Բաքուն երեկվանից չորս հաղորդագրություն է տարածել՝ մեղադրելով հայկական կողմին սահմանի հարավարևելյան հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է, իր հերթին Ադրբեջանին մեղադրում ապատեղեկատվության համար:
Կրակոցների մասին Բաքվի այս պնդումները հնչում են հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո: Երևանը պատրաստ է այն ստորագրել, Բաքուն մինչ այդ հայկական կողմից պահանջում է փոխել Սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Իշխանությունից հայտարարում են՝ սահմանային կրակոցների մասին կեղծ պնդումները չեն նպաստում խաղաղության հաստատմանը: Ազգային ժողովի նախագահն, այդուհանդերձ, կարծում է՝ Ադրբեջանը ռազմական ագրեսիայի չի դիմի:
«Էդ միտումը հաշվի առնելով, որ իրանք մշտապես էդ աշխատելաոճը կիրառել են՝ սկզբից հայտարարել են, որ հարձակվում են, հայերն են կրակում, և այլն, և իրանք ստիպված են պատասխան տալու, դա իրանց մշտական ոճն ա, բայց ես կրկնում եմ, որ էս փուլում ես չեմ կարծում, որ նման քայլի կգնան, նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է», - նշեց ԱԺ նախագահը։
Կրակոցների վերաբերյալ Բաքվի մեղադրանքներն, ըստ Ալեն Սիմոնյանի, այլ պատճառ ունեն: Խորհրդարանի խոսնակը կարծում է՝ փորձում են արդարացնել Իլհամ Ալիևի՝ անցած շաբաթվա հայտարարությունը, «որ ասում էր, որ հայկական կողմի նկատմամբ զրոյին մոտ վստահություն կա»․ - «Որը ինքնին իմ համար զարմանալի ա, որովհետև մեր, այսպես ասած, աշխատանքը և գործելաոճը նույն էդ պայմանագրի համաձայնեցված լինելու հրապարակման հետ տրամաբանություն առաջարկելը խոսում է հակառակի մասին։ Ենթադրում եմ, որ դա, կրկնում են, Ալիևի էդ զրո վստահության և այլն դրան միտված, որ, ի ապացույց դրան՝ իրենց հանրության մեջ Ալիևի խոսքերը ավելի պնդացնելու և ցուցադրելու, որովհետև որ նախագահն ասում ա, ուրեմն մի բան կա, որ ասում ա»։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Բաքուն ոչ թե խաղաղության, այլ ագրեսիայի է պատրաստվում: Ըստ Աբրահամյանի՝ դա է փաստում հատկապես վերջին շաբաթում այդ երկրի տեղեկատվական դաշտում իրականացվող արշավը, թե Հայաստանն է հարձակման նախապատրաստվում:
«Այդ կեղծ հաղորդագրությունների շարքը դրանք մեկ քայլանի օպերացիաներ չէին, ընդհանուր արշավի շրջանակներում Հայաստանի դեմ կեղծ արշավ է Ադրբեջանի կողմից իրականացվում, որի պատճառը, կարծում եմ, այս պահին ավելի շատ կապված երկու հանգամանքի հետ՝ առաջինը ադրբեջանական պահանջն է ապառազմականացման, այսինքն՝ ասել է թե Հայաստանի զինաթափման մասին, և երկրորդը վերաբերում է միջանցքին», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հայ - ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է, հայտարարել է Հայաստանում Եվրամիության առաքելությունը: Պարեկային խմբեր են ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի տարբեր հատվածներ, արտառոց ակտիվություն, ասում են, չկա: Բաքուն տևական ժամանակ պահանջում էր հեռացնել դիտորդներին, Հայաստանը համաձայնել է պայմանագրի ստորագրումից հետո դա անել: Հայկական կողմը մտավախություն չունի՞, որ դիտորդների հեռանալուց հետո ադրբեջանական կողմն առավել անկաշկանդ կգործի:
«Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք ա հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, է, եվրոդիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա էդ հարձակումը, ի՞նչ տարբերություն», - ընդգծեց Ալեն Սիմոնյանը։
Խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հորդորով Ադրբեջանին են դիմել Միացյալ Նահանգներից: Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնականի հետ զրույցում շեշտել է՝ կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի: Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը չի կարծում, թե նման հայտարարությունները կզսպեն Ադրբեջանին:
«Այս պայմաններում հենվել միջազգային կոչերի և ուղերձների վրա, այսպես ասեմ, այս պահին այդքան էլ իրատեսական չէ։ Երկրորդը՝ դեռ պարզ չէ, թե Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում ինչ կոնկրետ խնդիրներ ունի, հատկապես որ մեր հարևան, բարեկամ Իրանի հետ բավականին լարված է և ըստ էության ուլտիմատումների լեզվով է Միացյալ Նահանգները խոսում Իրանի հետ։ Այսինքն՝ անմիջապես մեր հարևանությամբ էլ մեկ պոտենցիալ թեժ գոտի կա, և մենք չգիտենք՝ կոնկրետ իրավիճակում Հայաստանի Հանրապետության սահմանը Իրանի հետ ում, որ երկրի համար, ինչպիսի կենսական շահերի գոտի կարող է դառնալ, և բնականաբար՝ դրա ազդեցությունը նաև հետագայում հնարավոր ռազմական գործողությունների համատեքստում», - ասաց Աբրահամյանը։
Մինչ Հայաստանի իշխանությունը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը, ինչպես ձևակերպել էր արտգործնախարարը, ճահճից դուրս գալու հնարավորություն է համարում, ընդդիմությունից կարծում են՝ եթե նույնիսկ միջազգային դերակատարները պարտադրեն Բաքվին Երևանի հետ համաձայնեցված փաստաթուղթը ստորագրել, միևնույն է դա չի բխելու Հայաստանի շահերից: