Մատչելիության հղումներ

Կիմ Չեն Ընը խոստացել Է շարունակել աջակցությունը ռուս զինվորականներին


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը փետրվարի 8-ին այցելել է Պաշտպանության նախարարություն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը փետրվարի 8-ին այցելել է Պաշտպանության նախարարություն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը փետրվարի 8-ին խոստացել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի հետ պատերազմում: Նա նաև սպառնացել է ուժեղացնել իր միջուկային ուժերը՝ տարածաշրջանում Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ ԱՄՆ ռազմական համագործակցությանը դիմակայելու համար:

Ըստ պետական ԶԼՄ-ների՝ նա ասել է, որ Փհենյանը չի ցանկանում տարածաշրջանում իրավիճակի անհարկի սրում, բայց «մշտական հակաքայլեր կձեռնարկի տարածաշրջանային ռազմական հավասարակշռության ապահովման համար»:

Արևմտյան առաջնորդներն ու ուկրաինացի պաշտոնյաները պնդում են, որ անցյալ տարվա աշնանից Հյուսիսային Կորեան շուրջ 11 հազար զինծառայող է ուղարկել հիմնականում Ռուսաստանի Կուրսկի շրջան՝ Կրեմլի զորքերի հետ կողք կողքի կռվելու:

Նրանց ներկայիս կարգավիճակն անորոշ է, քանի որ որոշ հետախուզական աղբյուրներ հայտնում են, որ շատ զինծառայողներ դուրս են բերվել առաջնագծից՝ ուկրաինական զորքերի հետ մարտերում սարսափելի կորուստներ կրելուց հետո:

Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 8-ին հայտարարել է, որ «Ռուսաստանի համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ կշարունակի ընդլայնվել»:

Կրեմլը և Փհենյանը ոչ մի կերպ ուղղակիորեն չեն մեկնաբանել Ռուսաստանում հյուսիսկորեական զորքերի տեղակայումը կամ ծանր կորուստների մասին հաղորդագրությունները:

XS
SM
MD
LG