Մատչելիության հղումներ

Կիևում հանդիպել են մի շարք երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականները․ Ուկրաինայում ԱՄՆ դեսպան


Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպան Բրիջիթ Բրինքս, արխիվ
Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպան Բրիջիթ Բրինքս, արխիվ

Կիևում կայացել է մի շարք երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հանդիպումը, հայտարարել է Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպան Բրիջիթ Բրինքսը։

Ըստ դեսպանի՝ նրանք քննարկել են Ուկրաինայի հարցով, այսպես կոչված, խաղաղության բանաձևը։

Հանդիպման մասին նախապես չի հայտարարվել, հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում, չի նշվում նաև, թե որ երկրների ներկայացուցիչներ են մասնակցել հավաքին։

Առաջին նման հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարի Դանիայում, որին հաջորդել են հանդիպումներ Սաուդյան Արաբիայում և Շվեյցարիայում։

«Ազատության» ռուսական ծառայությունը նշում է, որ այդ հանդիպումներն առանձնահատուկ են, քանի որ դրանցում ներգրավված են ոչ միայն Ուկրաինային աջակցող արևմտյան երկրների, այլև Մոսկվայի հետ ջերմ հարաբերություններ պահպանող մի շարք չեզոք պետությունների ներկայացուցիչներ։

Նախօրեին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը X-ի իր էջում տեղեկացրել էր, որ Կիևում հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենկսիի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ՝ չնշելով, որ հանդիպել է նաև արտասահմանցի իր գործընկերների հետ։

ԱՄՆ դեսպանը երեկ նաև X-ում գրել է Կիևի ուղղությամբ հարձակումների մասին՝ նշելով, որ «Կինժալ» հիպերձայնային հրթիռը առավոտյան ժամը 5-ին է հասել Կիև, վիրավորվել է 10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա։

«Շնորհակալություն Ուկրաինայի խիզախ օդային պաշտպաններին», - գրել է դեսպանը։

Երեկ Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հաղորդել էր, որ երեկվա հարձակման հիմնական թիրախը եղել է Կիևը, Կիևի մարզում հակառակորդի բոլոր հրթիռները խոցվել են, սակայն հրթիռների բեկորները վնասել են քաղաքացիական օբյեկտները, կան զոհեր։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածը հասցվել է Ուկրաինայի զինված ուժերի «որոշումների կայացման կենտրոններին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG