Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում դժգոհեց՝ Բաքվում Արցախի նախկին երեք նախագահներին են դատում, Երևանում՝ իրեն: Դատավորը հորդորում է մեկը մյուսի հետ չկապել:
2008-ի մարտի 1-ի հետընտրական իրադարձությունների գործով հերթական նիստին երկրորդ նախագահը սահմանափակվեց այս հայտարարությամբ: Նախորդ նիստերին դատախազը պաշտոնական լիազորություններն անցնելու համար մեղադրանք էր ներկայացրել Քոչարյանին ու նրա նախկին երկու ենթականերին՝ 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովին և զինված ուժերի շտաբի պետ Սեյրան Օհանյանին:
Դատախազը նոր մեղադրանք ներկայացրեց Արմեն Գևորգյանին
Այսօր էլ նույն արարքին օժանդակելու համար դատախազ Հայկ Հովհաննիսյանը մեղադրանք ներկայացրեց նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին:
«Օգտագործելով իր պաշտոնեական դիրքը և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից լիազորություններն անցնելուն», - նշեց դատախազ Հայկ Հովհաննիսյանը:
Դատավորը դեռ պետք է հաստատի այս մեղադրանքը: Հաստատելու դեպքում կսկսվի բուն դատաքննությունը:
Դատախազներն այսօր էլ ընթերցեցին 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների մասին իրենց եզրահանգումները, ըստ որոնց՝ նախագահ Քոչարյանի ստորագրած 0038 հրամանով զինված ուժերը, այդ թվում՝ Արցախից, տեղակայվել էին Երևանում, բանակը բերվել էր մարտական ռեժիմի, անօրինական հաստատված արտակարգ դրությունը վերածվել էր ռազմական դրության, իսկ հավաքներն ուժով ցրելու գործողություններն ի վերջո հանգեցրին տասը զոհի:
«Կատարել են ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս դիտավորյալ գործողություններ Զինված ուժերի, ապօրինի զինված քաղաքացիական անձանց հետընտրական քաղաքական հարցերում հանցավոր ներգրավմամբ և այդ ապօրինի գործողություններով կոպիտ կերպով խախտել են սահմանադրական կարգը, քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները», - հայտարարեց դատախազը:
Դատախազների եզրակացությունները իշխանությունների գնահատականներն են մարտյան իրադարձությունների վերաբերյալ. փաստաբան
Մարտի 1-ի գործով մեկ շրջապտույտ անցնելուց հետո Քոչարյանն ու մյուսները շարունակում են պնդել՝ իրենք մեղավոր չեն 10 հոգու կյանք խլած գործողությունների համար:
«Ե՛վ ընթացակարգային առումով, և՛ էդ ժամկետայնության, բոլոր առումներով էս մահացած գործը վերակենդանացման փորձ է կատարվում անել՝ օրենքով չսահմանված կարգով: Ցանկացած դրվագային առումով, որ մենք նայում ենք, մենք չենք կարող օրենքի մեջ գտնենք, որ՝ այո, այս պրոբլեմի դեպքում այս կարգավորումը կա», - նշեց փաստաբան Միհրան Պողոսյանը:
Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը նիստից հետո պնդեց՝ դատախազների եզրակացությունները գործող իշխանությունների գնահատականներն են մարտյան արյունալի իրադարձությունների վերաբերյալ:
«Գործող Երևանի կայազորի պետը եթե հրամանով ենթադրենք, ինչ-որ զորք է գալիս ու իր ղեկավարությանն է հանձնվում, ի՞նչ գործողություն պետք է իրականացնի, եթե ինքը, ինչը նկարագված էր այսօրվա մեղադրանքներում էլ երևում է, կազմակերպել է էդ զորքի տեղակայումը և այլն, եթե այդ գործողությունները չկատարեր, իրեն կմեղադրեին հրաման չկատարելու համար», - ասաց փաստաբանը:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մյուս փաստարկն էլ այն է, որ Մարտի 1-ի գործով իրենք 2021-ին արդեն արդարացվել են, երբ Սահմանադրական դատարանն անօրինական ճանաչեց իրենց առաջադրված սահմանադրական կարգի տապալման հոդվածը: Սա, ըստ նրանց, նշանակում է, որ գործը չպետք է հասներ Հակակոռուպցիոն դատարան, պետք է փակվեր, իսկ արդարացման որոշումն էլ ուժի մեջ պետք է մտներ:
Մինչդեռ դատախազությունը հիմնվում է Վճռաբեկ դատարանի՝ ամիսներ առաջ կայացրած որոշման վրա: Այս դատարանը բեկանել էր արդարացման որոշումն ու գործն ուղարկել հետ՝ նոր քննության: Հաջորդ դատական նիստը փետրվարի 25-ին է: