Մատչելիության հղումներ

Ուկրաինան պատրաստ է տարածքների փոխանակման․ Զելենսկի


«Դոնալդ Թրամփը հրաժարվում է Ուկրաինային աջակցելուց, Եվրոպան միայնակ չի կարող բացը լրացնել», - զգուշացրել է նախագահ Զելենսկին The Guardian-ին տված հարցազրույցում։

«Կարծիքներ կան, որ Եվրոպան կարող է անվտանգության երաշխիքներ առաջարկել առանց ամերիկացիների, ես միշտ ասում եմ՝ ոչ», - ասել է արդեն երեք տարի ռուսական պատերազմին դիմակայող երկրի ղեկավարը, հավելելով, - «անվտանգության երաշխիքներն առանց Ամերիկայի անվտանգության իրական չեն»։

Թրամփն ասել է, որ ցանկանում է վերջ տալ Ուկրաինայում պատերազմին, սակայն թերահավատները մտավախություն ունեն, որ ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված գործարքը կարող է պարտադրել Ուկրաինային հանձնվել Վլադիմիր Պուտինի առավելապաշտական պահանջներին։

Զելենսկին նշել է, որ պատրաստ է բանակցել, բայց ցանկանում է, որ Ուկրաինան դա անի «ուժեղ դիրքից»։

Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ կխոսի Ուկրաինայի նախագահի հետ։

Մինչ այդ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ է ամերիկյան կողմին առաջարկել վերակառուցման եկամտաբեր պայմանագրեր և ներդրումային զիջումներ՝ աջակցության դիմաց։

«Նրանք, ովքեր օգնում են մեզ փրկել Ուկրաինան, հնարավորություն կունենան վերականգնել այն՝ իրենց բիզնեսների միջոցով՝ աշխատելով ուկրաինական բիզնեսների հետ։ Այս ամենի մասին մենք պատրաստ ենք մանրամասն խոսել», - պնդել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահն այս շաբաթվա վերջին կմեկնի Մյունխենի անվտանգության համաժողով, որտեղ նա ակնկալում է հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Նախորդ տարվա համաժողովին Վենսը, որն այն ժամանակ սենատոր էր, հրաժարվեց հանդիպել Զելենսկու հետ: «Ինձ իրականում չի հետաքրքրում, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ», - այն ժամանակ ասել էր ԱՄՆ ներկայիս փոխնախագահը։

The Guardian-ին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին ասել է նաև, որ Ուկրաինան կարող է Ռուսաստանին առաջարկել տարածքների փոխանակում՝ ամիսներ առաջ Կուրսկում ուկրաինական բանակի վերահսկողության տակ անցած հողերի դիմաց։

«Մենք մի տարածքը կփոխանակենք մյուսի հետ», - ասել է նա, հավելելով՝ չգիտի, թե դրա դիմաց Ռուսաստանի կողմից օկուպացված հողերի որ հատվածը կպահանջի: «Չգիտեմ, կտեսնենք։ Բայց մեր բոլոր տարածքները հավասարաչափ կարևոր են»,- նշել է Զելենսկին։

XS
SM
MD
LG