Քննչական կոմիտեի առջև բողոքի ակցիա է. մի խումբ քաղաքացիներ պահանջում են պատժել այն ոստիկաններին, որոնք ըստ արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի, իրեն ծեծի են ենթարկել մի քանի օր առաջ:
Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգման հոդվածով: ՔԿ-ից «Ազատությանը» հայտնել են, որ այս գործող որևէ մեղադրյալ դեռևս չկա: Վանաձորում բնակվող արցախցի 29-ամյա երիտասարդը «Ազատության» եթերում պատմել էր՝ ինչպես են ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ, իբրև թե իր բարեկամի տան վրա ավազակային հարձակում իրականացրած ենթադրյալ հանցագործների հետ կապ ունի:
Ակտիվիստները ՔԿ-ից պատասխան են պահանջում, ինչու քրեական գործ հարուցելուց հետո այն ոստիկանները, որոնց անունները նշել է Տիգրան Ուլուբաբյանի փաստաբանը, մեղադրյալի աթոռին չեն:
«Գործ ունենք ոստիկանության համակարգում խոշանգման խնդրի հետ, որը արատավոր երևույթ է և ըստ այդմ մեր պահանջը պետք է լինի արդար նախաքննության իրականացումը և այն ոստիկանները, որոնք առերևույթ կատարել են նման հանցագործություն, նրանց նկատմամբ պետք է համապատասխան գործողություններ ձեռնարկվեն», - նշեց հավաքվածցներից մեկը:
Ակտիվիստները ՔԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո հայտնեցին, որ իրենց դրական պատասխան չեն տվել. իրենց հայտնի չէ, թե ովքեր են այդ ոստիկանները, հետևաբար չկա մեղադրյալ, առաջարկել են նորից հարցաքննել Տիգրան Ուլուբաբյանին:
Փաստաբան Ռոման Երիցյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ վաղը տեղի է ունենալու Տիգրան Ուլուբաբյանի լրացուցիչ հարցաքննությունը, որից հետո միայն Քննչական կոմիտեն կկարողանա նույնականացնել Ուլուբաբյանին Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ենթադրաբար խոշտանգած ոստիկաններին և որոշում կկայացնի արդյոք նրանց ձերբակալել, թե՝ ոչ: Ցուցարարները բացել են Մամիկոնյանց փողոցը: