«Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ դրանից հեռացնելով Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները», - այսօր Բաքվում, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Իլհամ Ալիևի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Տևական ժամանակ է՝ ադրբեջանցի պաշտոնյաները պահանջում են Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին: Բաքուն այն իր երկրի նկատմամբ տարածքային պահանջ է համարում։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ:
Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի շարունակվող պահանջների ֆոնին անցած տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց մինչև 2026 թվականի ավարտը նոր Սահմանադրության նախագիծ մշակել միևնույն ժամանակ մերժելով պնդումները, թե Հայաստանի Սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով։
«Եթե Երևանը խաղաղություն է ցանկանում, պետք է համագործակցի դատական պրոցեսի հետ»
Ադրբեջանցի պաշտոնյան այսօր նաև նշել է, որ եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, «պետք է համագործակցի Բաքվում ընթացող դատական պրոցեսի հետ»։
«Առկա են նաև այնպիսի անհատներ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել մարդկության և ադրբեջանցի ժողովրդի դեմ Հայաստանի տարածքում։ Նրանք ևս պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն», - APA գործակալության փոխանցմամբ, նշել է Հաջիևը։
Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
Իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ից Բաքվի բանտում հացադուլ է հայտարարել: Նրա ամերիկացի փաստաբանը հայտարարում է, որ «քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է Ադրբեջանում»:
Երևանում բողոքի ցույցեր են մեկնարկել՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայերի։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը հորդորել է Բաքվին անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին։ «Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն», - հայտարարել է Տյուրկը։