«ՀՀ-ն չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ»
Հայաստանն Իրանի շահերի նկատմամբ զգայուն է, և «Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես մեր շահերի նկատմամբ զգայուն է», Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս պետք է պաշտպանել Իրան-Հայաստան հարաբերությունները, որոնք, հարցազրուցավարի ձևակերպմամբ, ունեն հակառակորդներ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ պետք է կենտրոնանալ հարաբերությունների բնական շահերի վրա հիմնված լինելու հանգամանքի վրա:
«Ինչպես նշում եք՝ կան գործոններ, որոնք նեգատիվ են ազդում, այդ գործոնները գաղտնիք չեն, այդ թվում՝ բարդ հարաբերություններն են Իրանի Իսլամական Հանրապետության և մի շարք արևմտյան երկրների միջև, որոնց հետ մենք նույնպես ունենք հարաբերություններ, ընդ որում՝ լավ հարաբերություններ: Մենք փորձում ենք ԻԻՀ այս զգայուն շահերը հաշվի առնել և մեր գործընթացներում հակադրություններ չստեղծել», - հավելել է նա:
Դիտարկմանը, թե Փաշինյանի կառավարությունը բնորոշվում է արևմտամետ, սա չի՞ ազդի Թեհրանի հետ հարաբերությունների վրա, ՀՀ վարչապետն արձագանքեց, թե պաշտոնական Երևանն իրականացնում է բալանսավորման արտաքին քաղաքականություն, ինչը բացառում է «մետության» որևէ դրսևորում:
«Իրանի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, և մենք ուզում ենք, որ իսլամական աշխարհի հետ մեր հարաբերությունները շարունակեն խորանալ», - հայտարարեց նա՝ պնդելով, որ «մեր այլ հարաբերություններում սպառնալիք չկա Իրանի նկատմամբ»: Բացի այդ, Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ Թեհրանի՝ այլ երրորդ կողմերի հետ հարաբերություններում էլ սպառնալիք չկա Երևանի նկատմամբ:
Եթե արևմտյան երկրների կողմից սպառնալիք հնչի Իրանի դեմ, որո՞նք կլինեն ՀՀ իշխանությունների գործողությունները, վարչապետ Փաշինյանից հետաքրքրվեց իրանական ՀԸ լրագրողը: «Մենք ասել ենք, որ ՀՀ-ն չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ», - վստահեցրեց Հայաստանի ղեկավարը:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիրակի օրը ելույթում ազգային միասնությունը, հարևանների հետ սերտ համագործակցությունը և միջազգային համաձայնագրերի օգտագործումը որակել էր տարրեր, որոնք կօգնեն Թեհրանին հաղթահարել տնտեսական մարտահրավերները և չեզոքացնել պատժամիջոցները:
Ապաշրջափակման մասին ՀՀ դիրքորոշումը
Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը Ադրբեջանից Նախիջևան տարանցիկ երթուղու հետ կապված իրավիճակի վերաբերյալ, ապա Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին, որը, ըստ ՀՀ վարչապետի, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապուղիները և տնտեսական կապերն ապաշրջափակելու մասին է:
Օրերս վարչապետը հայտնել էր, որ Երևանն այս խնդիրը լուծելու համար Բաքվին առաջարկ է արել. խոսքն առաջին փուլում վերաբերում է երկաթուղային բեռնափոխադրումների իրականացմանը:
«Իհարկե, մենք կարծում ենք, որ այդ խնդիրը պետք է լուծվի երկրների տարածքային ամբողջականության, իրավազորության և ինքնիշխանության հարգմամբ: Եվ այն լուծումը, որ մենք առաջարկել ենք, կարծում ենք՝ լիարժեք բավարարում է այս պայմանին», - իրանական ՀԸ հետ զրույցում ասել է նա:
Այն պայմանները, որ Իրանն առաջարկում է Ադրբեջանին, նույնը պատրաստ է նաև առաջարկել Հայաստանը, հավելել է Նիկոլ Փաշինյանը. «Իհարկե՝ հաշվի առնելով առանձնահատկությունը, որ տվյալ դեպքում ոչ միայն Ադրբեջանից Հայաստանի տարածքով Ադրբեջան, այլև Հայաստանից Ադրբեջանի տարածքով Նախիջևան երկաթուղային բեռնափոխադրումների մասին է»:
Կառավարության ղեկավարն այսօր ավելի վաղ հիշեցրել էր՝ թեև Բաքուն տարբեր առաջարկներ է մերժել անցած տարիներին, բայց հայկական կողմը շարունակում է ճկունություն դրսևորել, սեղանին հենց հիմա էլ առաջարկներ կան:
Ադրբեջանից մի քանի ժամ անց արձագանքել էին՝ Հայաստանը պետք է գործնական քայլեր ձեռնարկի տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման համար, և ընդգծել, թե Երևանը «պարտավորություններ է ստանձնել այդ ուղղությամբ»։ Բաքվից պնդել էին, թե Երևանի կողմից ներկայացված առաջարկներն «ըստ էության անհարկի են, դժվար իրագործելի և գործնականում երթուղին երկարացնող»։
«Այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև, թե ինչ տեղի կունենա այս նախագիծն իրագործելու պարագայում։ Սա շատ պոզիտիվ ազդեցություն կունենա նաև Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, որովհետև այս համատեքստում նշանակում է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկարողանան միմյանց տարածքներն օգտագործել միջազգային երկաթուղային բեռնափոխադրումների համար։ Այս կապուղիները բացվելու պարագայում Հայաստան-Իրան երկաթուղի կունենանք, ինչն էականորեն կխորացնի մեր տնտեսական հարաբերությունները», - հարցազրույցում ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե ի՞նչ է վերջինս կարծում այս ճանապարհները երրորդ երկրների կամ ՄԱԿ-ի կողմից հսկվելու առաջարկի մասին, Նիկոլ Փաշինյանը բացասական պատասխան է տվել, ասելով. «Եթե թարգմանենք իմ ասածը, դա նշանակում է, որ երրորդ ուժերի մասին խոսակցությունն անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար։ Այսինքն՝ մենք նման անհրաժեշտություն չենք տեսնում և նման անհրաժեշտություն չկա բնականորեն»:
Անխոչընդոտ, առանց ստուգումների ճանապարհի պահանջ Բաքուն ներկայացնում է՝ հղում անելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին: Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ գրած հոդվածում շեշտել է՝ տարածաշրջանային ապաշրջափակումը երկկողմ պարտավորություն է, իսկ Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհն էլ՝ դրա ընդամենը մի մասը:
Արդեն կես տարի է՝ Երևանն ու Բաքուն ապաշրջափակման հարցը հանել են խաղաղության պայմանագրից, բայց քննարկումները շարունակվում են: