Սպիտակ տունը եվրոպացի պաշտոնյաներին տեղեկացրել է մինչև 2025-ի Զատիկը Ուկրաինայում զինադադարի հասնելու իր մտադրության մասին, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Այս տարի թե՛ կաթոլիկները, թե՛ ուղղափառները տոնը նշելու են ապրիլի 20-ին։
Նշվում է, որ այս շաբաթ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև խորհրդակցություններ կկայանան, որոնք ուղղված են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հնարավոր բանակցությունների նախապատրաստմանը։
Թրամփը կիրակի երեկոյան հայտարարել է, որ «շատ շուտով» ծրագրում է հանդիպել Պուտինի հետ։ Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ այդ հանդիպումը կարող է կայանել մինչև փետրվարի վերջը։
Ռուսական «Կոմերսանտ»-ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, նախօրեին հայտնել է, որ Ռիադում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունները հավանաբար տեղի կունենան փետրվարի 18-ին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելում է Սաուդյան Արաբիա։ Այնտեղ է մեկնում նաև ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
Ըստ Bloomberg-ի՝ արևմտյան որոշ պաշտոնյաներ մինչև ապրիլի 20-ը ռազմական գործողությունները դադարեցնելու ծրագիրը չափազանց հավակնոտ են համարում։ Աղբյուրներից մեկը նշում է, որ զինադադարի կնքման ավելի իրատեսական ժամկետ կարող է լինել 2025-ի վերջը։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտոնյաները փոխանցել էին, որ նախագահ Թրամփը բարձրաստիճան թիմ է ուղարկում Սաուդյան Արաբիա՝ բանակցություններ սկսելու Ռուսաստանի և Ուկրաինայի հետ:
Դեռ անորոշ է մնում այդ բանակցություններին Ուկրաինայի նախագահի մասնակցության հարցը: Վլադիմիր Զելենսկին, պատասխանելով Սաուդյան Արաբիայում խաղաղ բանակցությունների վերաբերյալ հարցին, ասել է, որ հրավեր չեն ստացել:
Կիրակի օրը Զելենսկին NBC News-ի հետ հարցազրույցում հասկացնել է տվել, որ երբեք չի ընդունի ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից կնքված խաղաղության համաձայնագիրն առանց Ուկրաինայի մասնակցության: