Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը դեռ չի գտնել Փարաքարի համայնքապետին սպանած անձին


Մոտ երկու օր է՝ ոստիկանությունը չի կարողանում գտնել Փարաքարի համայնքապետի ու իրենց ծառայակցին Մերձավանում դաժանորեն սպանած անձին:

Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի հոգեհանգստի արարողությանը մասնակցող ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը միայն ասաց՝ «ակտիվ աշխատում են»: Նրան ուղեկցում էր նաև երկրի ոստիկանապետը:

«Հենց նորություն ունենանք, որը կլինի արժանահավատ, անպայման կկիսվենք», - նշեց Սարգսյանը:

Երկու զոհի պատճառ դարձած կրակոցները սեպտեմբերի 23-ի կեսգիշերին մոտ են հնչել, տարածքի տեսախցիկները ֆիքսել են՝ զինված մարդասպանը դիմակավորված է եղել:

Մերձավանի կրակոցների հետևանքով կա նաև վիրավոր՝ Արծրուն Գալստյանը, նա այսօր գիտակցության է եկել: Քննիչը նրան հարցաքննել է, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից: Արդյոք նրա խոսքերը լույս սփռե՞լ են տեղի ունեցածի վրա, պարզ չէ, իրավապահները մանրամասներ չեն հաղորդել:

Երեկ վարչապետը մանրամասն վերլուծության կարիք էր տեսել՝ թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել, խոստացել՝ որ այդ վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ։

Թե ի՞նչ է կատարվել, ինչ՝ չէ, հայտնի չէ. բայց փաստ է՝ ոչ մի բարձրաստիճան այս պահին իր պաշտոնից չի զրկվել:

Ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը Փարաքար համայնքում մարտին տարած հաղթանակից հետո էր ստանձնել պաշտոնը: Դրանից առաջ էլ էին համայնքում կրակոցներ հնչել, փետրվարին սպանվել էր նախկին ՔՊ-ական վարչական ղեկավարի ազգականը, այս գործով տնային կալանքի տակ է սպանված Վալոդյա Գրիգորյանի եղբայրը:

Նրա կուսակիցները կարծում են՝ հանցագործությունների չկանխարգելման պատասխանատվությունն իրավապահ համակարգի ղեկավարությանն է: «Բեսպրեդել». «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հանցավորության վիճակը երկրում այսպես բնութագրեց, բայց ձեռնպահ մնաց այս պահին վարկածներ առաջ քաշել:

«Իրավապահ համակարգի ու իշխանությունների նաև պատասխանատվությունը կայանում է նրանում, որ հնարավորինս արագ բացահայտեն այս սպանությունն ու դրանով փարատեն որևէ կասկած, որևէ մտահոգություն ու դրանից բխող ծայրահեղ դրսևորումներ», - նշեց Առաքելյանը:

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը իշխանության պատասխանատվությունը չէր հերքում, այդ դեպքում ինչո՞ւ չի կանխվել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը. «Դուք տեսել եք՝ տարիներ առաջ ոնց է եղել ու հիմա ոնց է, ակնհայտ երևում է, որ տարբերություն կա»:

Վալոդյա Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէ, նրա անունից Փարաքար ծաղկեպսակ է հասել:




XS
SM
MD
LG