Մատչելիության հղումներ

Փարաքարի համայնքապետի ու նրա ընկերոջ սպանության գործով ձերբակալված կա. ԶԼՄ-ներ


Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկերոջ՝ Արարատի ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության գործով ձերբակալված կա։ Այս մասին հաղորդում են լրատվամիջոցները։

«Իշխանություն» լրատվականի կադրերում տեսնում ենք՝ իրավապահները խուզարկում են մերձավանցի Նարեկ Օհանյանի տունը։ Նա այս տարվա փետրվարին նույն համայնքում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Կադրերում Նարեկ Օհանյանը ձեռնաշղթայով է։

Խուզարկության վայրում էր փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը։ Նա հաստատել է, որ ձերբակալված կա։ Ո՛չ Ներքին գործերի նախարարությունը, ո՛չ Քննչական կոմիտեն մինչև այժմ պաշտոնական հայտարարություն չեն տարածել։

Երեք օր առաջ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի տան մոտ դիմակավորված մարդասպանը 18 փամփուշտ էր արձակել համայնքապետի ու նրա երկու ընկերների ուղղությամբ։ Ողջ է մնացել միայն Արծրուն Գալստյանը։

Ի սկզբանե կար վարկած, որ այս արյունոտ հարձակումը նույն Մերձավան համայնքում փետրվարյան սպանության հաշվեհարդարն է։ ՔՊ-ական նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա 29-ամյա ազգականը՝ Գրիգոր Օհանյանը, և այս գործով 15 մեղադրյալներից է նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը։

Համայնքի բնակիչները նաև քաղաքական երանգ էին տեսնում այս շարունակվող սպանությունների մեջ։ Վալոդյա Գրիգորյանն ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունից է։

Ազգային ժողովի նախագահի գնահատմամբ՝ միջանձնային խնդիրներ են, ոչ մի քաղաքական պատճառ. «Փաստն այն է, որ քաղաքական որևիցե դրդապատճառ չկա ու չի կարող լինել»:

Առավելագույնն է արվում, այսօր առավոտյան, հուսադրում էր գլխավոր դատախազը՝ անպատասխան թողնելով բոլոր հարցերը։

Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն այսօր հայտնել էին կադրային փոփոխությունների մասին։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն է ազատվել և նույն մարզի քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը։ Արդյոք հենց այս պաշտոնյաներն էին արյունոտ հարձակումը կանխելու պատասխանատուները, թե՞ համակարգի ղեկավարները վարչապետի ցուցումով են հետևողականություն ցուցադրում, հայտնի չէ։

Դեպքից ժամեր անց Հայաստանի վարչապետը ընդգծել էր. «Պիտի վերլուծվի, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքե՞ր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչո՞ւ չեն կատարել։ Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ»։

«Պատասխանատվությունն իրավապահ համակարգի ղեկավարներինն է»

Պատասխանատվությունն իրավապահ համակարգի ղեկավարներինն է, ընդգծում է սպանված համայնքապետի կուսակից «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Պատասխանատվությունը իրավապահ համակարգի ղեկավարությանն է, և հիմա այլ կադրային փոփոխությունները թող իրենք մեկնաբանեն։ Դրանով, ցավոք, մեր վիշտը չի սփոփվում, իսկ բացահայտման մասով առնվազն այս պահին մենք որևէ տեղեկություն չունենք ձերբակալվածների կամ ինչ-որ այլ աշխատանքի մասին: Մեր ունեցած տեղեկություններով որևէ նոր բան չկա, չգիտեմ, պետք է յուրաքանչյուր ժամը օգտագործեն, որ արագ այս հանցագործությունը բացահայտեն», - ասաց Առաքելյանը։

Փարաքարի համայնքապետի հուղարկավորությունն այսօր էր

Նրա մարմինը մշակույթի տան շենքից դուրս են բերում ծափերի ներքո։ 41-ամյա Գրիգորյանի մայրը ողբում ու միայն մարդասպանին գտնելու ցանկություն ուներ։ «Ուզեն, կգտնեն»,- ասում էր։

Ընդամենը հինգ ամիս առաջ էր Գրիգորյանն ընտրվել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում։ Մինչև այդ 2021-ին նույնպես նա ձայների մեծամասնություն էր ստացել, սակայն ավագանու մյուս խմբակցությունները կոալիցիայով ստանձնել էին Փարաքարի կառավարումը։

Փարաքար խոշորացված համայնքում «Ապրելու երկիրը» ավագանու իր կազմից նոր համայնքապետ կընտրի երկու շաբաթվա ընթացքում։




XS
SM
MD
LG