Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցել իր միջուկային ծրագրի և դրա հետ կապված պատժամիջոցների վերաբերյալ: Սակայն, նրա խոսքով, բանակցությունները չեն կարող կայանալ նախագահ Դոնալդ Թրամփի «առավելագույն ճնշման» ռազմավարության շրջանակներում:
«Պատժամիջոցների չեղարկումը պահանջում է բանակցություններ, բայց ոչ «առավելագույն ճնշման» քաղաքականության շրջանակներում, քանի որ դրանք կլինեն ոչ թե բանակցություններ, այլ կապիտուլյացիայի ձև», - գրել է Արաղչին X-ում:
«Իրանը չի ցանկանում բանակցել մի երկրի հետ, որը միաժամանակ նոր պատժամիջոցներ է սահմանում», - շեշտել է նա:
Փետրվարի 4-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի վրա «առավելագույն տնտեսական ճնշման» իր քաղաքականության վերսկսման մասին:
«Այսօր ես նաև քայլեր ձեռնարկեցի Իրանի ռեժիմի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը վերականգնելու համար: Եվ մենք ևս մեկ անգամ կկիրառենք հնարավոր ամենաագրեսիվ պատժամիջոցները, զրոյի կհասցնենք Իրանի նավթի արտահանումը և կնվազեցնենք ահաբեկչությունը ֆինանսավորելու ռեժիմի կարողությունը ողջ տարածաշրջանում և աշխարհում», - հայտարարել էր Դոնալդ Թրամփը:
Հրամանագիրը ստորագրելիս Թրամփն այն շատ կոշտ է անվանել, բայց նաև ասել, որ բաց է Իրանի հետ բանակցությունների: