«Ուրացման մեկնարկ» և «թուրքական ժխտողական քաղաքականության որդեգրում», այսպես են բնորոշել Հայաստանի նախկին արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Արա Այվազյանը վարչապետ Փաշինյանի հայտարարությունները շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը։
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել, և ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել, ո՞նց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է», - ասել էր Փաշինյանը։
«Սա դավաճանություն է, որը չի կարող ներվել կամ անտեսվել»
«Դավաճանությունը, որը չի կարող ներվել կամ անտեսվել» վերնագրի ներքո 1998-ից 2008 թվականներն արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարած Վարդան Օսկանյանը գրում է, որ Փաշինյանն իր այս հայտարարությամբ «կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը, որը ոչ միայն ցնցող է, այլև անընդունելի Հայաստանի որևէ ղեկավարի համար»։
Շեշտելով, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առավել մանրակրկիտ փաստագրված ոճրագործություններից է, իսկ ապացույցներն՝ անհերքելի, Վարդան Օսկանյանն ընդգծում է, որ ուրանալով պատմական ճշմարտությունն ու ազգային արժանապատվությունը՝ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ կերպով կրկնօրինակում կամ, ինչպես Օսկանյանն է ձևակերպել, «թութակում է» Թուրքիային, որը տասնամյակներ շարունակ ագրեսիվ լոբբինգ է իրականացնում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ։
«Առաջարկելով, որ հայերը պետք է հետաքննեն Ցեղասպանության «պատճառները», նա մեղքը ոճրագործից տեղափոխում է զոհի վրա՝ խորամանկ հնարք, որը հաճախ են օգտագործում ցեղասպանության ժխտողները։ Այսօրինակ հռետորաբանությունը զուտ պատմական ռևիզիոնիզմ չէ, այն բարոյական ուրացում է։ Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը և սասանել հայ ազգի միասնությունը։ Սա դավաճանություն է, որը չի կարող ներվել կամ անտեսվել», - ընդգծել է Վարդան Օսկանյանը։
«Ոչ այլ ինչ է, քան ժխտողականության քաղաքականության որդեգրում»
Վարչապետ Փաշինյանի հայտարարությանն է անդրադարձել նաև 2020-ից 21 թվականներին արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Արա Այվազյանը։
«Հայոց ցեղասպանության վերաբերյալ «դատողությունների» շրջանառումը ոչ այլ ինչ է, քան ժխտողականության քաղաքականության որդեգրումն ու մեր ազգային ողբերգության ուրացման մեկնարկը», - նշել է նա:
«Վարչապետն իրականացնում է Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն». Հայ դատի կենտրոնական գրասենյակ
Վարչապետ Փաշինյանի Շվեյցարիայում արած հայտարարությունները խիստ քննադատել է Դաշնակցության Հայ դատի կենտրոնական գրասենյակը՝ պնդելով՝ «Հայաստանի վարչապետն իրականացնում է արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, այլ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն»։
«Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը, ով իր իշխանության երկարաձգման գործում հիմնականում հենվում է տարբեր ուժային կենտրոնների վրա, վերջիններիս աջակցության կորստի մոտալուտ վտանգը զգալով, սկսել է դաշնակիցներ փնտրել թշնամական շրջանակներում», - նշված է հայտարարությունում։
Փաշինյանը դեռ չի արձագանքել մեղադրանքներին, ՔՊ -ից հերքում են, թե նա ուրացել է Ցեղասպանությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առայժմ չի արձագանքել իր հասցեին հնչած կոշտ քննադատությանն ու մեղադրանքներին։ Փոխարենը ՔՊ-ական մի շարք պատգամավորներ վերջին օրերին Ֆեյսբուքի իրենց էջերում հանդես են գալիս հայտարարություններով, պնդելով, թե Փաշինյանը ոչ ուրացել, ոչ էլ կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանությունը։
«Կայսրության բոլորիս հայտնի ինֆորմացիոն զորքերը, դրոշն առած ու փրփուրը բերաններին, փորձում են ապացուցել, թե վարչապետը Շվեյցարիայում կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության փաստը, ինչը բացարձակ սուտ է», - նշել է ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:
Նա նաև փորձել է բացատրել, թե ինչ է ուզել ասել վարչապետը, երբ հայտարարում էր, թե պետք է հասկանանք՝ Ցեղասպանության ժամանակ ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել, և ո՞ւմ միջոցով ենք այն ընկալել։
«Երբ դու քո ողբերգությանը նայում ես քո աչքերով, դու քո ողբերգությունը սգալու, քո ողբերգությանը տեր լինելու, քո ողբերգության հետ առերեսվելու համար չունես միջնորդի կարիք, այդ ժամանակ կայսրությունն առանձնապես քեզ ծախելու շատ բան չի ունենում», - ասել է Վահագն Ալեքսանյանը:
Ի դեպ, եթե այսօր վարչապետի համոզմամբ՝ դեռ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին և ինչու, ապա ուղիղ 4 տարի առաջ նա այդ հարցի պատասխանն ուներ. ըստ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության մեղավորներն ու պատասխանատուները միանշանակ Օսմանյան կայսրության «երիտթուրքական կառավարությունն էր իր պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ, որի նպատակն էր մոնոէթնիկ և ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումը, ինչն իր հերթին ծնել էր հայատյացության և ազգային ու կրոնական փոքրամասնություններից ազատվելու գաղափարը»։