Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում հայտարարեց, որ տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու «ինքնահայտարարագրվածները» մեկ նպատակ ունեն՝ պաշտպանել «իրենց թալանածը»:
«Նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունն ունի մի համատեքստ՝ նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին և ճակատամարտին», - «Քաղաքացիական պայմանագրի» միջոցառմանը ասաց վարչապետը:
Նա ընտրությունների մասնակիցներից միայն նախկին քաղաքապետ, Կոմկուսի ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանի անունը տվեց: Սակայն, ընդգծեց, որ «Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասում է վերադարձի»՝ հայտարարելով, թե դրանք նախկին դեսպան Միքայել Մինասյանինը, Վարդան Ղուկասյանինը, երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանինն ու Սերժ Սարգսյանինն են:
6 կուսակցություն և 3 դաշինք է առաջադրվել՝ մասնակցելու Հայաստանի երկրորդ քաղաքում մարտի 30-ին կայանալիք ընտրություններին: Ամենամեծ նախընտրական ցուցակը Գյումրիում ժամանակավոր կառավարումն իր ձեռքը վերցրած «Քաղաքացիական պայմանագիր»-ն է ներկայացրել՝ 99 հոգի: Ցուցակի առաջին համարը քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն է:
Գյումրիի ընտրություններին իրենց թեկնածությունը ներկայացրած քաղաքական ուժերը դեռ չեն արձագանքել վարչապետի այս հայտարարությանը:
Առաջադրվելու փաստաթղթեր են ներկայացրել «Իմ հզոր համայնքը», վերջինիս ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, Կոմկուսը, որի ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Եվրոպամետ 3 ուժերի ձևավորած «Եվրադաշինքը», որի քաղաքապետի թեկնածուն Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է: ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և հանրությանը ոչ այնքան հայտնի «Միացյալ Հայաստան» կուսակցություններից ձևավորված «Մեր քաղաքը» դաշինքով է առաջադրվել: Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն գործարար, անկուսակցական Կարեն Սիմոնյանն է: Առաջադրվել է «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը»՝ քաղաքապետի թեկնածու նախկին երգիչ Արտյոմ Թումանյանի առաջնորդությամբ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է գործարար Արտյոմ Ղարաղազարյանը։
Նիկոլ Փաշինյանը այլ պնդումներ էլ արեց, նախ չընդունեց
վերջին տարիներին իշխանությանն ուղղված քննադատությունները, որ հեղափոխությունից հետ խոստանալով թալանվածը վերադարձնել, այդ գործում այդքան էլ մեծ հաջողության չեն հասել: Նա շեշտեց, որ այժմ իրավական կառույցներն են դրանով զբաղվում, և որ ապօրինի գույքը վերադարձնելու ինստիտուտը իրավական գործընթաց է ու կախված չէ քաղաքական կամքից:
«Ռենջ րովեր» առ «Ռենջ րովեր» ենք վերադարձնելու, «Բրաբուս» առ «Բրաբուս», «Յաշիկ» առ «Յաշիկ», - ասաց նա:
Նախորդ ամիս՝ Մյունխենի անվտանգության համաժողովից հետո, Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, թե Հայաստանին է փոխանցվել ապօրինի ձեռքբերված «Ռենջ ռովեր» մակնիշի ավտոմեքենա՝ արտադրված 2010 թվականին: Խոսքը երկու տարվա վաղեմության գործի մասին էր, որն առնչվում է Էրեբունու նախկին համայնքապետ Արմեն Հարությունյանին: Իսկ պետությանը վերադարձրած մեքենան Պետական գույքի կառավարման կոմիտեն աճուրդի է դրել 5,5 միլիոն դրամով:
Այս հայտարարությունը քննադատությունների հանդիպեց իրավապաշտպանների մոտ: Զարուհի Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում նկատել էր՝ Փաշինյանի աղմուկն ազդակ է, որ նա տապալել է իր ամենաթմբկահարված խոստումը՝ թալանի վերադարձը: Իրավապաշտպանի տպավորությամբ Փաշինյանը այս բովանդակությամբ գրառումներով նախընտրական քարոզարշավն է սկսել:
Ըստ Գլխավոր դատախազության՝ Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ապօրինի գույքի բռնագանձման 136 հայցադիմում կա: Ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 600 միլիարդ դրամ: Մինչ այժմ վճիռներ չկան նախկին ազդեցիկ պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին նախագահների ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով:
Վարչապետն այսօր նաև ասաց՝ Գյումրիում և մնացած համայնքներում պետք է իրականացվի ապօրինի սեփականաշնորհված՝ թալանված կամ գողացված գույքի վերադարձ:
«Ահա այստեղ է, որ առաջացավ քաղաքական ճգնաժամ, և Գյումրիի ավագանու մեծամասնությունը, հրաժարական տալով, հայտարարեց, որ հրաժարվում է սպասարկել այս օրակարգը: Սա է քաղաքական պատճառը, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ավագանու ընտրություններ», - նշեց նա:
Ավելի քան մեկ ամիս՝ աշնանը, Գյումրին անիշխանության էր մատնված։ «Բալասանյան» դաշինքի հրաժարականից անմիջապես հետո Հայաստանի իշխող ուժը հայտարարեց, թե պատրաստվում է արտահերթ ընտրությունների, ապա այլ տարբերակներից սկսեց խոսել։ Ի վերջո, կայացան փրայմըրիզներ, նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար, իսկ մարտի վերջին էլ՝ ընտրություններ:
Գյումրիում այս զարգացումներին նախորդել էր նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, որդու ու այլ մտերիմների նկատմամբ քրեական հետապնդումը։ Քննչականը Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով էր որոշել ձերբակալել Գյումրիի նախկին քաղաքապետին։ Իշխող «Բալանսյան» դաշինքում ընդգրկված էին մեծամասամբ նախկին քաղաքապետի մերձավորները։
Այս զարգացումներից մոտ 3 ամիս առաջ Գյումրիի ավագանին երկու նախկին քաղաքապետերի օրոք օտարված համայնքային գույքը, այդ թվում՝ Սև բերդին կից հողերը քաղաքին վերադարձնելու հայցով դատարան դիմեց։ Որոշմանը կողմ քվեարկեց նաև իշխող «Բալասանյան» դաշինքը։ Իսկ ընդդիմադիր ՔՊ-ից գույքերի վերադարձի մասին խոսելիս տվել էին նաև այն անձանց անունները, որոնք հիմա մեղադրյալ են։
Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը հետախուզման մեջ է, կրտսեր որդին՝ Խաչատուրը, տնային կալանքի տակ՝ «Սև բերդ» պատմական ամրոցի հարակից հողերն ապօրինի օտարելու մեղադրանքներով: