Մատչելիության հղումներ

«Չի կարելի այսքան մանր բիզնեսին խեղդել». ակցիա շրջանառության հարկի բարձրացման դեմ


Ռոբերտ Դավթյանը այսօր Գնունու տոնավաճառում օգտագործված էլեկտրական ապրանքների իր վաճառքի կետը թողել, հասել էր կառավարության շենքի մոտ՝ պահանջելու կասեցնել հարկային փոփոխությունը, որ ուժի մեջ է հունվարի մեկից: Շրջանառության հարկը 5 -ի փոխարեն 10 տոկոս դարձնելը՝ իր գործին շատ է հարվածել:

«Ես էլ չեմ կարողանալու տուն հացի փող տանել», - ասում է նա:

Լալա Թևոսյանը, որ տոնավաճառներից մեկում հագուստ է վաճառում, համամիտ է՝ պահանջում է կառավարությունցի կասեցնել ուժի մեջ մտած օրենքն ու ականջալուր լինել իրենց. - «Ոչ մեկը չի հրաժարավում հարկերից, բայց հասկացեք՝ առևտուրն այն վիճակում չէ, որ մեզ կարողանում են այսքան սեղմել: Չի կարելի այսքան մանր բիզնեսին խեղդել»:

Կառավարությունից հակադարձում են՝ շրջանառության հարկը կարող է անգամ նվազել, եթե վաճառողները ներկայացնեն փաստաթղթեր ապրանքի ձեռքբերման մասին:

«Այս դրույքաչափը բարձրացել է, բայց զուգահեռաբար շատ լայն ազատական հնարավորություններ են տրվել շրջանառության հարկ վճարողներին, որպեսզի իրենց ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորեն և կարողանան հարկը համապատասխան չափով նվազեցնեն: Այստեղ կարևոր է, որ ձեռքբերումները պատշաճ փաստաթղթավորող, հարկ վճարողների համար վերջնարդյունքում ոչ միայն հարկային բեռի բարձրացում կարող է չլինել, այլ հակառակը», - ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Առևտրականներն ասում են՝ հեշտ է ասելը, բայց ոչ անելը: Շատերն արդեն իսկ ունեն ձեռք բերված ապրանքներ, որոնց համար փաստաթղթեր չեն վերցրել, շատերի համար փաստաթղթեր ձեռք բերելը հնարավոր չէ:

Շրջանառության հարկը բարձրանում է ոչ միայն առևտրականների, այլ նաև շատ ծառայությունների համար, օրինակ՝ գեղեցկության սրահները, որ տարեկան մինչև 120 միլիոն շրջանառություն ունեն, դարձյալ պիտի վճարեն իրենց շրջանառության 10 տոկոսը: Մինչ այս, սակայն, կային միկրոբիզնեսներ, դրանք տարեկան մինչև 24 միլիոնի շրջանառություն ունեցողներն էին, որ շրջանառության հարկ չէին վճարում, իսկ մյուսները վճարում էին 5 տոկոս: Այժմ հատկապես միկրոձեռնարկատերերի համար հարկային բեռը կտրուկ աճում է:
Շատ գեղեցկության սրահներ արդեն բարձրացրել են իրենց ծառայությունների գները, մյուսները դեռ հաշվարկում են՝ ինչքան պետք է բարձրացնեն, որ գոյատևեն:

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանն ասում է՝ կառավարությունը չի գնահատել կատարվող փոփոխության հնարավոր հետևանքները:

Արման Պողոսյանը այսօր հայտարարեց, որ հարկման նոր կարգը վերանայելու պատճառ չկա: Իսկ շաբաթներ շարունակ կառավարության դուռը թակող տնտեսվարողները պատրաստվում են նոր ցույցի երկուշաբթի օրը:


Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG