«Անմեղ մարդ է սպանվել՝ ոստիկանության անգործության հետևանքով». Մանե Թանդիլյան
Իր կուսակցի՝ Փարաքարի համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունից ժամեր անց «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը հայտարարեց՝ պատահական ոչինչն չի լինում, պարզ է, որ նախապես սպանությունը ծրագրվել է:
«Փողոցում վխտում են ապօրինի զենքով մարդիկ, որոնք այս իրավապահ համակարգի անգործության հետևանք են, այս իշխանության ստեղծած իրավապահ համակարգի», - ասաց նա:
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ եթե այս սպանությունը իրավապահները չբացահայտեն, իշխանափոխությունից իրենց անգործության համար ևս պատասխան են տալու. «Այնպես որ, օր առաջ թող լծվեն այս սպանությունը բացահայտելով: Տեսանյութեր կան, տեսագրվել է այդ իրավիճակը, այո, բայց պիտի հետևից գնալ, բացահայտել, որովհետև պատահական բաներ տեղի չեն ունենում: Չէ՞ որ մեկ օրում, մեկ պահում դա տեղի չի ունեցել», - նշեց Թանդիլյանը:
Արձագանքելով շրջանառվող վարկածներից մեկին՝ հաշվեհարդարին, «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարն ընդգծում է, որ դա պատիվ չի բերում հենց իրավապահ համակարգին: Ըստ Թանդիլյանի, սա նշանակում է, որ իրավապահներն իրենց գործը չեն արել և ժամանակին հանցագործությունը չեն կանխել: Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ երկրում բարձիթողի վիճակ է, իսկ իրավապահ համակարգը կեղծ ձերբակալություններով է զբաղված. «Իրական հանցագործները փողոցում են անօրինակ զենքով քայլում»:
Ի դեպ, Մանե Թանդիլյանը նշեց, որ այս դեպքի հետ կապված սպառնալիքներ է ստացել, գրել են, թե «իրեն էլ պետք է սպանեին». «Ինձ էլ են սպառնալիքներ ուղարկում, նաև այսօր այս դեպքի հետ կապված, բարձիթողի իրավիճակ է: Ինչ-որ ֆեյքեր են, հարցը դա չէ, այն է, որ մարդիկ իրենց տեղում չեն: Էս երկում ամեն ինչ ամենքից սպասելի է դարձել, որովհետև ոստիկանությունը, իրավապահ համակարգը մի բանով է զբաղված՝ իշխանությունը պահել այսօրվա իշխանության համար»:
Վարչապետը դատապարտել է Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի սպանությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում դատապարտել է Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի սպանությունը և գրել, թե իրավապահները պետք է շուտափույթ բացահայտեն հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։
«Մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքե՞ր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչո՞ւ չեն կատարել։
Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ», - նշել է Փաշինյանը։
Մանե Թանդիլյանն արձագանքում է. «Ո՞ւմ է ասում, ո՞ւմ հետ է խոսում, ես հասկանում եմ, որ ինքն էլ է հասկանում, որ ինքը իր տեղում չէ, բայց բավարար է ստատուսագրի նման... առավոտ մարդիկ արթնանում են տեսնեն՝ Փաշինյանն ինչ ստատուս է գրել, սա խայտառակություն չի՞: Թող իրավապահ համակարգին գործի դնի, որովհետև հասկանում ենք, որ մեկ մարդու իշխանություն է: Եվ օր առաջ այս սպանությունը բացահայտվի»:
Թագուհի Թովմասյան. «Եթե մենք լինեինք նորմալ երկրում, արդեն հրաժարականներ պետք է լինեին»
Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշում է, որ իշխանության դատապարտող հայտարարություններից զատ, Փարաքարի համայնքապետի դաժան սպանությունը պետք է ունենա քաղաքական հետևանք՝ պաշտոնանկությունների տեսքով, քանի որ իրավապահ մարմինները չեն տիրապետել քրեական իրավիճակին:
«Երբ որ տեղի է ունենում կոնկրետ հանցագործություն, նրանք պարտավոր են ապահովել այդ հանցագործության բացահայտումը: Իրենք հո հասարակական կազմակերպության ներկայացուցիչ չե՞ն, որ դատապարտող հայտարարություններով հանդես գան», - ընդգծեց Թովմասյանը և նշեց. «Քաղաքական որևէ հրահանգի դեպքում մտնում են քաղաքական գործիչների տներ, երեխաների հեռախոսներն էլ են տանում, բա դուք ինչո՞վ էիք զբաղված, որ չէիք տիրապետել իրավիճակին ու անգամ ոստիկանության աշխատակցի են մտել սպանել: Եթե մենք լինեինք նորմալ երկրում, արդեն հրաժարականներ պետք է լինեին»:
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է՝ այս տարվա սկզբին Փարաքարում տեղի ունեցած սպանությունը, որից հետո պարբերաբար բերման էին ենթարկվում այն ժամանակ համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Վալոդյա Գրիգորյանի կողմնակիցները: Թագուհի Թովմասյանի խոսքով՝ այդ հանցագործության քննությունը գնաց քաղաքական ուղղությամբ, կար հրահանգ կալանավորել հենց ընդդիմադիր թեկնածու Գրիգորյանի կողմնակիցներին՝ նրան թուլացնելու համար: Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ հենց այդտեղ պետք է փնտրել հիմնական խնդիրը:
«Ազատության» հարցին՝ «տարվա սկզբի այդ իրադարձությունների և այսօրվա սպանության միջև փոխկապակցվածություն եք տեսնո՞ւմ», Թովմասյանը պատասխանեց. «Առաջի հայացքից անհնար է չնկատել այդ կապը: Գուցե հետո քննությունն այլ վարկածներ առաջ կքաշի, բայց ես անընդհատ հիշում եմ, որ Մերձավանում տեղի են ունենում կրակոցներ, և այդ վենդետան շարունակաբար... տարբեր կողմերի բաժանված գյուղացիները սկսում են միմյանց ոչնչացնել: Այդ ծանր մթնոլորտը տարիներ շարունակ գոյություն ունի, ու տարիներ շարունակ Հայաստանի իրավապահ համակարգը, ըստ էության, մատը մատին չի տալիս, որպեսզի համայնքում տիրի հանրային հանդուրժողականություն: Եվ իրավապահների անգործությունն, այո, բերեց այս հետևանքին, դրանք չեն կարող կապ չունենալ: Մենք դեռ ոչ մի վարկած չունենք պաշտոնապես, բայց առաջին տպավորությունն, այո, այն է, որ դրանք փոխկապակցված են»:
Պապոյանը վստահեցնում է՝ այս սպանության բացահայտումը իրենց ամենօրյա աշխատանքն է լինելու
Իշխող ՔՊ վարչության անդամ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դատապարտում է բռնությունը և վստահեցնում, որ այս սպանության բացահայտումը իրենց ամենօրյա աշխատանքն է լինելու:
«Վարչապետն այդ խնդիրը շատ սուր դրել է իրավապահ մարմինների առաջ, պետք է շատ արագ բացահայտվի, ու բոլոր մեղավորներն օրենքի ամենախիստ ձևով պետք է պատժվեն», - ասաց Պապոյանը:
Չնայած երկրում պարբերաբար արձանագրվող սպանություններին և հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններին՝ Գևորգ Պապոյանը համաձայն չէ, թե իրենց իշխանության օրոք հանցավորությունն աճում է: Նա հիշեցնում է նախկինների ժամանակաշրջանը, երբ նրա խոսքով՝ օրը մեջ քաղաքական սպանություններ էին կատարվում:
«Հիմա այդպիսի բաներ, փառք Աստծու, չկան, կրիմինալն էլ չի կրող աճել, կրիմինալն էլ գիտի իր տեղը ու գիտի մեր ընդունած օրենքների մասին», - ընդգծեց նախարարը:
Փարաքարի համայնքապետի սպանությունից հետո, ըստ օրենքի, ավագանին, որտեղ մեծամասնություն է կազմում «Ապրելու երկիրը», իր կազմից նոր ղեկավար պետք է ընտրի: