Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կրակոցների ձայները Վարդենիսից ու Մովսեսից էլ են վերջին օրերին լսվել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Սյունիքի սահմանային գյուղերում երրորդ շաբաթն անընդմեջ կրակոցների մասին հաղորդումներից հետո այսօր արդեն նաև Գեղարքունիքի Վարդենիսից են հաստատում՝ մի քանի օր է՝ դարձյալ ադրբեջանական զինուժն ակտիվացել է։ Համայնքի կազմում ընդգրկված Կութի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանն «Ազատությանը» հայտնեց՝ միայն ձայներ են լսում:

Պաշտոնյան, սակայն, շեշտեց, թե կրակոցները գյուղի ուղղությամբ չեն. «Գյուղում վնասված ինչ-որ շինություն կամ անասուն, բնակիչ մանավանդ չի եղել, վիրավորում չի եղել, բայց կրակոցներ լսվել են»:

Ըստ Ավագյանի՝ միայն գիշերային ժամերին են հնչում կրակոցները։ Երկու օր առաջ կրակոցները լսելի են եղել նաև Տավուշի մարզի սահմանային Մոսվսես գյուղում: Դրանք, վարչական ղեկավար Արմեն Փոլադյանի խոսքով, անհայտ ուղղությամբ են եղել, վնասներ չկան:

Արդեն 20 օր է՝ կրակոցները չեն դադարում Սյունիքի մարզի երկու սահմանային Խնածախ ու Խոզնավար գյուղերում։ Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի խոսքով՝ վերջին շրջանում փոքր-ինչ նվազել է դրանց պարբերականությունը։

Օրեր առաջ՝ մարտի 31-ին, Խնածախում կրակոցներից բնակելի տներից մեկի պատուհանն ու պատն էր վնասվել։ Պաշտպանության նախարարությունը միայն այդ ժամանակ հայտնեց Սյունիքում կրակոցների մասին։ Ռազմական կառույցից հիմնավորում են՝ հաղորդում են այն խախտումները, որոնք ուղղված են Հայաստանի տարածքին, նպատակային ու թիրախային են։

Այս նույն ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հայկական կողմին է մեղադրում իր դիրքերը թիրախավորելու համար, ինչը Երևանը կտրականապես հերքում է։ Անցած շաբաթավերջին էլ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, անդրադառնալով իբրև ադրբեջանական դիրքերի »կանոնավոր գնդակոծություններին», զինվորականներին հանձնարարել էր պատրաստ լինել «ցանկացած սադրանքի օպերատիվ արձագանքելու համար»։

Հերքելով Բաքվի մեղադրանքները՝ հայկական կողմը պարբերաբար հիշեցնում է հրադադարի խախտման հետաքննության համատեղ մեխանիզմն ստեղծելու առաջարկը, որին Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս չեն արձագանքել։ Ռազմական գերատեսչությունը նաև հայտարարում է, որ պատրաստ է հետաքննել հրադադարի խախտումների մասին Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք Երևանին փոխանցելու պարագայում։


XS
SM
MD
LG