Մատչելիության հղումներ

Ոչ մի մեղադրյալ ոստիկան. արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգելու գործը դոփում է տեղում


Տիգրան Ուլուբաբյան, արխիվ
Տիգրան Ուլուբաբյան, արխիվ

«Առաջինը տաս րոպեն մեկ մեկ էլ մազերիցս քաշում, ծեծել ա, ասած թե՝ գլխիս խփում, վզիս խփում, մարդ ա էղել էրկու անգամ քացով կողերիս խփել ա». - ոստիկանությունում խոշտանգվելու մասին ահազանգելուց ուղիղ մեկ ամիս անց չկա որևէ մեղադրյալ, ավելին՝ Վանաձորում բնակվող արցախցի Տիգրան Ուլուբաբյանի մատնանշած ոստիկաններն ազատության մեջ են, աշխատանքի են գնում:

«Ես իրա հետ օպերատիվ հարցում եմ անցկացրել, որպեսզի հասկանամ՝ ինչքանո՞վ ա իրա մասնակցությունը, եթե վստահ լինեի, որ ինքը մասնակցություն ունի դրան, [...] կտայի քննչական մարմնին, կձերբակալեի կտայի Քննչականին». - սա ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բարխոյանի և արցախցի երիտասարդի առերես հարցաքննությունից մի դրվագ է:

Տեսագրությունը հրապարակած փաստաբան Ռոման Երիցյանն ուշադրություն է հրավիրում ոստիկանի խոսքի վրա: Բարձրաստիճան ոստիկանն ընդունում է, որ երիտասարդը կապ չունի բարեկամի տան վրա ավազակային հարձակման հետ: Բայց սա, փաստաբանի խոսքով, 29-ամյա տղամարդու հետ առերեսվողին ու նրա ենթականերին չէր խանգարել, որ արցախցուն տանեն ոստիկանություն, մի քանի ժամ պահեն, ծեծեն, ստորացնեն, հայհոյեն, պարտադրեն, որ իր վրա վերցնի հանցագործությունը:

«Էն օբյեկտիվ քննությունը, որը Քննչական կոմիտեի նախագահը հայտարարում է և դրա մասին խոսում է, էն օբյեկտիվ քննությունը, որի մասին խոսում էին առաջին անգամ Քննչական կոմիտեի դիմաց կազմակերպված էդ բողոքի ակցիայից հետո հանդիպման ընթացքում, էդ օբյեկտիվ քննությունը, ամեն դեպքում, ես չարձանագրեցի», - ասաց Երիցյանը:

Առերեսված երկու ոստիկանները հերքել են, թե ոստիկանությունում որևէ մեկը խոշտանգել է Տիգրանին: Հերքել էր նաև դատաբժիշկը, բայց հիվանդանոցն արձանագրել էր Տիգրանի վնասվածքները:

Փաստաբան Ռոման Երիցյանը Քննչական կոմիտեի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, 20-ը մարտի, 2025թ.
Փաստաբան Ռոման Երիցյանը Քննչական կոմիտեի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, 20-ը մարտի, 2025թ.

Փաստաբանն ասաց, որ քննիչը հրաժարվում է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակել, ինչպես նաև մերժում է իրենց առաջարկը՝ ճանաչման գործողություն անցկացնել ու Տիգրանին հնարավորություն տալ մի քանի մարդու միջից ցույց տալ իրեն ծեծած ոստիկաններին: Քննիչը մինչև հիմա չի պարզել մյուս վեց ոստիկանների ինքնությունը: «Էն դեպքում, երբ Տիգրանը խոսել էր արտաքին հատկանիշների մասին, որով պատրաստ է ճանաչել մնացած ոստիկաններին», - նշեց Երիցյանը:

Փաստաբանն ասում է, որ մինչև հիմա Տիգրանի մարմնից նմուշներ չեն վերցրել, տեղյակ չեն, թե ուր հասավ երեք շաբաթ առաջ Քննչականին հանձնված՝ արցախցու պատառոտված հագուստի փորձաքննությունը: Ավելին, քննիչը մերժել է հարցաքննել Տիգրանի մատնանշած անձանց, որոնք նրան օգնել են դուրս գալ ոստիկանությունից ու կարող են պատմել բռնության մասին. - «Որոնց ցուցմունքները ինքնին բավարար էին առնվազն Լոռու մարզային վարչության պետին և Տիգրանի հստակ մատնանշած անձին ձերբակալելու համար», - նշեց Երիցյանը:

Փաստաբանը մտահոգ է՝ քանի դեռ ոստիկաններն ազատության մեջ են, աշխատանքի են գնում, կարող են վերացնել ապացույցները: Նույնիսկ հիմա կասկածներ ունի, որ որոշ բաներ փոփոխել են. - «Բայց ցավալին այն է, որ ձերբակալման հիմքերի ակնհայտ առկայության պարագայում ձերբակալման միջնորդությունը մերժեց, որից հետո էական հանգամանքներ պարզել գրեթե հնարավոր չի լինի»:

Քննչական կոմիտեից «Ազատությանն» այսօր փոխանցեցին միայն, որ նախաքննությունը շարունակվում է:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյան, արխիվ
ՆԳ նախարար Արփինե Սարգսյան, արխիվ

Տիգրան Ուլուբաբյանի ահազանգից հետո իրավապահները խոշտանգման հոդվածով գործ հարուցեցին, երբ Երևանում՝ Քննչականի շենքի առջև բողոքի ակցիաների մասնակիցներն օրեր շարունակ պահանջում էին անհապաղ ձերբակալել ոստիկաններին: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն, իր հերթին, որևէ գնահատական չէր տվել կատարվածին: Ընդգծել էր, որ դեռ վաղ է խոսել այս մասին, քննությունից հետո քննիչները կտան հարցերի պատասխանները:

«Պատկերացրեք, օրինակ, որ ձեզ մեղադրում են, պայմանականորեն, որևէ անձի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ և միանգամից, առանց քննության, ֆիքսում են, որ դուք եք մեղավորը», - ասել էր Արփինե Սարգսյանը:

Խոշտանգման ահազանգերը շատ են, բացահայտումները՝ քիչ

Մինչ նախարարը հորդորում էր սպասել քննության ավարտին, իրավապաշտպաններն ու փաստաբանները տարբեր օրինակներ են բերում, պնդում, որ ոստիկաններին առնչվող գործերով բացահայտումներ չեն լինում: Օրինակ՝ ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանը մեկ տարի առաջ էր հայտարարել բռնության մասին: Ձերբակալությունից հետո Քննչականի ճանապարհին, երբ ոստիկանների հսկողության տակ էր, ծեծի էր ենթարկվել անհայտ անձանց կողմից: Ըստ ակտիվիստի՝ ոստիկաններն այդ ժամանակ իրեն մենակ էին թողել մեքենայում: Այս գործը դոփում է տեղում: Նույնը՝ դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքում: Նրան էլ անցած գարնանը խմբով կարմիրբերատավորներն էին օրը ցերեկով ծեծել:

Հենց Քննչական կոմիտեի տվյալներն են վկայում, որ ոստիկանների դեմ խոշտանգման ահազանգերը շատ են, բացահայտումները՝ քիչ: Իրավապահ այս կառույցից «Ազատությանը» փոխանցված վիճակագրության համաձայն՝ եթե 2022 թվականին ստացել են խոշտանգման դեպքի մասին 210 ահազանգ, ապա 2023-ին՝ 261, 2024-ին՝ 330, իսկ միայն այս տարվա երեք ամիսներին՝ արդեն 57 ահազանգ: Սակայն մի քանի հարյուր ահազանգերի դեպքում դատարան են ուղարկվել մի քանի գործեր: Օրինակ՝ 2024-ին ստացած 330 ահազանգերից որպես խոշտանգում առանձնացրել են 8-ը:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG