ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Իսրայել՝ Գազայում Իսրայելի և «Համաս»-ի միջև կնքված հրադադարի համաձայնությամբ պատանդների ազատման գործընթացին մասնակցելու համար։ Օդանավակայանում նրան դիմավորել են վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նախագահ Իցհակ Հերցոգն:
Օդանավում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե «պատերազմն ավարտված է», և շուտով Գազայի համար կստեղծվի «Խաղաղության խորհուրդ», որը, նրա բնորոշմամբ, պետք է վերականգնի տարածքը, որը «հիմա ավելի շատ պայթեցված քաղաքի է նման»։
ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումն արդեն սկսել է պատանդների փոխանցումը Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է 7 պատանդների ազատ արձակման մասին։
Այսօրվա ընթացքում Թրամփը նախատեսում է մեկնել նաև Եգիպտոս՝ մասնակցելու Շարմ Էլ Շեյխում անցկացվող Խաղաղության գագաթնաժողովին, որի նպատակն է վերջ տալ Գազայի պատերազմին։