Եվրոպական երկրների ղեկավարներն առավոտից ժամանում են Փարիզ՝ Ուկրաինայի հարցով արտահերթ հանդիպման։ Հավաքն անցնում է ռուս-ամերիկյան տարանջատ բանակցությունների ֆոնին, որոնց ո՛չ Ուկրաինան, ո՛չ Եվրամիությունն առայժմ չեն մասնակցում։
«Եվրոպան պետք է միասնական դիրքորոշում մշակի», - հանդիպումից առաջ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ով այս հանդիպումից հետո՝ հաջորդ շաբաթ մեկնելու է Վաշինգտոն ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների։ Telegraph-ում երեկ հրապարակված հոդվածում Սթարմերը պնդել է, որ անհրաժեշտության դեպքում Բրիտանիան պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա:
«Մեծ Բրիտանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ ․․․ Դա նաև նշանակում է ցանկություն և պատրաստակամություն՝ անհրաժեշտության դեպքում նպաստելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովմանը մեր իսկ զորքերի տեղակայմամբ», - վստահեցրել է Միացյալ Թագավորության վարչապետը:
Այսօրվա հայտարարություններից դատելով, սակայն, եվրոպացի առաջնորդները դեռ հեռու են միասնական դիրքորոշումից ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, օրինակ, պնդել է՝ խաղաղապահներ ուղարկել-չուղարկելու հարցն առայժմ վաղ է քննարկել:
«Ինձ համար միանգամայն պարզ է, որ ուշադրության կենտրոնում պետք է լինի ուկրաինական շատ ուժեղ բանակը, նույնիսկ խաղաղ պայմաններում: Սա մեծ առաջադրանք կլինի Եվրոպայի, ԱՄՆ-ի և միջազգային դաշնակիցների համար», - ասել է Շոլցը:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն առավել հստակ է արտահայտվել՝ Լեհաստանը Ուկրաինայի դեմ շուրջ երեք տարի շարունակվող պատերազմի ընթացքում մշտապես աջակցել է Կիևին և կշարունակի, սակայն զորք Ուկրաինա ուղարկել չի պատրաստվում:
«Լեհաստանը կաջակցի Ուկրաինային, ինչպես դա արել է մինչ այժմ՝ կաջակցի կազմակերպչական առումով, մեր ֆինանսական հնարավորություններին համապատասխան։ Մարդասիրական և ռազմական օգնության առումով մենք չենք պատրաստվում լեհ զինվորներին ուղարկել Ուկրաինա», - հայտարարել է Տուսկը:
Եվրոպացի առաջնորդների ելույթներում, միաժամանակ, կարմիր թելով միևնույն միտքն է անցնում՝ Հին մայրցամաքը պարտավոր է ավելի շատ գումար տրամադրել ռազմական ծախսերի և սեփական անվտանգությունն ամրապնդելու համար։
Մինչ այդ, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակությունները՝ արտգործնախարարների գլխավորությամբ, ժամանում են Սաուդյան Արաբիա, որտեղ վաղը Մարկո Ռուբիոն ու Սերգեյ Լավրովը կնստեն բանակցությունների՝ առաջին անգամ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմից ի վեր։
Գերտերությունների այդ հանդիպումից ժամեր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց՝ իրենց չեն հրավիրել, հետևաբար՝ Կիևը չի ճանաչի որևէ պայմանավորվածություն, որը ձեռք կբերվի առանց իրենց:
«Ուկրաինան չի մասնակցի Սաուդյան Արաբիայի բանակցություններին: Ուկրաինան դրանց մասին ոչինչ չգիտեր։ Ուկրաինան իրեն վերաբերող ցանկացած բանակցություն, որ տեղի կունենա առանց Ուկրաինայի մասնակցության, կհամարի առոչինչ, և մենք չենք կարող ճանաչել մեր մասին որևէ բան, որևէ համաձայնագիր, որը կնքվել է առանց մեզ», - ընդգծեց Զելենսկին:
Մինչ այդ նաև եվրոպացի առաջնորդներն էին քննադատել իրենցից առանձին Պուտինի հետ շփումներ սկսելու, Ռուսաստանին մեկուսացումից հանելու՝ Դոնալդ Թրամփի որոշումը։
Ռուսաստանը, մինչդեռ, գոհ է ձևաչափից։ «Ինչո՞ւ պիտի եվրոպացիները մասնակցեն, եթե նրանք ցանկանում են, որ պատերազմը շարունակվի», - այսօր հարց է բարձրացրել արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հավելելով՝ Եվրոպան արդեն ունեցել է խնդրի կարգավորմանը ներգրավվելու մի քանի հնարավորություն, որոնք որևէ արդյունք չեն տվել: Խոսելով ռուսական կողմի ակնկալիքների մասին՝ Լավրովը նշել է՝ Մոսկվան նախևառաջ ցանկանում է լսել ամերիկյան կողմին:
«Նախագահներ Պուտինն ու Թրամփը, երբ շփվել են հեռախոսով, պայմանավորվել են միանգամայն աննորմալ հարաբերություններն անցյալում թողնելու անհրաժեշտության շուրջ ... և նախագահները համաձայնել են, որ անհրաժեշտ է վերականգնել երկխոսությունը», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Պետդեպարտամենից էլ հայտարարել են՝ Միացյալ Նահանգներն ուզում է այս հանդիպմամբ հասկանալ՝ որքանով է Կրեմլը լուրջ տրամադրված ու պատրաստակամ խաղաղության հարցում։ «Սա պետք է դիտարկել ոչ թե որպես Ուկրաինայի հարցով բանակցություն, այլ՝ հանդիպում հասկանալու՝ արդյոք մենք կարող ենք Մոսկվայի հետ անցնել առավել մանրամասն քննարկումների», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։
Ակնկալվում է, որ Ռուբիոն և Լավրովը վաղը կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն նաև նախագահներ Թրամփի և Պուտինի հնարավոր հանդիպումը, որն, ըստ Սպիտակ տան ղեկավարի, կարող է տեղի ունենալ շատ շուտով։