Խարկովում անօդաչու թռչող սարքը հարվածել է բազմահարկ բնակելի շենքին, կա երկու տուժած, հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Ընդհանուր առմամբ, ըստ քաղաքապետի, փետրվարի լույս 26-ի գիշերը Խարկովում չորս ԱԹՍ հարձակում է գրանցվել։
ԱԹՍ հարձակումներ են եղել նաև Ուկրաինայի Կիևի շրջանի ուղղությամբ։ Բուչա թաղամասում ԱԹՍ հարվածից մասնավոր բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, ավելի ուշ շենքում մեկ բնակչի դի է հայտնաբերվել։
Ռազմական վարչությունից փոխանցում են, որ նույն թաղամասի մեկ այլ բնակավայրում 19-ամյա մի աղջիկ է վիրավորվել, մեկ այլ հատվածում՝ 43-ամյա մի տղամարդ, թաղամասում հինգ առանձնատուն է վնասվել, մի քանի բազմահարկ շենքերի ապակիներ են կոտրվել։
Ռուսաստանն, իր հերթին, այսօր հայտնել է Ղրիմի, Սև և Ազովի ծովերի երկնքում 128 անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին, իսկ Կրասնոդարի երկրամասում 83 ԱԹՍ է խոցվել։