Մատչելիության հղումներ

«Տեղից էս դժվար կյանքը բարդացնում են». հագուստ վաճառողները՝ կառավարության շենքի առջև


Ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող քաղաքացիներից հետո այժմ էլ հագուստ վաճառողներն են շրջանառության հարկի կրկնակի բարձրացման դեմ բողոքի դուրս եկել: Պնդում են՝ առանց այն էլ ավելի մեծ խանութների՝ մոլերի հետ մրցակցել չեն կարողանում, հաճախորդների թիվը շատ փոքր է, հարկային բեռի շեշտակի մեծացումից հետո, ըստ էության, այլ ելք չի մնում, քան իրենց փոքրիկ բիզնեսները փակելը:

«Տեղից էս դժվար կյանքը ավելի բարդացնում են ժողովրդի համար», - ասաց աշխատակիցների մեկը, մյուսն էլ նկատեց, - «Ես օրերով ապրանք չեմ վաճառում, հիմա էլ որ ամիսը 2-3 հատ վաճառեմ, ավելի թանկ պետք է վճարեմ»:

Հունվարի 1-ից փոքր բիզնեսներին տրվող արտոնությունը՝ շրջհարկը կրկնակի բարձրացել է, մինչ այս իրենց շրջանառության 5 տոկոսի չափով էին վճարում, այժմ պետք է 10 վճարեն: Սա ավելացված արժեքի հարկին փոխարինող հարկատեսակ է, ավելի ցածր տոկոսադրույքներով: Այսինքն՝ Հայաստանի հազարավոր ձեռներեցներ երկու անգամ ավելի շատ հարկ պետք է մուծեն: Կառավարությունը չի թաքցնում ու դեռ անցած տարի հայտարարել է՝ պատրաստվում են քայլ առ քայլ հրաժարվել այս արտոնությունից և բիզնեսներին հարկման ընդհանուր դաշտ բերել:

Կառավարության դիմաց ցույցի դուրս եկած ձեռներեցներն ընդգծում են՝ հասել են վերջնակետին, եթե հետքայլ չլինի, ու չընդառաջեն, աշխատել պարզապես այլևս չեն կարող: Դեռ անցած տարի, երբ ընդունվում էին այս փոփոխությունները, փորձագետները զգուշացնում էին՝ սա կարող է թանկացումների նոր ալիքի բերել, որպեսզի ձեռներեցները հարկային բեռը չեզոքացնեն: Օրինակ՝ 10 հազար դրամանոց տաբատը առնվազն 10 հազար 500 դրամով կամ 20 հազարանոց կոշիկը 21 հազար դրամով կվաճառեն: Բողոքող տնտեսավարողներն ասում են՝ այս քայլին առայժմ չեն դիմել, առանց այն էլ քիչ առևտուր ունեն, եթե թանկացնեն, իրենց տաղավարներն ընդհանրապես ոտք դնող չի լինի:

Փոքրիկ նեղլիկ տաղավարներում առևտուր անող ձեռներեցների կողքին մոլերում գործող խանութների հսկա ցանցերն են, շատ ավելի խոշոր ընկերություններ: Բողոքող քաղաքացիներն էլ են շեշտում՝ դրանց ի հայտ գալուն զուգահեռ տոնավաճառներից ու փոքր խանութներից օգտվողների թիվը նվազել է, մարդիկ իրենց գնումների համար նախատեսում են մոլեր այցելել, վերջին տարիներին էլ փոքր բիզսների առաջ մի նոր ահռելի մրցակից հայտվեց՝ օնլայն առևտուրը, շատերն այժմ նույնիսկ մոլեր չեն գնում և տնից դուրս չգալով հեռախոսով ուզած ապրանքը պատվիրում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG