Մատչելիության հղումներ

ԱՄՆ պաշտոնյաների խումբ է մեկնում Սաուդյան Արաբիա բանակցությունների. Զելենսկին պնդում է՝ հրավեր չի եղել


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սաուդյան Արաբիայում, 17-ը փետրվարի, 2025.
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սաուդյան Արաբիայում, 17-ը փետրվարի, 2025.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բարձրաստիճան թիմ է ուղարկում Սաուդյան Արաբիա՝ բանակցություններ սկսելու Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, ամերիկյան պաշտոնյաները փոխանցել են մի քանի լրատվամիջոցների:

Ըստ այդ հաղորդումների՝ բանակցություններին կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ու Մերձավոր Արևելքի հարցերով բանակցող Սթիվ Ուիթքոֆը: Դեռ անորոշ է մնում այդ բանակցություններին Ուկրաինայի նախագահի մասնակցության հարցը:

Զելենսկին, պատասխանելով Սաուդյան Արաբիայում խաղաղ բանակցությունների վերաբերյալ հարցին, ասել է, որ հրավեր չեն ստացել: «Միգուցե ինչ-որ բան կա բանակցությունների սեղանին, բայց ոչ մեր սեղանին: Ես ոչ մի հրավեր չեմ տեսել», - ասել է նա:

ԱՄՆ պաշտոնյաները լրագրողներին հայտնել են նաև, որ չեն նախատեսում բանակցություններում ներառել այլ դաշնակիցների ներկայացուցիչների:

Եվրոպական երկրների առաջնորդները պատրաստվում են արտակարգ գագաթնաժողով անցկացնել

Եվրոպական երկրների առաջնորդները, մինչդեռ, պատրաստվում են արտակարգ գագաթնաժողով անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ առանց Եվրապայի բանակցությունները «եզակի պահ կլինեն մեր ազգային անվտանգության համար»: Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է մեծ դեր ստանձնի ՆԱՏՕ-ում, աշխատելով Միացյալ Նահանգների հետ Ուկրաինայի ապագան ապահովելու և Ռուսաստանից բխող սպառնալիքին դիմակայելու համար:

Վկայակոչելով եվրոպական դիվանագիտական չորս աղբյուրների՝ Reuters-ը տեղեկացրել էր, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ Փարիզում, որտեղ եվրոպացի ղեկավարները մտադիր են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում ընդհանուր դիրքորոշում մշակել այն մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ վարում է բանակցություններ, որոնց չի մասնակցում Եվրոպան:

Գագաթնաժողովի նախապատրաստման մասին հայտնի էր դարձել շաբաթ երեկոյան, երբ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը «արդեն Փարիզ է կանչում եվրոպացի առաջնորդներին»:

«Նախագահ Թրամփն ունի աշխատանքի մի մեթոդ, որը ռուսները կոչում են հետախուզություն՝ դուք սկսում եք գործել և հետևում եք, թե ինչ է տեղի ունենում, հետո փոխում եք ձեր դիրքորոշումը։ Եվ մենք [Եվրոպան] պետք է արձագանքենք»,- ասել է լեհ նախարարը՝ անդրադառնալով փետրվարի 12-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին։

ԱՄՆ-ն «հարցաթերթ» է ուղարկում ԵՄ երկրներին

Հղում անելով ԵՄ երկրների աղբյուրներին՝ Reuters-ը նաև տեղեկացնում է, որ ԱՄՆ-ն արդեն ԵՄ երկրներին փաստաթուղթ է ուղարկել, որում հարցում է արվում, թե յուրաքանչյուր երկիր ինչպես կցանկանար նպաստել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելուն Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո, ներառյալ Ուկրաինա զորքեր ուղարկելը:

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը գործակալությանը հաստատել է, որ ԱՄՆ-ն, ինչպես ինքն է ձևակերպել, «հարցաթերթ» է ուղարկել ԵՄ երկրներին՝ կապված Ուկրաինային երաշխիքների տալու հարցում նրանց հնարավոր ներդրման հետ: Ըստ նրա՝ եվրոպացիներն այժմ պետք է որոշեն, թե կոնկրետ ինչպես կպատասխանեն «հարցաթերթին», արդյոք դա կլինի առանձի՞ն երկրների պատասխաններ, թե՞ ԵՄ-ի անունից մեկ ընդհանուր պատասխան:

Գործակալության աղբյուրներից մեկը պարզաբանել է, որ ԱՄՆ վարչակազմը ԵՄ երկրներին ընդհանուր առմամբ վեց հարց է տվել, սակայն չի հստակեցրել, թե որոնք ենք այդ հարցերը։ Վաշինգտոնը պաշտոնապես չի հայտարարել «հարցաթերթի» մասին։ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, բազմիցս ընդգծել են, որ ԵՄ երկրները պետք է ստանձնեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները՝ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո: Կիևը պնդում է, որ այդ երաշխիքները տա նաև ԱՄՆ-ն:

Financial Times թերթն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն եվրոպացի դաշնակիցներին առաջարկել է նշել, թե արդյոք պատրաստ են ուղարկել խաղաղապահներ, զենք կամ անվտանգության այլ երաշխիքներ տալ։

Շաբաթ Associated Press-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ եվրոպական մի քանի երկրներ գաղտնի աշխատում են Ուկրաինա զորք ուղարկելու հնարավոր ծրագրի վրա, որոնք ոչ թե պետք է կռվեն, այլ պետք է ծառայեն որպես խաղաղության հնարավոր երաշխավորներ: Գործակալության տվյալներով՝ եվրոպացիները սկսել են դիտարկել այս տարբերակը մոտ մեկ տարի առաջ։ Քննարկումներն ակտիվացել են այն մտավախությունների ֆոնին, որ Դոնալդ Թրամփը կարող է գործարք կնքել Ռուսաստանի հետ առանց Եվրոպայի մասնակցության:

Գործակալությունը նշում է, որ քննարկումներում ամենաակտիվն են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, սակայն ծրագրի մանրամասները հայտնի չեն։ Եվրոպական զորքերի թիվը կախված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի պայմաններից, պարզաբանում է Associated Press-ը:

Զելենսկին կոչ է արել ստեղծել եվրոպական բանակ

Աճող մտահոգությունների ֆոնին, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող օգնել Եվրոպային, Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել ստեղծել եվրոպական բանակ: Նա նաև ասել էր, որ Ուկրաինան «երբեք չի ընդունի մեր թիկունքում ձեռք բերված գործարքները՝ առանց մեր մասնակցության», այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը համաձայնեցին սկսել խաղաղ բանակցությունները։

Բանակցություններին եվրոպացիների մասնակցության մասին

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի արտգործնախարարներ Մարկո Ռուբիոյի և Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության՝ պետքարտուղարը վերահաստատել է Թրամփի հանձնառությունը՝ վերջ դնելու ուկրաինական հակամարտությանը։ Քննարկվել են նաև մի շարք երկկողմ հարցեր։ «Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ռուբիոն և Լավրովը փաստացի արդեն պատրաստում են Թրամփ-Պուտին հանդիպումը:

Ըստ Bloomberg-ի՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի վերջին: Գործակալության տվյալներով՝ հաջորդ շաբաթ երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները կհանդիպեն Սաուդյան Արաբիայում՝ նախապատրաստելու Պուտինի և Թրամփի հանդիպումը, որի գլխավոր թեման կլինի Ուկրաինայի պատերազմը։

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը երեկ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ասել է, որ Ուկրաինա-Ռուսաստան խաղաղության ծրագիրը կներկայացվի «շաբաթների կամ նույնիսկ օրերի ընթացքում»: Քելլոգը նշել է, որ հույժ կարևոր հարցերի վրա արագ աշխատելը համապատասխանում է Թրամփի ոճին: «Նախագահը մի օր ձեզ առաջադրանք է տալիս, իսկ հաջորդ օրը հարցնում է, թե ինչու դա դեռ չի արվել»,- ասել է ամերիկացի պաշտոնաթող գեներալը՝ հավելելով, որ խաղաղության ծրագրի նախապատրաստումը «ժամանակ կպահանջի, բայց ես չեմ խոսում վեց ամսվա, այլ օրերի կամ շաբաթների մասին»։

Քելլոգն ընդգծել է, որ ԱՄՆ-ի համար կարևոր է, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի «տևական և կայուն խաղաղությամբ»։ «Իհարկե, ուկրաինացիները կլինեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Քելլոգը։

Սակայն բանակցություններին ԵՄ ներկայացուցիչների անմիջական մասնակցություն, ինչպես պարզ է դառնում նրա խոսքերից, չի նախատեսվում։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի ներկայացուցչի խոսքով, ինքը ներկայումս քննարկումներ է անցկացնում եվրոպացի առաջնորդների հետ և հավաքում նրանց առաջարկները, որպեսզի բանակցությունների ընթացքում հաշվի առնվեն նաև եվրոպական շահերը։

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել էր, որ Եվրոպան կաջակցի Ուկրաինային, եթե այն դեմ լինի ԱՄՆ-ի բանակցած խաղաղության համաձայնագրին: Եվրոպայի թիկունքում ցանկացած գործարք չի աշխատի, քանզի ցանկացած համաձայնագրի շուրջ բանակցություններին պետք է մասնակցեն թե՛ Ուկրաինան, թե՛ Եվրոպան, ասել էր եվրոպացի պաշտոնյան:

«Առանց մեզ բանակցությունների սեղանի շուրջ կարող եք պայմանավորվել ինչի շուրջ որ ցանկանաք, սակայն դա պարզապես կձախողվի, քանզի դրա իրականացումը հնարավոր չէ: Ցանկացած արագ լուծում կեղտոտ գործարք է, ինչպես տեսել ենք նախկինում [...], և այն պարզապես չի աշխատի [...]: Եթե Ուկրաինան որոշի դիմադրել, Եվրոպան կաջակցի Ուկրաինային», - հայտարարել էր Կալլասը:

XS
SM
MD
LG