Մատչելիության հղումներ

Փաստաբաններն ու խորհրդարանական ընդդիմությունն՝ ընդդեմ հարկային բեռի ավելացման


Փաստաբան Տարոն Սիմոնյան (ձախից), պատգամավոր Արծվիկ Մինասյան (աջից)
Փաստաբան Տարոն Սիմոնյան (ձախից), պատգամավոր Արծվիկ Մինասյան (աջից)

Փաստաբաններն ու խորհրդարանական ընդդիմությունն ընդդեմ հարկային բեռի ավելացման. 31 պատգամավոր բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու անցած ամռանը հաստատված և հունվարին ուժի մեջ մտած «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները:

Փաստաբանները տարեսկզբից գործում են հարկման ընդհանուր համակարգում, այսինքն՝ մատուցվող փաստաբանական ծառայությունների համար լրացուցիչ կիրառվելու է 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, վճարում են նաև շահութահարկ՝ 18 տոկոս դրույքաչափով:

«Ոչ միայն 7 անգամ ավելացրեց հարկային բեռը, այլև ավելացրեց մի դրույթ, որը թույլ չի տալու փաստաբանական համայնքին անհատույց իրավական օգնություն ցուցաբերել քաղաքացիներին, որովհետև պարտավոր է աշխատել ընդհանուր հարկման համակարգում», - ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Փաստաբաններն ու ընդդիմադիրներն այս փոփոխություններում առնվազն ութ հակասություն են տեսել մայր օրենքի հետ: Փաստաբան Տարոն Սիմոնյանն ասաց՝ փաստացի այլևս չեն կարող անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ, իսկ իրավական պաշտպանվածությունը քաղաքացու սահմանադրական իրավունքն է. - «Սոցիալական պատասխանատվության շրջանակներում մեր աշխատանքի 20-30 տոկոսը տրամադրում ենք անվճար իրավաբանական օգնություն տրամադրելուն, օրինակ՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, կանանց ամիս ունենք: Այլևս իրավունք չունենք այն իմաստով, որ պետությունն ասում է՝ եթե անգամ անվճար մատուցում ես ծառայություն, ես քեզ հարկելու եմ իմ հարկային դրույքաչափերով»:

Արծվիկ Մինասյանը նկատեց՝ միջազգային պրակտիկայում նաև կա այսպես կոչված՝ «պրոբոնո» համակարգը, այսինքն՝ կամավոր, անհատույց ծառայությունների մատուցման համակարգը:

Հայաստանի կառավարությունը, ըստ ընդդիմության և փաստաբանների, նաև օրենքին հետադարձ ուժ է տվել:

«Իմ կարծիքով՝ այստեղ ոչ միայն ֆինանսական նպատակներ է ունեցել պետությունը, այլ կոնկրետ փաստաբանական համայնքին պատժելու քաղաքականության դրսևորում է սա, որովհետև այն օրենքը, որը բերվել է, ուղղակիորեն հակասում է Սահմանադրության մի քանի հոդվածներին», - հավելեց փաստաբան Սիմոնյանը:

Ե՛վ Մինասյանը, և՛ Սիմոնյանը հիշեցրին, որ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ բազմաթիվ անձանց բերման են ենթարկում, իսկ նրանց մի շարք փաստաբաններ անվճար իրավական աջակցություն են ցուցաբերում, ինչը հիմա դժվար կլինի իրականացնել:

Տարոն Սիմոնյանն ընդգծեց՝ փաստաբանական համայնքում մոտ 15 ընկերություն է, որի շրջանառությունը տարեկան 115 մլն էր, և հարկվում էր ընդհանուր հարկման դաշտում, իսկ մնացածը փոքր ընկերություններ են, այսինքն՝ փոփոխությունը հարվածում է դաշտի 70 տոկոսից ավելիին:

Ինչ վերաբերում է իշխանության պարզաբանումներին, թե անվճար իրավաբանական օգնություն և պաշտպանություն կտրամադրվի Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից, «Ազատություն» զրուցակիցները հիշեցրին՝ այս տարվա բյուջեով կրճատվել է գրասենյակից հատկացվող գումարները, կրճատվելու են նրանց հաստիքները:

Այս օրենքը Սահմանադրական դատարանում փորձել է վիճարկել նաև ՄԻՊ Անահիտ Մանասյանը, սակայն ՍԴ-ն այն վարույթ չէր ընդունել և մերժել էր քննությունը: Ըստ էության, մերժման հիմքում այն էր, թե ՄԻՊ-ն իրավունք չունի վիճարկելու այդ դրույթները:

Փաստաբան Սիմոնյանն այլ կարծիքի է՝ ՄԻՊ ինստիտուտը կարող է վիճարկել օրենքը, եթե խախտվում է մարդու հիմնարար իրավունքը: Մասնագետները նշեցին՝ մարդու հիմնարար իրավունքին առնչվող օրենքը խորհդարան է ներկայացրել ոչ թե Արդարադատության, այլ Ֆինանսների նախարարությունը, իսկ իշխող մեծամասնության գրեթե ողջ կազմով՝ 68 կողմ ձայնով տվել է իր համաձայնությունը:

Կառավարություն-Ազգային ժողով վերջին հարց ու պատասխանի ժամանակ իշխող խմբակցությունից Արման Եղոյանը վարչապետից հետաքրքրվեց շրջանառության հարկի փոփոխությունից: Եղոյանը կողմ է շրջհարկի վերացմանը, սակայն կարծում է, որ ծառայություններ մատուցողների պարագայում այլ մոտեցում պետք է կիրառվի, օրինակ՝ ազատել իրենց ավելացված արժեքի հարկից և մաքուր շահութահարկը վճարել:

«Իմ համոզմունքն այն է, որ շրջանառության հարկը և միկրոբիզնեսի հարկը դեպքերի մի զգալի մասում մարդկանց կանխում է խոշորանալուց, ավելացված արժեքի հարկը մարդկանց դրդում է ակտիվ լինել», - պնդեց վարչապետ Փաշինյանը:

Փաստաբանների պալատը 10 օր առաջ հանրագիր է ներկայացրել կառավարությանը. 1212 փաստաբան պահանջում է իշխանությունից հավանություն տալ փաստաբանական ծառայությունների մատուցումը և անվճար իրավաբանական օգնության տրամադրումն ավելացված արժեքի հարկից ազատելուն՝ նախագիծն ուղարկելով Ազգային ժողով՝ ընդունման: Հանրագրին կառավարությունը կարող է պատասխանել այն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, որոշ դեպքերում ժամկետը կարող է մինչև 6 ամիս երկարաձգվել:

Սահմանադրական դատարանը դեռ չի որոշել՝ ընդդիմադիրների դիմումը վարույթ կընդունի, թե ոչ. այս հարցով աշխատակարգային նիստ դեռ չի կայացել:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG