Մատչելիության հղումներ

«Վաշինգտոնն ընդգծել է նաև հայ գերիների ազատ արձակումը»․Գենսերը կոչով դիմել է Փաշինյանին, Միրզոյանին


Ջարեդ Գենսեր
Ջարեդ Գենսեր

Իրավապաշտպան, Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստան վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արտգործնախարար Արարատ Միրզոյանին ուշադիր ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։

Գենսերը նշել է, որ Վաշինգտոնն ընդգծել է ոչ միայն խաղաղության պայմանագրի ավարտի անհրաժեշտությունն, այլև հայ գերիների ազատ արձակումը։

«Վստահ եմ, որ այս առանցքային կետերում դուք լիովին համաձայն եք Թրամփի վարչակազմի հետ», - X-ում գրել է Գենսերը՝ կից հրապարակելով Ուոլցի երեկվա հայտարարությունը։

Նախօրեին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը X-ում գրել էր, որ կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի՝ տեղեկացնելով, որ անցնող շաբաթ Ադրբեջանում խոսել է այդ երկրի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։

Ուոլցն առաջընթաց մեծ քայլ էր համարել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը, մասնավորապես, շեշտելով․ - «Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին, և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ»։

Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Օրերս անդրադառնալով գերիների հարցին Փաշինյանը հայտարարեց․ - «Մենք բոլոր հնարավոր տեղերում ու բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք, եթե չի լուծվել հարցը, դա նշանակում է, որ համաձայնություն չկա: Դա նշանակում է, որ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը չի բարձրացնում հարցը, այլ՝ չկա համաձայնություն»:

Պաշտոնական Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն ավարտելու մասին հայտարարեցին մարտի 13-ին։

Թեև Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, և Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների ու տեղի շուրջ, Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդեց, թե պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Միացյալ Նահանգների անունից արդեն ողջունել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ և ընդգծել, որ այժմ պայմանագրի ստորագրման և վավերացման ժամանակն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG