Այսօրվանից ուժի մեջ են մտնում տրանսպորտի ավելի բարձր սակագները: Մեզ հանդիպած ուղևորները հիմնական երկու խմբի էին բաժանվում՝ վճարողներ ու չվճարողներ: Թե քաղաքացիների որ մասն է վճարում, որը հրաժարվում, այս պահին դժվար է գնահատել. օրը ոչ աշխատանքային էր, ուղևորահոսքը մեծ չէր:
Թանկացած տրանսպորտից օգտվեցինք մի քանի անգամ, հակադիր կարծիքներ լսեցինք:
Ավտոբուսի ու մետրոյի մեկ ուղևորության տոմսը թանկացել է 50 դրամով, տրոլեյբուսների դեպքում, սակայն, գնաճը եռակի է: Երեկ քաղաքացիները 50 դրամով էին երթևեկում, այսօր արդեն տրոլեյբուսին նույնպես 150 դրամ են վճարում: Հատկապես տորելյբուսում տոմս չունեցողները քիչ չէին: Մարդիկ պարզապես առաջանում էին և նստում, մեզ հանդիպած վարորդները որևէ կերպ չէին արձագանքում:
Թանկացումներից հատկապես դժգոհ են ընտանիքում երեխաներ ու ուսանողներ ունեցողները, ընդգծում են՝ սա ծնողների համար մեծ ֆինանսական բեռ է:
Մեզ հանդիպած շատ քաղաքացիներ էլ առայժմ նախորդ օրերին ձեռք բերված տոմսերով ու փաթեթներով էին երթևեկում:
Անցնող շաբաթներին թանկացման դեմ ակցիաներ իրականացնող ընդդիմադիրներն էլ վաղ առավոտից հանրային տրանսպորտով էին շրջում՝ կոչ անելով լսել իրենց:
Ընդդիմադիրները պահանջում են գործող փաթեթներին զուգահեռ պահպանել 100 դրամ սակագինը՝ պնդելով, որ քաղաքային իշխանությունն ի վիճակի է իր եկամուտներից սուբսիդավորել թանկացումը:
Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երեկոյան ամփոփեց ակցիաների առաջին օրը, հայտարարեց՝ փաստացի մարդկանց պահանջն իրականություն է, քաղաքացիները առանց թանկացած տոմսեր գնելու հանգիստ երթևեկում են:
Ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, մինչդեռ, Ազատության հետ զրույցում պնդեց՝ քաղաքացիները կոչերին չեն տրվում ու վճարում են: Գալջյանն առանց փակագծեր բացելու հայտարարում է՝ չվճարողները հետագայում տուգանվելու են, բայց ոչ այս շրջանում:
«Էս պահին հսկիչներն այլ գործառույթ են անում, երբ որ զգան, որ քաղաքացիներն ամբողջապես տիրապետում են միասնական տոմսային համակարգին, փաթեթ գնելու ձևին և կտեսնենք, որ անցանք էս մի քանի օրը, և կտեսենք, որ կան միտումնավոր չվճարող մարդիկ և պարտաճանաչ մարդիկ ուղղակի վատ դրության մեջ են հայտնվելու, որ մեկը չի վճարում էդտեղ արդեն պետք է վրա հասնեն որոշակի գործողություններ», - նշեց Գալջյանը:
Ի՞նչ գործողություններ են դրանք, արդյոք քաղաքապետարանը պատրաստվում է հսկիչներին նաև տուգանելու լիազորություն տալ, արդյոք որոշումնե՞ր են ընդունվելու կամ օրենքներ են փոխվելու այդ նպատակով, իշխանությունը չի հստակեցնում, իսկ ընդդիմադիրները պնդում են՝ քաղաքային իշխանությունը նման լիազորություն չունի:
Քաղաքային իշխանություններն առայժմ թվեր չեն հրապարակում, թե այսօր քանի մարդ է օգտվել տրանսպորտից: Ավագանու իշխող խմբակցության ղեկավարի խոսքով՝ ցուցանիշները առաջիկայում կներկայացվեն: