Մատչելիության հղումներ

Փաշինյանի համոզմամբ՝ դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Ցեղասպանության ժամանակ. ցեղասպանագետը նրան խորհուրդ է տալիս «մի քիչ կարդալ»


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հունվար, 2025թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հունվար, 2025թ.

Ըստ Փաշինյանի՝ դեռ պետք է հասկանալ Հայոց ցեղասպանության ժամանակ ինչ է տեղի ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։

Կառավարության տարածած տեսանյութում շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն, առանց որևէ խոսք ասելու Օսմանյան կայսրության մեղավորության ու ժխտողական քաղաքականության մասին, կարևորեց նաև մեկ այլ հարց, թե ինչու Հայաստանի օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը։

«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», - հայտարարել է վարչապետը։

«Խորհրդային Միությունը բանտարկել է այն մարդկանց, ովքեր խոսել էին դրա մասին». ցեղասպանագետի մեկնաբանությունները

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանին զարմացրել են Փաշինյանի հայտարարությունները. - «Ամենավտանգավոր բաներից մեկը կիսագրագիտությունն է. վարչապետին պետք է ընդամենը մի քիչ կարդալ, ինձ թվում է, որ դա միշտ օգնում է նման հարցերով խոսելուց առաջ», - «Ազատությանն» ասաց նա:

Մանուկյանն ընդգծեց՝ ցեղասպանագիտությունը վաղուց տվել է այն հարցերի պատասխանները, որոնք Հայաստանի վարչապետն այսօր բարձրացնում է։

«Անքննելի իրողություն է գոնե այն ոլորտի մասնագետների համար, ովքեր զբաղվում են ցեղասպանությամբ, և սկսած պատճառներից, երբ հարցնում է՝ ինչու է եղել, պատճառներն էլ են ուսումնասիրված: Դա նույնն է, եթե այսօր փորձենք ասել, որ պետք է վերարժևորել Նյուտոնի օրենքները և հասկանալ՝ արդյոք մեխանիկան այդպես է աշխատում, թե չէ: Եթե ինքը չի վստահում հայ գիտնականներին, խորհուրդ կտամ կարդալ օտարերկրյա գիտնականներ, նույնիսկ թուրք գիտնականներ կան, որ գրել են Հայոց ցեղասպանության մասին», - նկատեց նա:

Իսկ թե ինչո՞ւ1939-ին չէին խոսում Հայոց ցեղասպանության մասին, Փաշինյանի այդ հարցի պատասխանն էլ, ըստ ցեղասպանագետի, շատ ակնհայտ է՝ 1939-ին ցեղասպանություն տերմինը պարզապես դեռ ի հայտ չէր եկել. - «Ցեղասպանություն՝ Genocide տերմինն առաջին անգամ ի հայտ է եկել 1943-ին, երբ լեհ իրավաբան Լեմկինն իր գրքում առաջին անգամ օգտագործեց այդ բառը։ Եվ հետո իր հարցազրույցներից մեկում ինքն ասել է, որ «ես ստեղծեցի այդ բառը, որովհետև մեզ պետք էր ինչ-որ մի բնորոշում, որպեսզի մենք կարողանայինք հասկանալ՝ ինչ էր այն, ինչ կատարեցին թուրքերը հայերի և նացիստները հրեաների հետ»:

Սուրեն Մանուկյանը նշում է, թեև ցեղասպանության տերմինը 1939-ին չկար, բայց դրա վերաբերյալ քննարկումներ եղել են նաև մինչև 1950 թվականը, այդ մասին հարյուրավոր հուշեր և գիտական աշխատություններ են գրվել։

Ցեղասպանագետն ասում է, որ Փաշինյանը Շվեյցարիայում արած իր հայտարարությամբ փորձում է ակնարկել, թե Խորհրդային Միությունն է ստեղծել և օրակարգ բերել Հայոց ցեղասպանության հարցը, այն դեպքում, երբ ԽՍՀՄ-ը միշտ արգելել է այդ թեման։ 50-ականներից հետո Ցեղասպանության հարցը մի փոքր ավելի շատ է սկսել արծարծվել այն պարզ պատճառով, որ բռնապետ Ստալինի մահից հետո որոշ թեմաներ սկսեցին բացվել, ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև բռնաճնշումների ու գուլագների մասին սկսեցին գրել։

«Խորհրդային Միությունը բանտարկել է այն մարդկանց, ովքեր խոսել էին դրա մասին, և ընդ որում երբ ինքն ասում է 50-ականներ, նույնիսկ 60-ականներում և 70-ականներում եղել են տասնյակներով մարդիկ, ովքեր ուղարկվել են գաղութներ միայն նրա համար, որ ապրիլի 24-ին փորձել են թռուցիկներ տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այդ առումով ես ուղղակի՝ որպես գիտնական, ուզում եմ շեշտել, որ վարչապետը չի տիրապետում նյութին, և իր դատողությունները, կուզեմ իրեն ուրախությամբ տեղեկացնել, որ այդ թեման ուսումնասիրված է: Եթե ինքը կարիք ունի գրականության և կուզենա կարդալ, այդ թեմայի շուրջ պատկերացում կազմել, մենք սիրով ենթադրում ենք, որ այդ նյութերը կարող են իրեն տրամադրել, կարդա և միգուցե հասկանա՝ ինչ էր Հայոց ցեղասպանությունը և ինչու է տեղի ունեցել», - ասաց նա:

Ի՞նչ էր 2021-ին ասում վարչապետ Փաշինյանը

Ի դեպ, եթե այսօր վարչապետի համոզմամբ՝ դեռ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին և ինչու, ապա ուղիղ 4 տարի առաջ Նիկոլ Փաշինյանն այդ հարցի պատասխանն արդեն ուներ, որի մասին խոսել էր 2021 թվականի ապրիլի 24-ի իր ուղերձում, որտեղ, մասնավորապես, ասված է. «Ովքե՞ր էին այդ սարսափելի հանցագործությունների մեղավորները, ովքե՞ր էին դրա պատասխանատուները։ Պատասխանը միանշանակ է՝ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը՝ թուրքիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ, որի առանցքային նպատակներից էր մոնոէթնիկ և ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումը, ինչն իր հերթին ծնել էր հայատյացության և ազգային ու կրոնական փոքրամասնություններից ազատվելու գաղափարը»։

Փաշինյանը սպասարկում է թուրքական օրակարգը. Գեղամ Մանուկյան

Ինչո՞ւ 4 տարի առաջ Փաշինյանը հստակ ձևակերպում էր Հայոց ցեղասպանության պատճառները, իսկ այսօր արդեն ուզում է պարզել այդ պատճառները։

«Հայաստանում այսօր կոլաբորացիոնիստական իշխանություն է, որը ծառայում է միայն Թուրքիային և Ադրբեջանին», - համոզվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը «թշնամական թեզեր» է տարածում հանրության մեջ: Դաշնակցական պատգամավոի համոզմամբ՝ ակնհայտ է՝ «կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանությունը՝ Փաշինյանը սպասարկում է թուրքական օրակարգը»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG