Մատչելիության հղումներ

«Թող զանգեն՝ պայմանավորվեն, ոնց են մեր գերիներին հետ տալիս». Սիմոնյանն՝ Ուոլցի հայտարարության մասին

Լրացված

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահը հստակ քայլեր է ակնկալում ԱՄՆ-ը նոր վարչակազմից՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման համար:

Ալեն Սիմոնյանն այսօր նաև այդ քայլերը նախանշեց, հույս հայտնելով, թե ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունը սոսկ հայտարարություն չի մնա:

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում Մայք Ուոլցը ասել էր, որ պետք է վերջնականացնել խաղաղության գործարքը, ազատ արձակել բանտարկյալներին և միասին աշխատել տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ:

«Հուսանք, որ այդ հայտարարությանը կհետևեն հստակ քայլեր և դա ուղղակի հայտարարություն չի լինի հայտարարության համար։ Թող զանգեն, պայմանավորվեն՝ ոնց են մեր գերիներին, մեր մարդկանց հետ տալիս, բոլորին անխտիր՝ անկախ, որ ժամանակ են գերեվարվել», - ասաց ԱԺ նախագահը։

«Մենք շատ ենք կարևորում, որ Ուոլցը հատուկ նշել է բանտարկյալների ազատման մասին»

Մինչ Ազգային ժողով նախագահը ԱՄՆ-ից հստակ քայլեր է սպասում, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարչության մեկ այլ անդամ Արսեն Թորոսյանը դրական և կարևոր է գնահատում խաղաղության պայմանագիրը ավարտին հասցնելու և բանտարկյալներին ազատ արձակելու մասին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունը:

«Մենք շատ ենք կարևորում, որ Մայք Ուոլցը հատուկ նշել է բանտարկյալների ազատ արձակման մասին՝ շարունակելով նախադասությունը, որ պետք է խաղաղության գործարքը վերջնականացվի, ազատվեն բանտարկյալները և աշխատենք միասին ավելի ապահով ու ավելի բարգավաճ ռեգիոն ունենալու համար: Սա ուղղակիորեն այն է, ինչ որ մենք ենք ասում և մեր խորին համոզմամբ մեր հայրենակիցներին տուն վերադարձնելու բանալին խաղաղության պայմանագիրը կնքելու և այն իրագործելու մեջ է», - ասաց Թորոսյանը:

Բաքվի բանտում պահվող 23 հայ ռազմագերներից Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը նույնպես արձագանքել է ԱՄՆ-ը վարչակազմի բարձրաստիճան պաշտնյայի կոչին։

«Հարգելի՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և արտգործնախարար Արարատ Միրզոյան, խնդրում եմ կարդացեք ԱՄՆ անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունը: Նա ընդգծել է ոչ միայն խաղաղության պայմանագիրն ամբողջացնելու, այլև հայ, քրիստոնյա գերիներին ազատ արձակելու անհրաժեշտությունը: Ես հավատում եմ, որ դուք ամբողջությամբ համաձայն եք Թրամփի վարչակազմի այս առանցքային մոտեցման հետ», - գրել է Գենսերը:


Ավելի վաղ, Ռուբեն Վարդանյանի փաստաբանն ընդգծել էր, որ Հայաստանի վարչապետն ու իշխանությունը տարրական քայլեր անգամ չեն ձեռնարկել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների համար:

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը, չցանկանալով այս պահին հակադարձել փաստաբանի մեղադրանքներին, վստահեցնում է՝ իշխանությունը շարունակական ջանքեր է գործադրել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար, և կարծում է, որ եթե Հայաստանը և Ադրբեջանն ի վերջո ստորագրեն խաղաղության պայմանագիրը և սկսեն խաղաղության հաստատման երկարատև և դժվար գործընթացը, ամենևին իմաստ չի լինելու Ադրբեջանում ունենալ գերեվարված հայեր:

«Ես էդտեղ եմ տեսնում մեր հայրենակիցներին տուն բերելու բանալին, այլ բանալի ես չեմ տեսնում, ինչքան էլ որ դա լինի ցավալի», - ասաց Թորոսյանը։

Բաքվում դատվող Արցախի նախկին ղեկավարները՝ Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Դավիթ Բաբայան, Ռուբեն Վարդանյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Մանուկյան
Բաքվում դատվող Արցախի նախկին ղեկավարները՝ Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Դավիթ Բաբայան, Ռուբեն Վարդանյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Մանուկյան

«Մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել հենց այսօր և ցանկացած տեղում»

Անդրադառնալով խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու մասին Մայք Ուոլցի հայտարարությանը՝ Թորոսյանը նշում է, թե այն «շատ տրամաբանական հայտարարությունն է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի ներգրավվածությունը խաղաղության գործընթացում և, մասնավորապես, նախագահ Թրամփի մոտեցումները խաղաղության վերաբերյալ»:

ՔՊ պատգամավորը հիշեցնում է ՝ «Թրամփը թե՛ իր նախընտրական քարոզարշավի և թե՛ պաշտոնը ստանձնելուց հետո բազմիցս է խոսել աշխարհում խաղաղություն հաստատելու վերաբերյալ:

«Մենք նաև ջանքեր ենք գործադրել՝ մեր դիվանագիտական ներկայացուցչությունը ԱՄՆ-ում, վարչապետը, Արտաքին գործերի նախարարությունը, որպեսզի ԱՄՆ նոր վարչակազմին ներգրավված պահենք այս գործընթացում և, ըստ էության, մենք տեսնում ենք դրա արտահայտությունը, որը շատ կարևոր է», - «Ազատության» հետ զրույցում ասում է ՔՊ վարչության պատգամավորը:

Անկախ Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացը ձգձգելու կամ տորպեդարհարելու միտմանը, որն արտացոլվում է սահմանային լարվածության մասին կեղծ տեղեկատվություն տարածելով՝ Արսեն Թորոսյանը նշում է, որ Հայաստանը պետք է շարունակի ջանքերը՝ գործընկերներին ներգրավելու հարցում:

Ըստ նրա՝ դրանով է պայմանավորված նաև Նիկոլ Փաշինյանի վերջին օրերին զանգերը Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ղեկավարներին: Վարչապետը գործընկերներին տեղեկացրել է, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ է՝ ակնկալելով, որ նրանց կողմից էլ կառուցողական ջանքեր կլինեն, որ այդ խաղաղության պայմանագիրն արագ ստորագրվի:

«Ադրբեջանի հետ էլ պետք է երկխոսությունը շարունակենք, ինչքան էլ որ նրանք լինեն դեստրուկտիվ, մենք դա նոր չէ, որ տեսնում ենք, այնուամենայնիվ, մենք նրանց հետ պետք է կնքենք այդ համաձայնագիրը», - ասաց Թորոսյանը:

Հնարավո՞ր է, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի հենց Վաշինգտոնում, Արսեն Թորոսյանն ասում է, թե չունի նման տեղեկատվություն, հատկապես, որ խաղաղության պայմանագրի ստորագրման տեղն ու ժամկետները համաձայնեցված չեն:

Սակայն Թորոսյանն ավելի իմաստավոր է համարում, եթե այդ ստորագրությունը տեղի ունենա հայ-ադրբեջանական սահմանի որևէ կետում, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանի միասին պետք է ապրեն այս տարածաշրջանում:

«Մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել հենց այսօր և ցանկացած տեղում, և մեր ջանքերը պետք է միտված լինեն Ադրբեջանին, ըստ էության, սեղանի շուրջ բերելու ուղղությամբ», - ընդգծեց ՔՊ պատգամավորը:

Առայժմ հայտնի չէ, թե երբ և որտեղ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը: Օրերս Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, թե առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին որևէ պայմանավորվածություն չկա:




Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG