Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր: Դիմակավորված մարդասպանը կրակահերթեր արձակելով, վազելով մոտեցել է տնից նոր դուրս եկած զրուցող երեք տղամարդկանց՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին ու նրա ընկերներին։ Կրակոցներից երեքն էլ տապալվել են գետնին, սակայն դիմակավորը նաև ստուգողական կրակոցներ է արձակել։ Ո՞վ է նա, առայժմ հայտնի չէ։
Զինված հարձակումն անցած գիշեր էր՝ համայնքապետ Գրիգորյանի Մերձավանի տան մոտ։ Նա այստեղ չի ապրում, սակայն հարազատների պատմելով, ընկերների հետ հաճախ էր երեկոյան տարածքում լինում։
Համայնքապետից բացի սպանվել է նաև ընկերներից Կարեն Աբրահամյանը՝ ոստիկանության աշխատակից, իսկ Արծրուն Գալստյանը հրազենային վնասվածքով հիվանդանոցում է։ Դեպքի վայրից իրավապահները 18 պարկուճ են գտել։
Մերձավանում, որ կողմը նայես, ոստիկանական ուժեր են, մարդիկ սարսափած ու ափսոսանքով։ 42-ամյա Վալոդյա Գրիգորյանը մերձավանցի էր ու Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար էր ընտրվել այս տարվա գարնանը։ «Ապրելու երկիր» կուսակցության անդամը հաղթել էր իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թիմին։
«Մի տեսակ դառել է արդեն մարդ խփելը հասարակ, սովորական երևույթ, իսկ ինչ վերաբերվում է Վալոդյային, մենք իր մասին միշտ էլ լավ կարծիք ենք ունեցել, Մերձավանի համայնքի կողմից սիրված է եղել ինքը», - ասաց բնակիչներից մեկը։
Արտահերթ ընտրությունից առաջ Մերձավանում դարձյալ արյունոտ միջադեպ էր եղել, ՔՊ-ական նախկին վարչական ղեկավար Մհեր Աղտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Եվ այս գործով մեղադրյալներից է նաև գիշերը սպանված Վալոդյա Գրիգորյանի եղբայրը։ Նա տնային կալանքի տակ է։
Այսօր հատուկ ստորաբաժանումների հսկողության տակ էր նաև Աղտոյանների տունը։ Արդյոք վերջին սպանությունը նախորդ արյունոտ պատմության շարունակությո՞ւնն է։ Թե՛ ոստիկանապետը, թե՛ այս գործով գլխավոր քննիչը շատ մանրամասներ չունեն. «Ոստիկանությունը վերահսկում է իրավիճակը, հետո մնացածը հավելյալ, եթե անհրաժեշտություն կլինի, մեր լրատվականի միջոցով պարբերաբար տեղեկություն ասելով...»:
Մերձավանցի տղամարդը կասկած չունի՝ իրավապահները կարող էին կանխել սպանությունը
Մերձավանցիներն այս սպանությունները կապում են իրար հետ, ունեն ենթադրություն, որ ընդդիմադիր Վալոդյա Գրիգորյանի իշխանության գալը և ՔՊ-ական Ախտոյանների իշխանությունը կորցնելն է այս արյունհեղությունների շղթայի պատճառը։
«Ամենայն հավանականությամբ աթոռակռվեց էլի։ Այդ երևույթները նկատվել է, չէ՞։ Չի կանխվել», - ասաց բնակիչներից մեկը։
Մերձավանցի տղամարդը կասկած չունի՝ իրավապահները կարող էին կանխել այս սպանությունը։ Գյուղը մինչև այդ էլ անհանգիստ էր. «Մեղավորը ո՞վ է։ Երբվանի՞ց է գալիս, արմատները շատ խորն են։ Ունե՞նք կառավարություն, վաղուց կանխած պիտի լինեին»։
Գրիգորյանների ընտանիքում որևէ վարկած չունեն, նրա հետ սպանված Արարատի ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի շրջապատում նույնպես որևէ վարկած չկա։ Կարենը հարևան Այգեկ գյուղից է։ Այստեղ ենթադրում են՝ մարդասպանի թիրախում Վալոդյա Գրիգորյանն էր, իսկ Կարենը՝ ակամա զոհ։ Նա երկու երեխաների հայր է, իսկ Փարաքարի համայնքապետը՝ չորս երեխա ունի։
Ամիսներ առաջ Վալոդյա Գրիգորյանի ընտրական հաղթանակն էին տոնում փարաքարցիները։ Ի դեպ, ընդդիմադիր թեկնածուն համայնքապետի կաբինետ հասավ մեծ դժվարությամբ։ Բանն այն է, որ 2021-ի ավագանու ընտրություններում էլ նա խոշորացված համայնքի ինը գյուղերից յոթում հաղթել էր, բայց հետընտրական արտառոց զարգացումների ու դատական գործընթացների հետևանքով գործի այդպես էլ չանցավ։ Նույնիսկ հանդիսավոր երդմամբ էր պաշտոնը ստանձնել։
Գրիգորյանը հաղթեց ու համայնքապետի կաբինետ մտավ միայն այս տարի։ Նրա անուն-ազգանունով ցուցանակը ընդամենը հինգ ամսվա կյանք ունեցավ։