Մատչելիության հղումներ

Վեճ, քաշքշուկ՝ ՔՊ-ի և «Մայր Հայաստան»-ի միջև Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում


Երևանի ավագանու արտահերթ նիստը, որը հրավիրվել էր վաղվանից թանկացող հանրային տրանսպորտի նոր՝ 150 դրամ սակագինը քննարկելու հարցով, քաղաքային իշխանության և ընդդիմադիրների միջև կրքեր բորբոքեց։

Վեճ, քաշքշուկ՝ իշխող ՔՊ-ի և ընդդիմադիր «Մայր Հայաստան»-ի միջև, ընդմիջումից հետո կարմիր բերետավորների մուտքն էլ ավելի թեժացրեց իրավիճակը։ Իրավապահները ուժով դուրս հանեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ լեզվակռվի բռնված «Մայր Հայաստան»-ի անդամ Սամվել Հակոբյանին և թիմակիցներին։

Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը տեղեկացրեց, որ չեն պատրաստվում մասնակցել այս քննարկմանը պայմաններում, երբ իրենց գործընկերոջ նկատմամբ փորձում են բիրտ ուժ կիրառել:

Փոխադարձ վիրավորանքների պատճառ դարձավ 300 դրամ արժեքով մեկանգամյա ուղևորության տոմսը, որի շուրջ ընդդիմադիրների մեկնաբանությունը քաղաքային իշխանությունը մանիպուլյացիա է որակում: Ընդդիմադիրները, մինչդեռ, պնդում են՝ իշխանությունն է ժողովրդին մոլորեցնում:

«Մարդիկ հասկանում են մի բան, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ինքն իրեն խայտառակում է, որովհետև մի ամիս առաջ այստեղ «Քաղաքացիական պայմանագիրն» ու իրեն սպասարկող ուժերը, այդ թվում՝ «Հանրային ձայնը» միաձայն ասում էին՝ կա հստակ հաշվարկ, կան թվեր, մենք մի կոպեկ ավելի չենք ուզում գանձել, սա թանկացում չի, նվազագույն թիվն է, որը պետք է, որ տրանսպորտային համակարգը կարողանանք պահպանել, 30 օր հետո գալիս ասում եք՝ սահմանում ենք 150 դրամ», - նշեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը:

«Մայր Հայաստանից» Արմենակ Դանիելյանն էլ ասաց, - «Մեկանգամյա ուղևորության փաթեթը կամ տոմսի արժեքը 300 դրամ էր, այսինքն, եթե մարդը 3 անգամ չի երթևեկելու էդ օրը, մեկ անգամ է երթևեկելու, ինչքա՞ն էր վճարելու, 300 էր չէ՞ վճարելու, էդ 300-ի տեղը բերել եք 150 դրամ, դա է կիսվել նկատի ունեմ»:

Չնայած ակնհայտ թանկացմանը՝ զեկուցող փոխքաղաքապետի պնդումը մեկն էր՝ տրանսպորտի գինը չի բարձրացել, վերանայվել է մոտեցումը, ընդունեց, որ հաշվի են առել քաղաքացիների դժգոհությունը:

«Ամենամատչելի տոմսը թե՛ էսօրվա որոշումից առաջ, թե՛ հետո, մենք պնդում ենք, որ ամսական տոմսն է լինելու, թե՛ ակցիայի շրջանակներում, թե՛ անգամ դրանից հետո 300 դրամը չի», - նշեց Գրիգորյանը:

Արտահերթ նիստի քվորումն ապահովեցին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» ու «Հանրային ձայն» խմբակցությունները: 2 ժամից ավելի տևած քննարկումից, քաշքշոցից, բղավոցներից հետո 33 կողմ ձայնով ավագանին որոշեց, վաղվանից առաջարկվող մյուս փաթեթների հետ միասին նաև 1 ուղևորության համար 150 դրամ սակագինը կգործի։ Հավելյալ 30 օր ժամկետ է նաև տրվելու հունվարի 1-ից փետրվարի 28-ը ձեռք բերված տոմսերի համար: Փետրվարի 11-ին Երևանի ավագանին նոր նիստ կգումարի և նոր փոփոխություններ կառաջարկի:

Փետրվարի 11-ի հերթական նիստում առաջարկվող փոփոխություններցի մեկն էլ վերաբերելու է 300 դրամանոց տոմսին, որի օգտագործման ժամկետը ներկայիս 90 րոպեի փոխարեն կդառնա 180 րոպե։ Չնայած այս փոփոխություններին, այսօրվա արտահերթը բոյկոտած «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները շարունակում են պահանջել մյուս փաթեթների կողքին պահպանել նաև այս պահին գործող 100 դրամ սակագինը:

XS
SM
MD
LG