Մատչելիության հղումներ

Արցախցի երիտասարդի նկատմամբ ոստիկանությունում կատարված բռնության դեպքով քրեական վարույթ է հարուցվել


Արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգման հոդվածով:

Երեկ Քննչականը ողջ օրը քրեական վարույթ չհարուցեց՝ պատճառաբանելով, թե հաղորդում չեն ստացել: Այնինչ 29-ամյա երիտասարդի նկատմամբ բռնությունների դեպքով Ոստիկանությունը ծառայողական քննություն էր սկսել ու առավոտից մամուլն ու սոցցանցերը հեղեղված էին այս մասին հրապարակումներով:

Տիգրանի փաստաբան Ռոման Երիցյանը տարակուսում է՝ սա այն դեպքն է, որ իրավապահները պարտավոր էին անհապաղ քրեական վարույթ հարուցել, անգամ պետք է որ արդեն այս գործով ձերբակալվածներ լինեին, մինչդեռ մինչ այս հայտնի է միայն, որ Տիգրանին տուժող են ճանաչել:

«Ոչ մի բան չեն անում, 5 օր, 6 օր, 7օր, 8 օր անցնելուց հետո քրեական վարույթ են նախաձեռնում, մի քանի օր հետո հաղորդումը ներկայացնողին տուժող են ճանաչում, մի 10 օր հետո մի երկու ձևական ճանաչման ներկայացնելու գործողություն կատարում, ոստիկանից ցուցմունք վերցնում, ոստիկանն ամեն ինչ հերքում է, մի երկու ամիս հետո ձևական առերեսում են կազմակերպում, ամեն մեկն իր ցուցմունքը պնդում է, ասում են՝ դե ապացուցված չի: Բայց էս պարագայում ես ձեզ վստահեցնում եմ, որ իրավական առումով անգամ ոստիկաններին ձերբակալելու հիմքեր կան: Խոշտանգողների մոտ են գտնվում այդ ապացույցները, իսկ խոշտանգողները ոստիկանության աշխատողներ են, ովքեր պրոֆեսիոնալ ապացույց ոչնչացնողներ են, ըստ ինձ», - ասաց Երիցյանը:

Երեկ Վանաձորում բնակվող արցախցի 29-ամյա երիտասարդը «Ազատության» եթերում պատմել էր՝ ինչպես են ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են կիրառել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ, իբրև թե իր բարեկամի տան վրա ավազակային հարձակում իրականացրած ենթադրյալ հանցագործների հետ կապ ունի:

Սա Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում այս տարի տեղի ունեցած արդեն երրորդ դեպքն է, որոնց մասին ահազանգ է եղել: Երեքն էլ նույն սցենարով՝ ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակ են ունեցել: Մի դեպքում ոստիկանները քաղաքացուն Վանաձորում չբացահայտված երեք հանցագործություն էին «առաջարկել»՝ դրանցից մեկն «ըստ ճաշակի» ընտրելու և դրա մասին խոստովանական ցուցմունք տալու համար:

Մեկ ամիս առաջ տեղի ունեցած այս խոշտանգման դեպքի մասին «Ազատությանը» պատմել էր իրավապաշտպան Անի Չատինյանը, ում դիմել էին տուժած քաղաքացիները՝ իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններից պաշտպանվելու ակնկալիքով:

Այսօրվա դրությամբ դեռ այս վարչության որևէ ոստիկանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, գործերը նախաքննության փուլում են:

Փաստաբան Ռոման Երիցյանը նկատում է՝ նման խոշտանգումները տեղի են ունենում հատկապես բնակարանային գողությունների դեպքում: Նշում է, թե այս ամենը խոսում է ոստիկանների կողմից իրական հանցագործներին հովանավորելու մասին:

Տիգրան Ուլուբաբյանը, որ այս տարի Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում բռնությունից տուժած առնվազն երրորդ վանաձորցին է, ասում է, որ իրեն խոշտանգած բոլոր ոստիկաններին դեմքով հիշում է: Նրանց մեջ նաև վարչության պետին է նշում:

Ներքին գործերի նախարարությունը բացի ծառայողական քննություն սկսելու հայտարարությունից, որևէ այլ մեկնաբանություն չի արել:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG