Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին հրադադարը խախտելու մեղադրանք է հնչեցնում, Երևանը՝ հերքում


Հայ զինվորը մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորը մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Պաշտոնական Երևանը կրկին հերքում է հրադադարը խախտելու Բավքի հերթական պնդումը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են Հայաստանի ռազմական գերատեսչությունից։

Բաքուն, մասնավորապես, հաղորդել է, թե հայկական կողմը կրակել է Վարդենիսի և Գորիսի դիրքերից, իրենք էլ «համարժեք պատասխան գործողություններ» են ձեռնարկել։

Պաշտպանության նախարարությունը կրկին հիշեցրել է Երևանի առաջարկը՝ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ։ Բաքուն այս առաջարկը մինչ օրս անպատասխան է թողել։

Պաշտոնական Երևանը վերահաստատել է՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Շաբաթներ շարունակ Բաքուն Երևանին մեղադրում է իր դիրքերը թիրախավորելու համար, այս նույն ընթացքում Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային բնակավայրերից հաղորդում են չդադարող կրակոցների մասին։

Դիտարկմանը, թե հրադադարը խախտելու Բաքվի մեղադրանքներն ու Երևանի հերքումները նման են 44-օրյա պատերազմի մենարկի սցենարին, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսպես էր պատասխանել՝ եթե պաշտոնական Երևանը Հայաստանի անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնի, հանրության հետ կկիսվի։

Ադրբեջանի նախագահը օրերս հայտարարեց, թե պատերազմի վտանգը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ «Երևանը չի հրաժարվել Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG