Իսրայելի կառավարությունը երեկոյան հաստատել է ԱՄՆ միջնորդությամբ Գազայի հատվածում հրադադար հաստատելու ծրագրի առաջին փուլը, որի համաձայն իսրայելական բանակն արդեն սկսել է հետ քաշվել նախապես համաձայնեցված դիրքեր և այնտեղից կվերահսկի Գազայի մոտ 53 տոկոսը:
Դրանից հետո Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը 72 ժամում պետք է ազատ արձակի իսրայելցի 48 պատանդներին, որոնցից 20-ն են ողջ, Իսրայելն էլ պետք է ազատի պաղեստինցի 250 դատապարտյալի և 1700 կալանավորի: Ծրագրով նաև պետք է վերականգնվի մարդասիրական օգնության մատակարարումը գրեթե հողին հավասարեցված Գազայի ավելի քան երկու միլիոն բնակչությանը, որի մեծ մասը տեղահանվել է պատերազմի պատճառով:
Սակայն ծրագրի առաջին փուլը հաստատելուց հետո էլ Իսրայելը գիշերը և առավոտյան շարունակել է հարվածել Գազայի որոշ հատվածների:
Իսրայելի վարչապետը երեկ կառավարության նիստից առաջ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ավագ խորհրդական Ջարեդ Քուշների հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել նրանց և Դոնալդ Թրամփին այս համաձայնությանը հասնելու նպատակով գործադրած ջանքերի համար:
«Նրանք անխոնջ աշխատեցին: Նրանց աշխատանքն ու մեր զինվորների քաջությունը, որոնք մտան Գազա, համատեղեցին ռազմական և դիվանագիտական ճնշումը, ինչը մեկուսացրեց «Համաս»-ին։ Կարծում եմ՝ դա մեզ բերեց այս կետին», - ասել է Բենյամին Նեթանյահուն:
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ իսրայելցի պատանդներն ազատ կարձակվեն երկուշաբթի կամ երեքշաբթի, ապա նշել, որ նախատեսում է կիրակի մեկնել Մերձավոր Արևելք։ Խոսելով Գազայի վերականգնման մասին, ինչը նախատեսվում է նրա 20 կետանոց ծրագրով, Թրամփը վստահեցրել է՝ ոչ ոք ստիպված չի լինի դուրս գալ Գազայից, թեև տարվա սկզբին ասել էր, որ Գազայի բնակիչները պետք է վերաբնակեցվեն, իսկ տարածքը վերածվի զբոսաշրջային և տեխնոլոգիական կենտրոնի։
«Ոչ ոք ստիպված չի լինի հեռանալ, ոչ։ Հակառակը... Սա հիանալի խաղաղության ծրագիր է, որին բոլորն են աջակցել: Ոչ, մենք առհասարակ չենք նախատեսում նման բան», - ասել է Թրամփը:
«Համաս»-ի վտարանդի ղեկավար Խալիլ ալ-Հայյան հայտարարել է, որ շարժումը երաշխիքներ է ստացել ԱՄՆ-ից և մյուս միջնորդներից, որ Գազայի դեմ պատերազմը ընդմիշտ ավարտվել է, իսկ իսրայելական զորքի դուրս գալուց հետո կվերականգնվի օգնության մատակարարումը:
Վերլուծաբանները նշում են, որ Թրամփի ծրագրի իրագործման ընթացքում շատ խնդիրներ կարող են ծագել: Թուրքիան, որը ևս մասնակցել է միջնորդական ջանքերին, հայտարարել է, որ Թուրքիայից, Եգիպտոսից, ԱՄՆ-ից և Կատարից բաղկացած աշխատանքային խումբը կփորձի լուծել ծագած խնդիրները: Թեև, ըստ արտգործնախարար Հաքան Ֆիդանի, խումբն այս պահին դեռ կոնկրետ առաջադրանք չունի:
«Համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես, անկասկած, խնդիրներ կառաջանան։ Եվ այս թիմը կմիջամտի, երբ ժամանակը գա այդ խնդիրների գործնական լուծումներ գտնելու համար», - նշել է Ֆիդանը:
ԱՄՆ-ն իր հերթին 200 զինվոր է ուղարկում Մերձավոր Արևելք, որոնք Եգիպտոսի, Կատարի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների զինվորների հետ կվերահսկեն խաղաղության ծրագրի իրականացումը, սակայն ամերիկացի զինվորականները չեն մտնի Գազա:
Այս փուլում նախատեսվում է վերջ դնել Գազայում մարդասիրական ճգնաժամին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է, որ ծրագրում են հրադադարի առաջին 60 օրում ավելացնել օգնության մատակարարումը։ Թոմ Ֆլետչերը նշել է՝ ամեն օր կավելացնեն օգնություն տանող բեռնատարների քանակը՝ այն հասցնելով հարյուրների. «Մենք կավելացնենք սննդի մատակարարումը, որպեսզի այն հասնի Գազայի 2.1 միլիոն բնակիչներին, որոնք պարենի կարիք ունեն, և մոտ 500 հազար մարդու, որոնք թերսնման խնդրի են բախվել։ Սովը պետք է վերանա այն հատվածներում, որտեղ տարածվել է և կանխվի մյուս վայրերում»։
2023-ի հոկտեմբերին բռնկված պատերազմի հետևանքով ավելի քան 67 հազար պաղեստինցի է սպանվել, վիրավորվել՝ ավելի քան 169 հազարը: Իսրայելական կողմն ունեցել է մոտ 1200 զոհ: