Մատչելիության հղումներ

Ուլուբաբյանի փաստաբանը հայտարարում է իր դեմ սկսված «մեծ արշավի» մասին


Փաստաբան Ռոման Երիցյանը ի պաշտպանություն Տիգրան Ուլուբաբյանի ակցիայի ժամանակ, Երևան, 20-ի մարտի, 2025թ․
Փաստաբան Ռոման Երիցյանը ի պաշտպանություն Տիգրան Ուլուբաբյանի ակցիայի ժամանակ, Երևան, 20-ի մարտի, 2025թ․

Այսօր հայտնի դարձավ, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը նյութեր է պատրաստել ոստիկանությունում խոշտանգումների մասին բարձրաձայնած փաստաբան Ռոման Երիցյանի դեմ։ Մասնավորապես, նշվում է, որ Երևանի մի բնակիչ հայտնել է, թե Երիցյանն իրենից խարդախությամբ մեծ գումար է վերցրել, և որ դա պարբերական բնույթ է ունեցել։

Այսօր Ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը, «Ազատությանն» ասացին՝ ստացված հաղորդումն ու ունեցած փաստաթղթերն արդեն Քննչական կոմիտե են ուղարկել։

Փաստաբան Ռոման Երիցյանը, մինչդեռ, այս հայտարարությունները կեղծ է համարում և նշում, որ Ներքին գործերի նախարարությունը Քննչական կոմիտեի հետ համատեղ ջանքերով «մեծ արշավ» է սկսել իր դեմ։ Ֆեյսբուքյան էջում հայտարարեց, թե իր դեմ այս գործը սարքում են, ու սա կապված է այն բանի հետ, որ վերջին օրերին բարձրաձայնել է ոստիկանական խոշտանգումների մասին ու քննադատել Քննչական կոմիտեի վարած նախաքննությունը։

«Տիգրան Ուլուբաբյանի պաշտպանողական գործողությունը սկսելուց հետո, իմ կողմից էդ առթիվ հրապարակումներ կատարելուց, հավաքներ կազմակերպելուց, Քննչական կոմիտեի աշխատանքը քննադատելուց, նախաքննության խտրականությունը բացահայտելուց հետո, Ներքին գործերի նախարարությունը զանգահարել է տարբեր անձանց, ովքեր քաղաքացիաիրավական գործարքների մեջ էին իմ հետ՝ փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր կա կնքված, և այլն, սկսել է զանգահարել տարբեր անձանց, հրավիրել Ներքին գործերի նախարարություն և իմ մասին արտահայտելով արատավորող տեղեկություններ՝ ստիպել էդ անձանց ներկայացնել հաղորդում», - այսօր հայտարարեց Երիցանը՝ շարունակելով․ - «Ես պատրաստ եմ անգամ անուն առ անուն թվարկել էն բոլոր անձանց տվյալները, որոնց Ներքին գործերի նախարարությունը հրավիրել է իր մոտ և ստիպել իմ դեմ ներկայացնել հաղորդում։ Փառք Աստծո, էդ մարդիկ նշել են, որ իմ դեմ հաղորդում չեն ներկայացնում և չեն էլ ներկայացնելու՝ խոսքը վերաբերում է թվով երեք քաղաքացիների, սակայն քաղաքացիներից մեկը՝ կին, ում հետ ես ունեմ շատ լավ հարաբերություններ և այսուհետ էլ ունենալու եմ շատ լավ հարաբերություններ, մեր հարաբերությունները շարունակական են լինելու, ուղղակի էդ կնոջը մտցրել են մոլորության և ինչ-որ տվյալներ վերցրել էդ կնոջից, ինչի հիման վրա էլ ձևականորեն նյութեր են հավաքագրել և չլսելով անգամ ինձ՝ հաղորդում ներկայացրել Քննչական կոմիտե»։

Փաստաբանը, որը զբաղվում է ոստիկանությունում խոշտանգումների ենթարկվելու մասին հայտարարած Տիգրան Ուլուբաբյանի պաշտպանությամբ ու վերջին օրերին բողոքի ակցիաներ էր կազմակերպում Քննչական կոմիտեի դիմաց՝ ի պաշտպանություն արցախցի երիտասարդի, նաև երկու օր առաջ էր իր ֆեյսբուքյան էջում գրել․ - «Ոստիկանությունն ակտիվորեն աշխատում է իմ դեմ՝ ստիպելով տարբեր անձանց հաղորդում ներկայացնել»։

Երիցյանն այսօր հայտարարեց, թե տեղեկություններ ունի, որ իրավապահները հրահանգ են ստացել «ամեն գնով իրեն կալանավորելու մասին»:

«Ասեմ ավելին՝ հավաքագրել են անգամ իմ վերաբերյալ հետևյալ տվյալները, որ ինչ-որ պարեկային ծառայողի կողմից իր վարորդական իրավունքը կասեցվել է, որից հետո ես երեք անգամ ավտոմեքենա են վարել, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն. սա էլ է Քրեական օրենսգրքով արգելված արարք։ Սակայն հաշվի չեն առել էն հանգամանքը, որ պարեկային ծառայողի կողմից իմ վերաբերյալ կազմված վարչական ակտը, մասնավորապես՝ վարորդական իրավունքը կասեցնելու որոշումը, ես բողոքարկել եմ, և էդ որոշումը վերացվել է, անվավեր է ճանաչվել, և վարույթը կարճվել է, հետևաբար՝ դրանից հետո տրանսպորտային միջոց վարելու համար ես քրեական պատասխանատվության ենթարկել չեմ կարող։ Այ այսպիսի ձիշյովկա (էժանագին՝ ռուսերեն), այսպիսի ապուշ քայլեր են անում իմ նկատմամբ», - ասաց փաստաբանը։

Երեկ ուշ երեկոյան նրա պաշտպանյալ Տիգրան Ուլուբաբյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից ու հայտարարեց՝ ոստիկանները հերքել են իրենց մեղքը, թե օրեր առաջ բռնություն են գործադրել իր նկատմամբ: «Իրանք հերքում են, որ տենց բան ա եղել։ Որ իրանք ինձ չեն հայհոյել ․․․ Հիմա հետևում եմ, տենամ փաստաբանը ինչ ա ասում, իմանամ իմ անելիքս», - ասաց նա։

29-ամյա Տիգրան Ուլուբաբյանը, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո Վանաձորում է բնակվում, «Ազատությանը» պատմել էր, որ իր բարեկամի տան վրա զենքի գործադրմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել, հաջորդ օրն իրեն Ոստիկանության Լոռու մարզային վարչություն են հրավիրել, բռնություն կիրառել ու ստիպել իր վրա վերցնել մեղքը, թե կապ է ունեցել ավազակային հարձակման հետ:

Տիգրանի այս հայտարարությունից հետո Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել խոշտանգման հոդվածով, Ոստիկանությունն էլ ծառայողական քննություն է սկսել: Բայց փաստաբանը՝ Ռոման Երիցյանը, հայտարարում էր, թե քննիչները բաց են թողել խոշտանգման դեպքը բացահայտելու հնարավորությունը: Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կան տեսախցիկներ, բայց դրանց արձանագրածը չի պահպանվում, քանի որ աշխատում են օնլայն ռեժիմով: Ինչ պիտի արվեր, չի արվել, ապացույցները չեն պահպանվել, հայտարարել է փաստաբանը:

«Դե քանի որ ոստիկանները ձերբակալված չեն, ես օբյեկտիվորեն ենթադրում եմ, որ էս ամենի պատճառը ոստիկաններին չձերբակալելն է, և ոստիկաններն են հրդորել, որպեսզի ունենա այսպիսի եզրակացություն», - պնդել է Երիցյանը։




XS
SM
MD
LG