Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս ամերիկյան վարչակազմի քայլերը կազդեն Հայաստանի վրա


Գազի վերամշակման գործարան Իրանում
Գազի վերամշակման գործարան Իրանում

ԱՄՆ նախագահը և՛ իրանական նավթի արտահանման դադարեցմանն ուղղված քայլեր է ձեռնարկում, և՛ խոսում միջուկային զենքից հրաժարման դեպքում մեծ գործարքի հնարավորությունից։

Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսում նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ շատ պարզ է՝ նրանք (Իրանը-խմբ.), չեն կարող ունենալ միջուկային զենք:

«Մենք թույլ չենք տա նրանց ունենալ միջուկային զենք։ Ես սահմանափակումներ չեմ դնում։ Եվ եթե ես համարեմ, որ նրանք միջուկային զենք ունենան, դա մեծ դժբախտություն կլինի նրանց համար»,- ասել է նա։

Ըստ Թրամփի՝ իր առաջին ժամկետի ավարտին Իրանը թուլացած էր, իրենից հետո շատ արագ ուժեղացան: ԱՄՆ նախագահի խոսքով՝ ոչ ոք իսլամական հանրապետությունից նավթ չէր գնում, որովհետև ինքն էր այդպես ասել՝ գնելու դեպքում Միացյալ Նահանգների հետ որևէ բիզնես չեք կարող անել. «Այսօր ես նաև քայլեր ձեռնարկեցի Իրանի ռեժիմի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը վերականգնելու համար: Եվ մենք ևս մեկ անգամ կկիրառենք հնարավոր ամենաագրեսիվ պատժամիջոցները, զրոյի կհասցնենք Իրանի նավթի արտահանումը և կնվազեցնենք ահաբեկչությունը ֆինանսավորելու ռեժիմի կարողությունը ողջ տարածաշրջանում և աշխարհում»:

Թրամփը նկատի ուներ իր ստորագրած Ազգային անվտանգության նախագահական հուշագիրը, որով ինչպես Սպիտակ տունն է ձևակերպել, ԱՄՆ-ը վերականգնում է առավելագույն ճնշումը Իրանի կառավարության վրա, փակում միջուկային զենք ստանալու Թեհրանի բոլոր ուղիները։

Փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ձեռքբերումը, չեզոքացնել Իրանի «ահաբեկչական ցանցը», հակազդել Իրանի կողմից հրթիռների և այլ սպառազինությունների մշակմանը:

Փաստաթղթով ԱՄՆ ֆինանսների նախարարին հանձնարարվել է առավելագույն տնտեսական ճնշում գործադրել Իրանի կառավարության վրա՝ այդ թվում պատժամիջոցներ կիրառելով դրանք շրջանցողների նկատմամբ։

Հուշագրում նաև պետքարտուղարին հանձնարարական կա՝ համագործակցել ֆինանսների նախարարի հետ՝ իրանական նավթի արտահանումը զրոյացնելու արշավի շրջանակներում: Ինչպես փաստաթղթում է նշված, նոր վարչակազմը նախկինի նման հանդուրժող չի լինի:

Հայաստանն, ըստ պաշտոնական տվյալների, Իրանից նավթամթերք է գնում՝ բենզին, նավթ, դիզվառելիք ու յուղ: ՊԵԿ-ի հրապարակած պաշտոնական տվյալներով՝ 2023-ի առաջին կիսամյակում մոտ 23 հազար տոննա, անցած տարվա նույն ժամանակահատվածում, սակայն, ներմուծումների ծավալը երեք անգամ նվազել է՝ կազմելով 8 հազար տոննայից մի փոքր ավելի:

Նախօրեին ԱՄՆ նախագահի ստորագրած հուշագրի պայմաններում Հայաստանն ի՞նչ է պատրաստվում անել, հրաժարվելո՞ւ է նավթամթերքի ներմուծումից։ ՊԵԿ նախագահը հարցի պատասխանը ստանալու համար հորդորեց դիմել Էկոնոմիկայի նախարարություն։ Այստեղից ձեռնպահ մնացին մեկնաբանել՝ խնդրելով դիմել ԱԳՆ։ Պաշտոնական պատասխան այսպիսով չստացանք:

Ամերիկյան վարչակազմի քայլերը ինչպես կազդե՞ն Հայաստանի վրա. իրանագետ, Ամերիկյան համալսարանի դասախոս Ալեն Շադունցը կարծում է՝ հարցի պատասխանը ստանալու համար պետք է նախ տեսնել՝ արդյոք Վաշինգտոնի մեմորանդումի հետևում կա՞ կոնկրետ քաղաքականություն:

«Օրինակ՝ հենց փաստաթղթի բնույթը հուշագիր է, ոչ թե հրաման, արդեն ցույց է տալիս, որ դա ավելի շատ ներկայացնում է Միացյալ Նահանգների միտումը, որպեսզի երկիրը ուժի դիրքից խոսի Իրանի հետ: Այդտեղ հստակ նոր քաղաքական, տնտեսական, ռազմական ճնշումներ նշված չեն», - նկատեց նա:

Բայց իրանագետը զգուշավոր լավատեսության ազդակներ էլ է տեսնում. «Այս հուշագրով ու այս հուշագրին համընթաց գնացող դիսկուրսը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները տեղ թողնում է, որպեսզի Իրանի հետ սկսեն բանակցությունները»:

Մինչ Իրանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունները ավելի պարզորոշ կուրվագծվեն, Հայաստանը, ըստ փորձագետի, պետք է հնարավորինս խուսափի դիրքորոշում արտահայտելուց:

«Եթե սանկցիաների միջոցով մաքսիմում ճնշման քաղաքականությունը շարունակվի, Հայաստանը պետք է փորձի ինչ-որ ոլորտներում սանկցիաներից ազատման մեխանիզմներ հայթհայթել ԱՄՆ-ի և Իրանի հետ իր հարաբերություններում, բայց բուն բանակցային գործընթացի մասին դիրքորոշում արտահայտելը միայն կարող է սահմանափակվել նրանով, որ Հայաստանը կողմ է, որ երկու երկրների միջև լարվածությունը թուլանա», - շեշտեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG