Հաջորդ շաբաթ մեկնարկող Ազգային ժողովի հերթական նիստում կքննարկվի նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած նախագիծը, այն է՝ կազինոների, շահումով խաղերի, տոտալիզատորների ոլորտում արդեն գործող տուրքերին ու հարկերին ավելացնել ևս մեկը՝ շրջանառության հարկ՝ 10 տոկոսի չափով:
Տնտեսական հանձնաժողովը երեկ ավելի քան երկու ժամ տևած բուռն քննարկման ընթացքում ի վերջո 3 կողմ 2 ձեռնպահ ձայներով դրական եզրակացություն տվեց, չնայած հենց իշխանական պատգամավորների միջև թեժ բանավեճին, և չնայած նրան, որ մինչև վերջ այդպես էլ պարզ չդարձավ, թե կառավարությունն այս նախագծի մասին ինչ եզրակացություն ունի:
Ներկայումս շահումով խաղերն ու տոտալիզատորները տարեկան 600 մլն դրամի չափով պետական տուրք են վճարում, 2022 թվականից նաև լրացուցիչ 50 կամ 100 միլիարդ դրամ խաղադրույք ընդունելու իրավունքի համար վճարում են ևս 50-175 միլիոն դրամ: Բացի տուրքը ոլորտը նաև շահութահարկ է վճարում՝ 18 տոկոսի չափով:
Հայկ Սարգսյանն առաջարկում է այս տուրքերին ու հարկերին գումարել նաև շրջանառության հարկը 10 տոկոսի չափով: Պատգամավորը վստահ է, այդ ոլորտը գերշահույթներ է ստանում, սակայն պետական բյուջե մտնում է անհամեմատ ավելի փոքր գումար: Օրինակ՝ 2023 -ին խաղադրույքների ոլորտում հոսող հսկայական փողերի՝ 6.3 տրիլիոն դրամից պետական բյուջե միայն 33 միլիարդ դրամ է մտել: Իսկ վերջին տասը տարում պտտվող փողի և վճարվող հարկերի հարաբերակցությունը՝ 7 տոկոսից հաստատուն կերպով նվազել է մինչև կես տոկոսի, ինչն անընդունելի է;
«2010 թվականին 14 միլիարդ դրամ շրջանառությունից հավաքագրվել է շուրջ մեկ միլիարդ հարկ կամ ծավալի 7.2 տոկոսը: 2023 թվականին 6.3 տրիլիոն դրամ շրջանառությունից հավաքագրվել է 33 միլիոն դրամ հարկ կամ ծավալի 0.5 տոկոսը: Շրջանառության ծավալի ու վճարած հարկերի հարաբերակցությունը նվազել է ավելի քան 14 անգամ», - նշեց Սարգսյանը:
«Քաղաքացիական պայմանագրից» Սերգեյ Բագրատյանը համաձայն է, և կարծում է՝ ոչ թե 10 տոկոս պիտի լինի հարկը, այլ՝ 20, հենց այդ փոփոխության պայմանով էլ կողմ քվեարկեց:
Հանձնաժողովի նիստում բանավեճը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև էր, նույն խմբակցության պատգամավոր հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը բազմաթիվ անգամներ փորձեց հետաձգել օրինագծի քվեարկությունն ու լրացուցիչ քննարկումներ անցկացնել: Հայկ Սարգսյանը վրդովվեց՝ հանձնաժողովի անդամների գործն էլ ինքն է արել, ի՞նչ կա քննարկելու, կարծիք հայտնեց՝ կարծես խաղային ոլորտի ընկերությունների շահերն են պաշտպանվում:
Բաբկեն Թունյանն ասում է՝ պաշտպանում է պետության շահերը. - «Ես էլ կարող է մտածեմ, որ Ձեր նպատակը լավը լինելով հանդերձ կարող է որոշակի ռիսկեր պարունակի: Այստեղ մի քիչ շանտաժի է նմանվում, որ՝ եթե դուք դեմ քվեարկեք նախագծին, ստացվում է կա՛մ բուքմեյքերական ընկերությունների շահերն եք պաշտպանում, կամ էլ պետական շահերին դեմ եք, իրականում՝ ոչ, մենք էլ ենք Հայաստանի Հանրապետության պետական շահերը սպասարում»:
Հանձնաժողովի նիստում այդպես էլ պարզ չդարձավ նաև, թե ինչ եզրակացություն ունի կառավարությունը: Հայկ Սարգսյանը պնդում էր, որ եզրակացությունը դրական է, քանի որ ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեն դրական եզրակացություն է տվել:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, սակայն, ասաց՝ կառավարության կարծիքը դեռ չկա, եթե տեխնիկական խնդիր լիներ, Ֆինանսների նախարարությունն անգամ գիշերը կաշխատեր:
Արդյունքում 3 կողմ ձայն ստանալով նախագիծը կմտնի լիագումար նիստ՝ առաջինից երկրորդ ընթերցման միջակայքում որոշ փոփոխությունների ենթարկվելու պայմանով: