Մատչելիության հղումներ

Խաղաղապահ զորքն Ուկրաինայում կարող է տեղակայվել միայն խաղաղության հաստատումից հետո. Մակրոն


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ԱՄՆ առաջնորդի հետ ասուլիսին, Վաշինգտոն, 24-ը փետրվարի, 2025թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ԱՄՆ առաջնորդի հետ ասուլիսին, Վաշինգտոն, 24-ը փետրվարի, 2025թ.

Վաշինգտոն կատարած այցից հետո այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Եվրամիության առաջնորդներին հեռավար պատմել է, թե ինչ է զրուցել այս շաբաթասկզբին նախագահ Թրամփի հետ Ուկրաինայի հարցով։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ այս հավաքից հետո արդեն Եվրամիության առաջնորդները մարտի 6-ին նոր արտահերթ գագաթնաժողով կանցկացնեն՝ քննարկելու Ուկրաինային լրացուցիչ աջակցության և Եվրոպայի անվտանգության հարցերը։

Մակրոնից հետո էլ վաղը Սպիտակ տուն կայցելի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Եվրոպացի առաջնորդները ողջունում են Միացյալ Նահանգների նախագահի խաղաղասիրական ջանքերը, միաժամանակ ընդգծում են, որ անհրաժեշտ է Կիևին անվտանգության կայուն երաշխիքներ տալ, այդ թվում՝ Վաշինգտոնի մասնակցությամբ։

«Ես բազմիցս խոսել եմ նախագահ Զելենսկու հետ, ես խոսել եմ նախագահ Մակրոնի հետ Ֆրանսիա վերադառնալուց հետո։ Հանգստյան օրերին հյուրընկալելու եմ մի շարք երկրների առաջնորդների, որպեսզի մենք շարունակենք քննարկել, թե ինչպես ենք միասին՝ որպես դաշնակիցներ առաջ գնալու՝ հաշվի առնելով առկա իրավիճակը», - ասել է Կոշտան:


Փարիզը, Լոնդոնը և եվրոպական այլ մայրաքաղաքներ հայտարարել են, որ պատրաստ են կրել Ուկրաինայի հետպատերազմյան անվտանգության բեռի մեծ մասը: Ըստ եվրոպական ծրագրի՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն ոչ թե սահմանին, այլ Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների մոտ՝ ստանալով ԱՄՆ օդային և ծովային ուժերի պաշտպանությունը:

«Մենք խոսեցինք անվտանգության երաշխիքներից։ Մենք ուզում ենք խաղաղություն, բայց չենք ուզում համաձայնագիր, որը թույլ կլինի։ Եվրոպացիները պատրաստ են ներգրավվել այդ անվտանգության երաշխիքները տրամադրելու գործում, և մենք հստակ ուղերձ ստացանք Ամերիկայից, որ Նահանգները՝ որպես դաշնակից, պատրաստ է իր համերաշխությունը հայտնել։ Դա շրջադարձային պահ է», - ասել է Մակրոնը։

Խոսելով եվրոպական հնարավոր առաքելությունից՝ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այդ զորքը կարող է տեղակայվել կայուն խաղաղության հաստատումից հետո միայն։ Այն, սակայն, չի լինելու առաջնագծում կամ օկուպացված տարածքներում, բայց գործելու է որպես աջակցություն կողմերի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագրին։


Թեև նախագահ Թրամփը հայտարարել էր, թե Ռուսաստանը դեմ չի լինի Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայմանը, Մոսկվան այսօր վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ մերժեց այդ առաջարկը։

«Երբ այս թեման բարձրացվեց մամուլի ասուլիսում, նախագահ Թրամփն ասաց, որ խաղաղապահ ուժեր տեղակայելու որոշումը հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ՝ ըստ երևույթին, նկատի ունենալով մեզ և Ուկրաինային։ Մեզ ոչ ոք այդ մասին չի հարցրել։ Կարծում եմ, որ այս մոտեցումը, որը պարտադրում են եվրոպացիները, առաջին հերթին՝ Ֆրանսիան և Բրիտանիան, կրկին նպատակաուղղված է հակամարտությունն էլ ավելի թեժացնելուն», - պնդել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Այսօր Միացյալ Նահանգների նախագահին հարց ուղղվեց այն մասին, որ թեև նախագահն ասել է, որ Պուտինի հետ խոսել է Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու գաղափարի մասին և, որ նա կընդունի դա, բայց Մոսկվայից էլ ասել են, որ անընդունելի են համարում այդ գաղափարը։

Չնայած Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հրապարակավ պատրաստակամություն են հայտնել խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա, այս հարցում Եվրոպայում միասնական դիրքորոշում դեռ չկա։ Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան կտրականապես հրաժարվում են զորք ուղարկելու գաղափարից, Գերմանիան առհասարակ չի մասնակցել այս թեմայով փարիզյան քննարկումներին, Իտալիան, Իսպանիան, Դանիան էլ զգուշավոր են խոսում դրա մասին։

XS
SM
MD
LG