Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի բացառում, որ նոր Սահմանադրության նախաբանից հանվի Անկախության հռչակագրի հղումը: Սա այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը սահմանազատման կանոնակարգի հարցը քննելիս արձանագրել է՝ մայր օրենքի նախաբանն անփոփոխելի է:
«Այս հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չունենք: Բայց կլինի, թե չի լինի այն արտահայտությունը, որ այսօր կա տեքստում, մեր իրական կյանքում որևէ բան չի փոխել», -ասաց նախարարը:
Անկախության հռչակագրում Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա: Բաքուն սա մեկնաբանում է որպես տարածքային նկրտում Ադրբեջանի նկատմամբ և պահանջում փոխել այն:
Վարչապետ Փաշինյանն ու թիմակիցները հակադարձում էին, թե Մայր օրենքի փոփոխությունը երկրի ներքին գործն է, այդուհանդերձ սեպտեմբերին հարցին անդրադարձավ Հայաստանի Սահմանադրական դատարանը՝ արձանագրելով, որ 1990-ին ընդունված հռչակագիրն իրավական նշանակություն չունի:
Իշխանությունն արդեն փորձեց Բաքվի մտահոգությունները փարատել՝ հղում անելով հենց այդ որոշմանը և պնդելով, թե բարձր դատարանը հարցը փակել է: Ադրբեջանին, սակայն, ո՛չ Նիկոլ Փաշինյանի խոսքը, ո՛չ էլ ՍԴ-ի որոշումը չհամոզեցին: Երեկ արդեն վարչապետը հստակ խոսեց հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունելու մասին՝ նշելով, որ նախորդները լեգիտիմության պակաս ունեն:
«Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- ասաց նա:
Թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության շարքերից արդեն հայտարարում են՝ Նիկոլ Փաշինյանը մարդկանց համար անհասկանալի փաթեթավորմամբ որոշել է բավարարել Ադրբեջանի պահանջը ու փոխել Սահմանադրությունը: Հայաստանի քաղաքացիները պետք է մերժեն Փաշինյանի և Ալիևի օրակարգը, շեշտում է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Այդ Սահմանադրություն ասածը պետք է բոյկոտել: Բոյկոտ, գնալ, դեմ քվեարկել, բայց Ալիևի պահանջը չպետք է անցնի», - նշեց Արթուր Խաչատրյանը:
Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ևս համամիտ է, որ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի օրակարգով է առաջնորդվում: Իսկ որպեսզի այն տապալվի, քաղաքական ուժերն ու քաղաքացիները, ըստ նրա, պետք է միասնական գործեն:
«Որպեսզի Փաշինյանական իշխանությունն ադրբեջանական օրակարգը սպասարկելու ճանապարհին հնարավորություն չունենա մեր ժողովրդին տանելու նոր փորձությունների ճանապարհով: Այդ հանրաքվեի իրականացման ժամանակ մեր քաղաքացին ունի երկու անելիք՝ գնալու և դեմ արտահայտվելու իր քվեարկության, երկրորդը, որ նաև քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների խնդիրն է, պաշտպանել մեր քաղաքացիների քվեն», - ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա ուղերձում հատուկ ընդգծեց, թե ինքը նոր Սահմանադրություն ունենալու մասին խոսել է դեռ 2020-ի փետրվարին: Անցած 7 տարիներին, սակայն, Փաշինյանի թիմը միայն սահմանադրական փոփոխությունների փորձեր է արել այն էլ երբ ներքաղաքական լարվածություն է եղել: Երեկ վարչապետը, այսօր էլ արդարադատության նախարարը այդպես էլ հստակ չբացատրեցին՝ նոր Սահմանադրություն ունենալու հիմնական պատճառը որն է:
Սրբուհի Գալյանը հայտնեց՝ նոր Սահմանադրության տեսքտը պատրաստ կլինի մինչ 2026 թվականի ընտրությունները և ամենայն հավանականությամբ հանրաքվեի կդրվի ընտրություններից հետո: Բաքվից Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը համարում են խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր նախապայման: