Մատչելիության հղումներ

Խոզնավարի տան տանիքին ադրբեջանցիների կրակոցից արևային ջրատաքացուցիչ է վնասվել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Լարված գիշերներ Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերում: Պաշտպանության նախարարությունը հաղորդում է նախօրեին Խոզնավարի ուղղությամբ ադրբեջանական կրակի ու դրա հետևանքով գյուղի տանիքներից մեկում տեղադրված արևային ջրատաքացուցիչի վնասման մասին՝ հրապարակելով նաև լուսանկարներ, որոնցում արձակված պարկուճն է երևում:

«Կարող ա դրանից մի տասը մետր ներքև խփեին, լուսամուտով մտներ տուն, մեկին վնաս տար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խոզնավարի բնակիչը՝ հավելելով. - «Թիրախային չի, պռոստը անկանոն կրակոցներ ա: Բայց էսօր, էս գիշեր ժամը 12-ն շատ ա էղել, մարտի 18-ից ինչ կրակում են, ամենաերկար կրակոցը էղել ա էս գիշեր»:

Ահազանգում են նաև հարևան Խնածախ գյուղի բնակիչները՝ պնդելով, թե արդեն մեկ ամիս շարունակվող կրակոցներն այս գիշեր ավելի ինտենսիվ են եղել: Այնպիսի տպավորություն էր, կարծես պատերազմ է սկսվում, չձայնագրվելու պայմանով պատմեց բնակիչներից մեկը: Կինն ասում է՝ այնքան հաճախ են կրակոցներ լսել, որ արդեն ձայներից են կռահում՝ կարծես տարբեր զինատեսակներ են կիրառվում:

Կրակում են ինչպես օդ, այնպես էլ հենց գյուղի ուղղությամբ, պնդում են բնակիչները, և այսպես արդեն մեկ ամիս շարունակ, ամեն գիշեր, ժամը 22:20-ից սկսած:

Այս ընթացքում Պաշտպանության նախարարությունը հիմնականում ադրբեջանական կողմի՝ իրենց դիրքերը թիրախավորելու մասին հայտարարություններն էր հերքում, յուրաքանչյուր նման հաղորդագրության մեջ կրկնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկը:

Այսօր նախարարությունն այս բնակավարերի ուղղությամբ ուղիղ կրակի մասին երրորդ հայտարարությունը տարածեց. նախ մարտի 31-ին էին հայտնել, թե Խնածախում բնակելի տուն է վնասվել, ապա մեկ շաբաթ առաջ տեղեկացրել, թե գյուղի մշակույթի տունն է վնասվել: Մեկ ամսվա ընթացքում այսպիսի այլ պաշտոնական հաղորդագրություններ չեն եղել: Գերատեսչությունը հայկական կողմի ուղղությամբ կրակոցների մասին չհայտնեց նաև այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմն օրերս ուղիղ հայտարարեց՝ պատասխան կրակ է բացել Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«Արդեն լարված ա, ամեն օր, ամեն օր, մի ամիս ա էս վիճակն ա», - ասաց «Ազատության» զրուցակից խնածախցի կինը:

Խնածախցիները նկատել են՝ ադրբեջանական ուժերը կրակում են նաև այն ժամանակ, երբ գիշերը գյուղում շարժ է լինում, օրինակ՝ երբ լույս է վառվում: Հիմա ստիպված երեկոյան 10-ից հետո տնից դուրս չեն գալիս: Բնակիչներն ահազանգում են՝ եթե այս ամենը շարունակվի, գյուղը կդատարկվի: Շարունակվող կրակոցներից տուժում է նաև բնակիչների ապրուստի հիմնական միջոցը՝ գյուղատնտեսությունը. փոքր ծավալով են աշխատում:

«Բոլորն էլ վախենում են, մարդ կա արդեն ուզում ա դուրս գա ... »:

Անհանգիստ ու պարզաբանումների սպասող քաղաքացիներին դիմելու հնարավորություն այսօր վարչապետ Փաշինյանն ուներ, կրակոցների մասին լրագրողի հարցին, սակայն, նա չարձագանքեց, նստեց մեքենան ու հեռացավ:

Նախօրեին՝ ցերեկային ժամերին, երբ ինքնաձիգները սովորաբար լուռ են, Խնածախում ու Խոզնավարում էին իշխանական պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Դանիել Դանիելյանը: Այցի մասին սոցցանցերում հոլովակ է հրապարակել Թորոսյանը.

«Շփվեցինք մեր բնակիչների հետ, ծանոթացանք իրականացվող ծրագրերին»:

Զվարթ երաժշտությամբ ուղեկցվող մեկուկես րոպեանոց տեսանյութում Թորոսյանը պատմում է Խնածախում կառուցվող նոր դպրոցի, ջրագծերի և այլ ծրագրերի մասին, և միայն հոլովակի ավարտին է նրա գործընկեր Դանիելյանն անդրադառնում կրակոցներին. - «Գյուղի բնակիչների հետ խոսեցինք նաև անվտանգային հարցերի շուրջ, և անկախ նրանից, որ ադրբեջանական կողմից հնչում են կրակոցներ, և երկու անգամ դեպք է եղել, որ թիրախավորվել է քաղաքացիական շինություն, գյուղի բնակիչների մոտ դուխները բարձր է»:

Հոլովակում Արսեն Թորոսյանն ասում է, թե բնակիչների հետ են շփվել, տեսանյութում, սակայն, մի քանի տղամարդ է երևում: Խնածախցի կանայք, որոնց հետ այսօր այսօր «Ազատություն»-ը զրուցեց, ասացին՝ անձամբ իրենք պատգամավորներին չեն տեսել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG