձեռնարկել, որպեսզի մարդիկ իրենց տներում հանգիստ ապրելու հնարավորություն ունենան:
«Վերևը պիտի մտածի՝ մենք ինչ անենք, ասի անենք: Կրակը դադարեցնենք, մենք մեր գյուղում խաղաղ ապրենք, էդ ենք ուզում, խաղաղություն ենք ուզում: Քաղաքում ի՞նչ կա, ես գյուղն եմ ուզում ապրեմ, մի խաղաղություն ենք ուզում», - ասաց նա:
Չնայած Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում ադրբեջանական կրակոցները չեն դադարում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանի ամբիոնից վստահեցնում էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիա չի լինելու. - «Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին»:
«Մարդիկ կամաց-կամաց սկսել են դուրս գալ գյուղից»
Վարչապետի այս հայտարարությանը զուգահեռ ամեն գիշեր կրակոցների ձայները հաշվող խնածախցիներն ահազանգում են՝ մարդիկ սկսել են դուրս գալ գյուղից, ովքեր մանկահասակ երեխաներ ունեն, հեռանում են Գորիս կամ Երևան:
«Դուրս են գալիս, էլի, կամաց-կամաց օրը 2-3-ը գնում են: Ի՞նչ պիտի անեն: Խնածախից գնում են Երևան: Մանկապարտեզը, դպրոցը գործում են: Դպրոցում քանի՞ երեխա կա, մեր գյուղում եղել է 500 աշակերտ, հիմա 50 աշակերտ էլ չկա, 10-ը գնացել է, տակը ի՞նչ մնաց», - նշեց բնակիչը:
Խնածախցի մեկ այլ կին, ով 2020-ի 44-օրյա պատերազմից հետո է Արցախից տեղափոխվել այս գյուղ, պատմեց, որ գյուղում մարդիկ անհանգիստ են, ամեն մի թեթև աղմուկից մտածում են՝ գուցե ադրբեջանցիներն են: Ոմանք արդեն իրենց անասուններն են վաճառում՝ գյուղից հեռանալու նպատակով:
«Փաստորեն գյուղում ամեն մի չխկոց, թխկոց՝ վախենում ենք օրը ցերեկով. մեկի տանը փայտ են կտրում, մի քար է ընկնում պատից կամ մի բան, թվում է, թե արդեն թշնամիներն են: Ժողովուրդն արդեն անասուններն են ծախում էժան, տեղափոխվել են ուզում, երեխաները վախենում են», - պատմեց նա:
2020-ի 44-օրյա պատերազմի հետո Սյունիքի մարզի Խնածախ գյուղը շրջապատված է ադրբեջանական դիրքերով, ընդորում՝ այդ դիրքերից մեկը գյուղի տներից ընդամենը 200 մետր հեռավորության վրա է: