Գազայի հատվածում կենդանի մնացած բոլոր իսրայելցի պատանդներն ազատ են արձակվել, այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Գերության մեջ գտնվող իսրայելցիների ազատ արձակման երկրորդ փուլի համաձայն՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Իսրայելին է փոխանցել ևս 13 գերիների, մինչ այդ էլ հաղորդվել էր 7 անձի ազատ արձակման մասին։
Առաջիկայում ակնկալվում է, որ պաղեստինյան խմբավորումը Իսրայելին կվերադարձնի 28 մահացած գերիների մարմինները, ինչի դիմաց Իսրայելը ազատ կարձակի շուրջ 2000 պաղեստինցիների։
Ըստ Միացյալ Նահանգների միջնորդությամբ Գազայի հատվածում հրադադար հաստատելու ծրագրի առաջին փուլի, որի շուրջ Իսրայելը և «Համաս»-ը համաձայնության եկան անցած շաբաթվա վերջին, իսրայելական բանակը հետ է քաշվում նախապես համաձայնեցված դիրքեր և այնտեղից վերահսկելու է պաղեստինյան անկլավի մոտ 53 տոկոսը: Իսրայելը պարտավորվել է նաև վերականգնել մարդասիրական օգնության մատակարարումը գրեթե հողին հավասարեցված Գազայի ավելի քան 2 միլիոն բնակչությանը, որի մեծ մասը տեղահանվել է պատերազմի պատճառով: