«Ի՞նչ են հաշվարկ արել, ո՞նց ն հաշվարկ արել, որ էս հարկերն են մեր վրա դրել». - առևտրականները տարեսկզբից փորձում են հասկանալ՝ ի՞նչ տրամաբանությամբ ու ինչո՞ւ Կառավարությունը հունվարից շեշտակի բարձրացրեց շրջանառության հարկը՝ 5 տոկոսից հասցնելով այն 10 տոկոսի.
«Եկել են տեսել են՝ լիքը մարդ կա, մարդիկ հարուստ են, լավ ապրանքներ են առնում, շատ գումար են տալիս, մենք շատ ե՞նք ունենում փող՝ կեսը պիտի տանք իրե՞նց: Կեսն էլ չի է, չգիտեմ, էլի, էդ չեղածը պիտի տանք իրենց: Էդ ի՞նչ հաշվարկ է...»:
«Օրենքը հանում են, բայց չեն նայում՝ էդ օրենքը կարելի՞ է, ո՞նց է կիրառվում, ճի՞շտ է, սխա՞լ է: Ոչ մի բան չի փոխվել, մենակ հարկերն է շատացել ու թղթաբանությունը, ուրիշ ոչ մի բան; Էդ լ հոգնեցնում է մարդկանց...»:
Կառավարության բացատրությունը, թե շրջանառության հարկը բարձրացրել են, որ խոշոր բիզնեսի ստվերը կրճատեն, փոքրերին էլ խոշորանալու դրդեն, տնտեսվարողներին չի բավարարում։
Վարչապետն էր Ազգային ժողովի ամբիոնից էր պնդել՝ շրջանառության հարկի պատճառով փոքր ու միջին բիզնեսը չի մեծանում։
«Իմ համոզմունքն է է, որ շրջանառության հարկը մարդկանց դրդում է չմեծանալ, ասում է՝ «լավ, դե էսօր թող, թող, թող, էդ մյուս շաբաթ կանենք»: Մեր խնդիրն էն է, որ ասենք՝ ժողովուրդ, եկեք չխեղճանանք, եկեք էդ ավելացված արժեքի հարկի ու միկրոբիզնեսի հարկի տակ սենց բան չանենք, ասենք՝ էս է, չե՞ք ուզում՝ չեք ուզում սրանից դուրս գալ», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Երևանյան տարբեր տոնավաճառներում հագուստ վաճառողները, մինչդեռ, համոզված են՝ փոփոխության հետևանքով խոշորի ստվերը կրճատելու փոխարեն՝ փոքր ու միջին բիզնես է փակվելու։ Հայաստանում, ըստ վիճկոմիտեի վերջին տվյալի, 100 հազարից ավելի փոքր ու միջին տնտեսվարող կա։ Գործադիրում հաշվել են՝ նոր փոփոխության արդյունքում պետական բյուջե 18 միլիարդ ավելի գումար կմտնի:
Առևտրով զբաղվող քաղաքացիների մոտ սեփական բիզնեսը փակելու տրամադրություն է։
«Էն 5 տոկոսը չէինք կարողանում վճարենք, էս 10 տոկոսը ո՞նց վճարենք». - Քրիստինե Մադոյանն այլ ելք չի տեսնում. առևտուրը օր-օրի նվազում է, հարկերը՝ բարձրանում։ Ասում է՝ առևտուրը նվազել է գնումների առցանց հարթակների պատճառով։ Եթե նույնիսկ ապրանքի գինը բարձրացնեն ծանրացող հարկային բեռը չեզոքացնելու համար, գնորդ պարզապես չեն ունենա:
Կառավարությանն իրենց բողոքը հասցնելու համար փոքր ու միջին բիզնես ունեցող քաղաքացիներն արդեն երրորդ շաբաթն է հավաքվում են գործադիրի շենքի առջև։ Նրանցից մի քանիսին կառավարությունում այսօր ընդունեցին Պետեկամուտների կոմիտեի նախագահն ու ֆինանսների փոխնախարարը: Ըստ ցուցարարների, սակայն, պաշտոնյաները որևէ հուսադրող բան չեն ասել։
«Էս մեր հարցերը բարձրացրեցինք, ՓՄՁ-ների ասոցիացիայի տղաներից էլ կային՝ իրենք էլ բարձրացրեցին, առաջարկ եղավ,՝ ինչո՞ւ եք բարձրացրել էդքան բարձր տոկոս, առաջարկ եղավ, իրենք լսեցին համ էլ, առաջարկ եղավ, որ վեց ամիս դադարեցնեն, մինչև շուկա-շուկա քննարկեն հարցերը, որ ՓՄՁ-ն ներկայացնի իրենց գրավոր, դա չընդունեցին», - պատմեց հանդիպման մասնակիցներից մեկը:
Ասում են՝ ՊԵԿ նախագահն ու փոխնախարարն իրենց հորդորել են բողոքները գրավոր ներկայացնել։ Նախորդ երկու շաբաթներին ևս նույն պատասխանն էին ստացել գործադիրից: Հույս չունեն, թե այսքանից հետո Կառավարությունը հետքայլ կանի։