Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է Ռուսաստանի Սարատովի մարզում գտնվող արդյունաբերական օբյեկտը: Այս մասին փետրվարի 11-ի վաղ առավոտյան հայտնել է շրջանի նահանգապետ Ռոման Բուսարգինը:
Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մեկ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը որսացել և ոչնչացրել են 40 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Սարատովի մարզում ոչնչացվել է 18 անօդաչու թռչող սարք:
Ռուսաստանի ավիացիոն ծառայությունը դադարեցրել է թռիչքները չորս օդանավակայաններում անվտանգային նպատակներով:
Ռուսական մի քանի ոչ պաշտոնական Տելեգրամ լրատվական ալիքներ հաղորդել են Սարատովի նավթավերամշակման գործարանի տարածքում պայթյունների և հրդեհների մասին:
Ավելի վաղ Բելգորոդի շրջանի նահանգապետը հայտնել էր, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են տարածաշրջանի չորս գյուղերի վրա:
Կիևը պնդում է, որ Ռուսաստանի տարածքում իր օդային հարվածներն ուղղված են Մոսկվայի ռազմական ջանքերի համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ոչնչացմանը և հատուցումն են Ուկրաինայի, հատկապես նրա Էլեկտրական ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի շարունակական հարձակումների համար:
Փետրվարի 10-ի երեկոյան ուկրաինական կողմը հայտնել էր, որ ռուսական անօդաչուների մի քանի խմբեր հարձակվել են երկրի վրա տարբեր ուղղություններով: Քաղաքացիներին խորհուրդ է տրվել չանտեսել օդային տագնապը։