Ուկրաինան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բնական պաշարների վերաբերյալ համաձայնագրի վերջնական տարբերակի շուրջ, գրում է BBC-ին՝ վկայակոչելով Ուկրաինայի կառավարության աղբյուրը։
«Իսկապես, մեզ հաջողվեց Ուկրաինային ձեռնտու շտկումներ մտցնել, մենք դա համարում ենք դրական արդյունք», - ասել է աղբյուրը։
Նշվում է, որ համաձայնագրի նոր տարբերակից հանվել է այն կետը, ըստ որի, ԱՄՆ-ը պետք է ունենա100 տոկոս վերահսկողություն առևտրային հիմնադրամի վրա։ Ուկրաինան դեմ էր այս կետին։ Ուկրաինան և ԱՄՆ-ը համատեղ կկառավարեն հիմնադրամը, սակայն Վաշինգտոնը կունենա որոշումներ կայացնելու լիազորություն։
Թեև համաձայնագրով՝ ԱՄՆ-ը Ուկրաինայի աջակցության համար ֆինանսական պարտավորություն կստանձնի, գումարի չափն առանձին կորոշվի, սակայն անվտանգհության հստակ երաշխիքներ համաձայնագրում չկան։
Երեքշաբթի երեկոյան ուկրաինական և արևմտյան լրատվամիջոցները՝ Financial Times-ը, Reuters-ը, "Украинская правда"-ն հայտնեցին, որ Կիևը համաձայնել է ստորագրել բնական պաշարների, այդ թվում՝ նավթի և գազի զարգացման փաստաթղթի նոր տարբերակը։
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան AFP-ին ասել է, որ ստորագրումը կարող է տեղի ունենալ ուրբաթ օրը: «Կառավարությունում այժմ աշխատում են որոշ մանրամասների շուրջ։ Դիտարկվում է համաձայնագիրը ստորագրելու համար ուրբաթ օրը Վաշինգտոն մեկնելու հնարավորությունը»,- ասել է գործակալության աղբյուրը։
Սպիտակ տունը պաշտոնապես չի մեկնաբանել այս հաղորդումը, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ասել էր, որ Վաշինգտոնն ու Կիևը մոտ են ԱՄՆ-ին ուկրաինական հանքերը շահագործելու իրավունք տրամադրելու գործարքի ստորագրմանը, և ինքն առաջիկա շաբաթներին Սպիտակ տանը կհանդիպի Վլադիմիր Զելենեսկու հետ՝ շեշտելով, որ մի քանի շաբաթում կարող է վերջ դրվել պատերազմին։