Սպիտակ տան Մերձավոր Արևելքի հարցերով ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը կիրակի հայտարարել է, որ այսօր՝ ավելի ուշ, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հետ կմեկնի Սաուդյան Արաբիա՝ Ուկրաինայի պատերազմի հարցով բանակցելու:
Fox News-ին տված այս հայտարարությունը առաջին պաշտոնական հաստատումն էր, որ բանակցությունները, որոնց մասին հաղորդվել էր, կկայանան:
«Հուսով եմ, որ մենք իսկապես զգալի առաջընթաց կգրանցենք», - ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտոնյաները փոխանցել էին, որ նախագահ Թրամփը բարձրաստիճան թիմ է ուղարկում Սաուդյան Արաբիա՝ բանակցություններ սկսելու Ռուսաստանի և Ուկրաինայի հետ:
Դեռ անորոշ է մնում այդ բանակցություններին Ուկրաինայի նախագահի մասնակցության հարցը: Վլադիմիր Զելենսկին, պատասխանելով Սաուդյան Արաբիայում խաղաղ բանակցությունների վերաբերյալ հարցին, ասել է, որ հրավեր չեն ստացել:
«NBC News-ի» հարցազրույցում Ուկրաինայի նախագահը հասկացրել է, որ երբեք չի ընդունի ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից կնքված խաղաղության համաձայնագիրն առանց Ուկրաինայի մասնակցության: