Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնում է՝ տուժածներ չկան:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Պաշտպանության նախարարությունը կրկին հիշեցրել է Երևանի առաջարկը՝ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ։ Բաքուն այս առաջարկը մինչ օրս անպատասխան է թողել։
Սահմանին իրադրությունն այս պահին հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել է, որ այս պահին հարաբերականորեն կայուն է իրադրությունը, «կրակոցները, որոնք երբեմն տեղի են ունենում, դրանք ոչ նշանառու, անհասցե կրակոցներ են, կարող եմ ասել՝ սակավաթիվ»:
«Իմ և մեր լրատվական ծառայության կողմից տրամադրված տեղեկության միջև որևէ հակասություն չկա»,- ասաց նա:
Հացին՝ կուտակումներ կա՞ն, փոխնախարարը պատասխանեց. - «Այս պահին՝ ոչ»:
Անցած շաբաթների ընթացքում Բաքուն Երևանին էր մեղադրում իր դիրքերը թիրախավորելու համար, այս նույն ընթացքում Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային բնակավայրերից հաղորդում են չդադարող կրակոցների մասին։