Մատչելիության հղումներ

Թրամփը հաստատել Է, որ Ուկրաինայի հարցով ներկայացուցիչը շուտով կայցելի Կիև


ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգ, արխիվ
ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 10-ին հայտարարել է, որ այս շաբաթ կխոսի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով նրա հատուկ բանագնացը շուտով կմեկնի Ուկրաինա:

Թրամփը չի հայտնել, թե երբ բանագնաց Քիթ Քելլոգը կայցելի Ուկրաինա: CNN-ը գրում է, որ այցը տեղի կունենա հաջորդ շաբաթ, իսկ AFP-ն, հղում անելով Ուկրաինայի նախագահի վարչակազմի աղբյուրին, հայտնում, որ այն նախատեսված է փետրվարի 20-ին:

Ակնկալվում է, որ Քելլոգը կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ Մյունխենի անվտանգության համաժողովում, որը մեկնարկում է փետրվարի 14-ին:

«Մենք մեր սպասելիքները կհասցնենք դաշնակիցների ուշադրությանը», - ասել է Քելլոգը Associated Press-ին տված հարցազրույցում, - «Երբ մենք վերադառնանք Մյունխենից, մենք ցանկանում ենք նախագահին տարբերակներ ներկայացնել, որպեսզի երբ նա (ուղղակիորեն) ներգրավվի խաղաղության գործընթացում, իմանա, թե դա ինչպիսին կլինի իր համար»:

Թրամփը պնդում է, որ պատերազմը շուտ ավարտվի, մինչդեռ Զելենսկին կարևորում է անվտանգության ամուր երաշխիքներ ստանալը Ռուսաստանի հետ ցանկացած գործարքի շրջանակներում:

Կիևը մտավախություն ունի, որ ցանկացած համաձայնագիր, որը չի ներառի կոշտ ռազմական պարտավորություններ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ին անդամակցությունը կամ խաղաղապահ զորքերի տեղակայումը, Կրեմլին ժամանակ կտա վերախմբավորվելու և վերազինվելու նոր հարձակման համար:

XS
SM
MD
LG