Մատչելիության հղումներ

Իսրայելցի պատանդները վերադառնում են. ԱՄՆ նախագահը ժամանել է Թել Ավիվ


Պաղեստինյան «Համաս» շարժումն առավոտյան ազատ է արձակել 7, իսկ մի քանի ժամ անց մնացած 13 իսրայելցիներին, որոնք պատանդառվել էին 2023-ի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը ԱՄՆ նախագահի խաղաղության ծրագրի առաջին փուլի համաձայն՝ նաև Իսրայելին պետք է հանձնի 28 պատանդների դիերը, ինչի դիմաց Իսրայելը պետք է ազատի պաղեստինցի 250 դատապարտյալի և 1700 կալանավորի:

Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Իսրայելի Ռեյմ ռազմաբազայի մոտ, որտեղ բերվում են պատանդները: Հազարավոր մարդիկ էլ հավաքվել են Թել Ավիվի Պատանդների հրապարակում՝ տոնելու պատանդների ազատ արձակումը:

Իսրայելում տոնում են պատանդների վերադարձը
please wait

No media source currently available

0:00 0:00:37 0:00


«Այսօր ուրախ եմ, որովհետև նրանք տուն են վերադառնում։ Որովհետև այս արյունալի, ողբերգական պատերազմը դադարել է։ Որովհետև սա նոր օր է, նոր օր այս տարածաշրջանի, աշխարհի համար։ Այս օրվան այնքան երկար եմ սպասել՝ երկու տարի», - ասել է Իսրայելի քաղաքացիներից մեկը:

«Այնքան երկար ենք պայքարում, մասնակցում ենք հանրահավաքների, անում ենք ամեն ինչ, որ նրանց տուն բերենք։ Նրանք ասես մեր ընտանիքի անդամներ լինեն։ Նրանց չենք ճանաչում, չենք հանդիպել, բայց … նրանք մեր եղբայրներն ու քույրերն են», - հավելել է մեկ այլ քաղաքացի:

Գազայում նույնպես սպասում են բանտարկյալների և դատապարտյալների ազատ արձակմանը: Վաղ առավոտյան մոտ մեկ տասնյակ դիմակավորված և սևազգեստ զինված անձինք, ըստ երևույթին, «Համաս»-ի զինված թևի անդամներ, ժամանել են Գազայի Խան Յունիս քաղաքի Նասեր հիվանդանոց, որի բակում բեմահարթակ է կառուցվել, աթոռներ են դրվել վերադարձող պաղեստինցիներին դիմավորելու համար։

Այս ֆոնին ԱՄՆ նախագահն այսօր ժամանել է Իսրայել և ավելի ուշ ելույթ կունենա խորհրդարանում, որտեղ արդեն գրառում է արել հյուրերի մատյանում:

Ապա ԱՄՆ նախագահը կհանդիպի պատանդների ընտանիքների հետ, ինչից հետո կմեկնի Եգիպտոս, որտեղ կհամանախագահի խաղաղության գագաթնաժողովը, որի նպատակն է վերջ դնել Գազայի պատերազմին և կայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում:

Շարմ էլ-Շեյխում կայանալիք միջոցառմանը, որին կմասնակցի մոտ 20 երկրի առաջնորդ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետը, կստորագրվի նաև փաստաթուղթ, որը կնշանավորի խաղաղության ծրագրի առաջին փուլի իրականացումը:

Մերձավոր Արևելք մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահն ասել է, որ Գազայում պատերազմն ավարտվել է, թեև Իսրայելն ու «Համաս»-ը դեռ պետք է բանակցեն նրա 20 կետանոց համաձայնագրի հաջորդ փուլերի շուրջ:

«Պատերազմն ավարտվել է։ Հասկանո՞ւմ եք։ Կարծում եմ՝ հրադադարը կշարունակվի: Շատ պատճառներ կան, թե ինչու այն կշարունակվի։ Կարծում եմ՝ մարդիկ հոգնել են պատերազմից», - հայտարարել է նա:

Թրամփը շեշտել է իր դերը այս համաձայնությանը հասնելու հարցում, ապա ասել, որ բոլորն են ուրախ դրա համար։ «Բոլորը երջանիկ են՝ թե՛ հրեաները, թե՛ մուսուլմանները, թե՛ արաբական երկրները։ Բոլորը պարում են փողոցներում», - նշել է ԱՄՆ նախագահը, սակայն, խուսափել է հետագա քայլերի մասին հարցերից, մասնավորապես, թե ինչպես է ապահովվելու Գազայի անվտանգությունն ու կառավարումը:

Խոսելով բազմազգ ուժի մասին, որը նրա 20 կետանոց ծրագրով պետք է ապահովի Գազայում անվտանգությունը, բայց դեռ համաձայնեցված չէ կողմերի միջև, Թրամփն ասել է, որ դա կլինի մեծ և ուժեղ զորամիավորում, ապա հավելել, որ «հազիվ թե» անհրաժեշտ լինի այն օգտագործել, քանզի «մարդիկ պետք է լավ պահեն իրենց, բոլորը գիտեն իրենց տեղը»։

«Համաս»-ը, որը Թրամփի ծրագրի հաջորդ փուլում պետք է զինաթափվի, նաև չմասնակցի Գազայի հետագա կառավարմանը, հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Գազայի որոշ հատվածներում ուժեր է տեղակայել՝ անվտանգությունն ապահովելու համար: Թրամփն ասել է, որ «Համաս»-ը դա անում է իրենց թույլտվությամբ:

XS
SM
MD
LG