«Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը», - Մահաթմա Գանդիի այս խոսքերը մեջբերելով՝ Արարատ Միրզոյանը Նյու Դելիում անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին:
Հնդկաստան պաշտոնական այցի մեկնարկին հանդես գալով հնդկական վերլուծական կենտրոններից Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում, Հայաստանի արտգործնախարարը մի կողմից նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այսօր, ավելի քան երբևէ, մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որ համաձայնել են սահմանազատում անցկացնել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ու նույնիսկ 12 կիլոմետր արդեն սահմանազատել են, բայց մյուս կողմից էլ նշել է, որ Ադրբեջանը Հայաստանի կառուցողական մոտեցումներին ի պատասխան նույնպիսի կառուցողականություն չի ցուցաբերում:
«Հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում մենք Ադրբեջանին ներկայացրել ենք կոնկրետ, փոխշահավետ առաջարկներ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որոնց իրականացման արդյունքում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կարող են ապրանքներ փոխադրել միմյանց երկաթուղային ենթակառուցվածքով։ Բացի այդ, տարածաշրջանային կայունության և կանխատեսելիության ապահովման նպատակով, մենք ներկայացրել ենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման և ստուգման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկ։
Ցավոք, մենք չենք կարող փաստել, որ մեր կառուցողական մոտեցումը լիովին փոխադարձվում է Ադրբեջանի կողմից։ Ավելին, մենք շարունակում ենք լսել բարձր մակարդակի հրապարակային հայտարարություններ և նարատիվներ, որոնք ենթադրում են ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներ՝ ներառյալ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջոցով», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:
Միրզոյանն անդրադարձել է նաև Բաքվում պահվող հայ գերիներին, շեշտելով՝ չլուծված հումանիտար խնդիրները խոչընդոտում են խաղաղության գործընթացին:
«Մինչ մենք խոսում ենք այստեղ, Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի ունենում՝ անտեսելով մարդու իրավունքների չափանիշները և պատշաճ դատական գործընթացը։ Ամբողջական կարգավորման և տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասարակություններին պատրաստել հաշտեցման. չլուծված հումանիտար խնդիրները կարող են միայն խանգարել այդ գործընթացին», - ընդգծել է նախարարը:
Ի դեպ, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ խաղաղության գործընթացին ու իրենց տեսակետից դրան խանգարող հանգամանքներին անդրադարձել է Ղազախստանում՝ այդ երկրի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, նշելով, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը Հայաստանի Սահմանադրության շրջանակներում «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունն է, Հայաստանի սպառազինումը և ռևանշիզմի միտումը»:
Պաշտոնական Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվին՝ նշելով, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ, սպառազինություն գնելը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի հարևանի նկատմամբ:
Արարատ Միրզոյանն այս մասին խոսել է նաև հնդկական պարբերականներից մեկին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ պաշտպանական ոլորտում Հնդկաստանի հետ համագործակցությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ.
«Ակնհայտորեն, պաշտպանությունն այն ոլորտներից է, որտեղ մենք շատ սերտ համագործակցում ենք Հնդկաստանի հետ։ Եվ կարծում եմ, որ այս համագործակցությունը շարունակաբար խորանալու միտումներ ունի: Բայց ուզում եմ նշել, որ այս համագործակցությունը, ու, մասնավորապես, հնդկական արտադրության տեխնիկան չի գնվում այն երրորդ կողմի դեմ օգտագործելու նպատակով: Դուք հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանն ունի խաղաղության օրակարգ։ Մենք խաղաղության բանակցություններ ենք վարում մեր արևելյան հարևանի հետ և ընդհանուր առմամբ, մենք շատ կենտրոնացած ենք խաղաղության և կայունության հաստատման և մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման վրա։ ՄԵնք բարեփոխումներ ենք անում պաշտպանության ոլորտում, բանակում, և հետաքրքրված ենք թե՛ այս ոլորտներում Հնդկաստանի փորձով, թե՛ Հնդկաստանի արտադրած տեխնիկայով: Բայց կրկին նշեմ, որ սա Հայաստանի պաշտպանական համակարգը բարեփոխելու համար է, և որևէ երրորդ կողմի դեմ ագրեսիայի ու այդ համակարգերն օգտագործելու մտադրություն չկա»:
Արտգործնախարարի հետ հարցուպատասխանի ժամանակ հարցերի մի մասը արտաքին քաղաքականության ուղղությունների և վստահելի գործընկերների մասին էր: Հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը հավասարակշռում իր հարաբերությունները ավանդական ու նոր գործընկերների հետ, ինչպիսիք Ռուսաստանն ու Եվրոպական միությունն են, Արարատ Միրզոյանն արձագանքել է. - «Վերջին 4 -5 տարիներն են ցույց տվել, որ չենք կարող հույս դնել ու սահմանափակվել բացառապես ավանդական գործընկերների հետ հարաբերություններով: Ուստի մենք որոշեցին ավելի բազմազան դարձնել մեր քաղաքական ու տնտեսական կապերը, որպեսզի ունենանք ավելի հավասարակշռված ու հավասարակշռող արտաքին քաղաքականություն, ու եթե անկեղծ լինենք, հենց այդ տեղից սկսվեց մեր նոր գործընկերությունը Հնդկաստանի հետ, նաև Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ, և իհարկե մենք պահում ենք մեր սերտ կապերը նաև Ռուսաստանի հետ՝ մենք նույն տնտեսական միության մեջ ենք և շատ մեծ առավելություններ ենք ստանում այս միությունից: Բայց էլի կրկնեմ՝ չենք սահմանափակում մեզ միայն մեկ ուղղությամբ»:
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է նաև Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, երկուսն էլ կարևորել են հայ-հնդկական զարգացող հարաբերությունները, իսկ Ջայշանկարը նաև նկատել է, որ այդ հարաբերությունները դարերի պատմություն ունեն, հիշելով, որ առաջին հայերեն պարբերականը տպագրվել է հենց Հնդկաստանում: