Մատչելիության հղումներ

Փաշինյանն անմեղության կանխավարկած է խախտում. Գյումրիի երկու նախկին քաղաքապետերն արձագանքում են վարչապետին

Լրացված

Գյումրիի երկու նախկին քաղաքապետերն արձագանքում են վարչապետի պնդմանը, թե այս ամիս կայանալիք ընտրություններին ինքնահայտարարագրվածները՝ «դուրս են եկել իրենց գողացած գույքերը պաշտպանելու վերջին կռվին և ճակատամարտին»: Սամվել Բալասանյանն ու Վարդան Ղուկասյանն ասում են՝ Նիկոլ Փաշինյանն անմեղության կանխավարկած է խախտում, ուղղորդում դատարաններին:

«Եթե ինքը նմանատիպ հայտարարություն է անում, նշանակում է ինքը ստիպում է դատավորներին և մնացածին, որ բացասական որոշում կայացնեն, այսինքն, ևս մի ոչ դեմոկրատական քայլ, որ անում է դատաիրավական ոլորտի նկատմամբ», - նշեց Ղուկասյանը:

ԱՄՆ-ում գտնվող ու Գյումրիի պատմական Սև բերդի հողատարածքների ապօրինի օտարման համար մեղադրվող Սամվել Բալասանյանը գրավոր է պատասխանել վարչապետի մեղադրանքներին:

«Սև Բերդ» ամրոցը մեր ընտանիքը ձեռք է բերել նախկին սեփականատիրոջից, այլ ոչ թե համայնքից: Այնպես որ, «Սև Բերդ» ամրոցը չի կարող դառնալ քո սիրելի #հատիկառհատիկի կոնտենտ և հայտնվել «Ռենջ ռովեռ»-ի կողքին: Այդ անձը խոսեց «վերջին բոյի» մասին, ասեմ որ վերջին բոյ պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սև Բերդ»-ի դեմ», - նշել է Սամվել Բալասանյանը:

Մինչդեռ վարչապետ Փաշինյանը, որ երեկ Գյումրիում էր աջակցելու իրենց քաղաքապետի թեկնածուին, կուսակցական ելույթում, ինչպես նախորդ համապետական ընտրությունների քարոզարշավում, շեշտը դարձյալ դրել էր նախկինների ու նրանց ենթադրյալ թալանի վրա: Անգամ գումարի չափ ու անուններ հնչեցրեց, թե ովքեր են պատրաստվել վերջին ճակատամարտին:

«Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասվում է վերադարձի Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին ի սեփականություն: Ընդ որում՝ հայտնի է, ումն են այդ գույքերը, դրանք Միշիկի գույքերն են, դրանք Վարդանիկի գյուքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են, դրանք Սերժիկի գույքերն են», - հայտարարել է վարչապետը:

Կոմկուսի ցուցակով ընտրապայքար մտած Վարդան Ղուկասյանը չի ընդունում իրեն վերագրվող պաշտոնական դիրքի չարաշահման, փողերի լվացման ու ապօրինի հարստացման մեղադրանքները: Գլխավոր դատախազությունը նրանից և նրա հարազատներից պահանջում է բռնագանձել 17 անշարժ գույք, մեկ ավտոմեքենա, ավելի քան 222 միլիոն դրամ: Մտավախություն չունի, որ վարչապետի հայտարարությունը իր գույքի բռնագանձման գործընթացը կարագացնի:

«Ասենք բռնագանձեցին, իմ ինչը բան եղավ, գույք է էլի, որ մահացանք էդ գույքը հետներս ենք տանելո՞ւ, մերկ եկել ենք, մերկ էլ գնալու ենք: Ես էնքան բան եմ կորցրել, էնքան բան եմ գտել: Աշխատող տղերք ենք, հետո հո իրանով չի, իրանից հետո օրեր կան», - ասաց Վարդան Ղուկասյանը:

Իսկ «վերջին ճակատամարտի» մասին վարչապետի դիտարկման մասին ասում է. - «Ես չգիտեմ, թե ինչ ճակատամարտի մասին է խոսքը: իր համար հավանական է, որովհետև եթե ինքը ստեղ պարտվում է, ինքը ամեն ինչ կորցնում է»:

Մեղադրանքը չի ընդունում նաև Սամվել Բալասանյանը: Անցած հոկտեմբերին նրա ու մտերիմների դեմ հարուցված վարույթից հետո Գյումրիի իշխող «Բալասանյան» դաշինքը առանց որևէ բացատրության հրաժարական տվեց, ինչի հետևանքով էլ ի վերջո երկրորդ քաղաքում արտահերթ ընտրություններ նշանակվեցին:

Սամվել Բալասանյանն այդ իրադարձություններից մոտ կես տարի անց առաջին անգամ է խախտում լռությունը, իր ծավալուն արձագանքում անգամ քաղաքական հայտարարություն է անում՝ գյումրեցիներին կոչ անելով՝ «մասնակցել արտահերթ ընտրություններին՝ մինուս մեկ ձևաչափով, և մերժելով ազգին սև ու սպիտակի բաժանած խմբակին և նրանց դրածոյին»:

Այս հայտարարության պատասխանն էլ չուշացավ: Թեև Բալասանյանն ու նրա մերձավորներն այս ընտրություններին չեն մասնակցում, բայց Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը պնդեց, թե Բալասանյանը ևս ընտրապայքարում է. - «Նույն ոճով, նույն սկզբունքներով և նույն նպատակներով, ինչպես այս ընտրություններին սեփական դեմքերով չմասնակցող նախկին նախագահները»:

Իսկ Վարդան Ղուկասյանը դիմեց Գյումվրա հին առածի օգնությանը. - «Ինչ բրդես չանխդ, դեմ գուկա գդալդ: Ինչ արել ես, քո դեմը պիտի Աստված բրի անպայման»:

XS
SM
MD
LG